Ցինի՞զմ, թե՞ շոու. մեկնաբանում են «Շանթ»-ից

Ցինի՞զմ, թե՞ շոու. մեկնաբանում են «Շանթ»-ից

«X ֆակտոր» նախագծի հայաստանյան հաղթարշավը մեկնարկեց 2010-2011 թվականներին: Ամբողջ աշխարհում հայտնի բրիտանական ձևաչափը մուտք գործեց հայաստանյան հեռուստաեթեր՝ փոխարինելով «Հայ սուպերսթար» նախագծին, որը, ի դեպ, ևս միջազգային «Փոփ-Այդլ» նախագծի մի տարբերակ էր: Իր կարգախոսին հավատարիմ, այն է՝ գտնել երգող տաղանդների, հայտնի նախագիծը Հայաստանում ևս մեծ համարում ունեցավ և շարունակում է ունենալ: Դրա պտուղները հայկական շոու բիզնեսը ձևավորող իքսֆակտորյան երգիչներն են:



Նախագծի դրական ֆոնին «X ֆակտորի» պրոդյուսերական կազմը, ժյուրին տարատեսակ ասեկոսեների, քննարկումների ու քննադատությունների առիթ տվեցին ինչպես նախորդ 3, այնպես էլ 4-րդ եթերաշրջանի ընթացքում: Շարժառիթները մի քանիսն են: Նախ՝ բրիտանական ձևաչափը ենթադրում է մրցութային հետևյալ կառուցվածքը. լսումների փուլին, այսինքն՝ մասնակիցների բեմ բարձրանալուց առաջ, նախորդում է նախընտրական փուլ, որտեղ մասնագիտական խումբը գտնում է, թե որ մասնակիցն է համապատասխանում նախագծի պահանջներին, որը՝ ոչ: Այս ձևաչափը առկա է երաժշտական գրեթե բոլոր մրցույթ- նախագծերում:



Սակայն վերջին եթերները և քննարկումները ստիպում են մտածել՝ այդ դեպքում ինչո՞ւ են բեմ բարձրանում մասնակիցներ, ովքեր երգի հետ աղերսներ գրեթե չեն ունենում: Հարցիս պատասխանը «չուշացավ»: 2 շաբաթյա մեր փորձերը նախագծի պրոդյուսեր Աննա Թադևոսյանի հետ կապ հաստատելու իզուր անցան, փոխարենը մեզ և հանրությանը հուզող հարցերին փորձեց ոչ պաշտոնական պատասխան տալ «Շանթ» հեռուստաընկերության PR մենեջեր Ծովինար Կարապետյանը: Վերջինս, անդրադառնալով այն հարցին, թե ում է հնարավորություն տրվում բեմ բարձրանալու, և կա՞ արդյոք նախընտրական փուլ, որի ժամանակ մասնակիցները «զտվում» են, պատասխանեց. «Լսումները հենց նախընտրական փուլն է: Դրանից առաջ գրանցվում են պարզապես, ներկայացնում են իրենց մինուսները երգերի: Հետո արդեն լսումների փուլն է, իրենց արդեն տարբեր օրերի զանգահարում, կանչում են»: Մեր այն հարցին, թե ով ցանկանում է, կարո՞ղ է բեմ բարձրանալ, Ծովինար Կարապետյանը նշեց. «Բոլոր դիմողները կարող են բարձրանալ, սահմանափակումներ չկան, մարդիկ իրենց ուժերը գալիս են փորձելու»:



Խոսելով հանրության այն մեկնաբանությունների, կածիքների մասին, որոնցում ակտիվորեն շրջանառվում են որոշ մասնակիցներին «ծաղրուծանակի» ենթարկելու հանգամանքները, և այն հարցը, թե ինչո՞ւ են բեմ բարձրանալ թողնում երգելու հետ կապ չունեցող անձանց, «Շանթ»-ի PR մենեջերը նկատեց. «Ծաղրուծանակի չեն ենթարկվում նախ, եթե էսօրվա մասին է խոսքը, դա ծաղրուծանակի ենթարկել չէ, չափազանցված է պարզապես, կոնկրետ ուղղորդված ինֆորմացիա է, և դուք շատ լավ հասկանում եք, որ էդպես է: Նենգափոխում են բոլորի տված մեկնաբանությունները: Ու եթե ինքներդ էլ նայեք, ոչ մի ծաղրուծանակ էնտեղ չկա, մարդիկ նորմալ խոսում են, հաղորդման ֆորմատը թույլ է տալիս նաև հումոր անել: Որոշ մարդիկ էնտեղ ծաղրուծանակ են տեսնում, որոշները՝ ոչ, ինդիվիդուալ ընկալման խնդիր է»:



-Այսինքն՝ դա շոուի՞ մաս է կազմում:



-Նախորդ եթերներին եթե հետևել եք և ընդհանրապես նմանատիպ հաղորդումներում գիտեք, որ, այո, հումորը էդպիսի հաղորդումներում մի մաս է զբաղեցնում:



-Հասարակությունը քննադատում է և քննարկում է ժյուրիի անդամների պահելաձևը՝ նշելով, որ դա «ձեռառնոցի» է: Սրանից խուսափելու համար արդյոք կարիք չկա՞ կիրառել բրիտանական նախընտրական փուլը՝ նախքան բեմ բարձրանալը ընտրել մասնակիցներին:



-Եվ առաջարկում եք մարդկանց առջև սահմանափակումնե՞ր դնել, ասել՝ չէ, կներեք, ձեր հագուստը, օրինակ, մեզ դուր չի գալիս:



-Նկատի ունեմ երգեցողությունը:



-Նաև երգեցողության հետ կապված: Այսինքն՝ եթե մարդը որոշել է, որ ինքը որոշակի բան կարող է անել և ուզում է ուժերը փորձել, մարդուն պետք է հնարավորություն տալ: Կարիք չկա մարդուն սահմանափակելու, ասելու՝ չէ, դու չես կարող:



Հանրության մեկնաբանությունների մասով էլ Ծովինար Կարապետյանը չցանկացավ որևէ կոնկրետ մեկնաբանություն տալ, միայն նշեց, որ մարդիկ ընկալում են էնպես, ինչպես ուզում են ընկալել: «Մարդիկ շարունակում են իրենց գործն անել բարեխղճորեն, ինչպես որ արել են մինչև հիմա: Հանրային քննարկում է, որի դեմ ոչինչ չունենք: Բոլորն ազատ են, կարող են իրենց կարծիքն արտահայտել՝ և դրական, և բացասական»:



Հ.Գ.1. «X ֆակտոր 4»-ի մասնակիցներից վստահեցնում են՝ լսումների փուլից առաջ, ըստ երգելու կարողության, որոշում են, թե ով է իրավունք ստանում ելույթ ունենալու նաընտրական փուլում:



Հ.Գ.2. Այս օրինակը առկա է նաև բրիտանական նախագծում, երբ շոու ապահովելու համար բեմ են բարձրանում անհատներ, ովքեր չեն փայլում երգելու իրենց ունակությամբ: Բայց ուշադիր հեռուստադիտողը անկասկած կզգա տարբերությունը: Այնտեղ, ի տարբերություն հայաստանյան տարբերակի, ժյուրիի անդամները մի քանի վայրկյան հետո իսկ դադարեցնում են այդ ելույթները:



Վով Մուշեղյան