Արդարադատության նախարարը հետեւո՞ւմ է իր հայտարարությանը

Արդարադատության նախարարը հետեւո՞ւմ է իր հայտարարությանը

Տաքսիստ Կառլեն Կուրղինյանը 2014թ. հուլիսին գնել է ավտոմեքենա եւ իմացել է, որ համաձայն կարգի՝ կայանելու համար պետք է վճարի 12 հազար դրամ եւ կանգնի իր ցանկացած վայրում։ Այդ իսկ պատճառով էլ նա «Անելիք» բանկի Դավթաշենի մասնաճյուղում կատարել է վճարումներ եւ այնտեղի աշխատակցին հարցրել է՝ վճարումը օրացուցայի՞ն է, թե՞ ավարտվում է դեկտեմբերին։ Վճարելուց հետո տաքսիստը մտածել է, որ մինչեւ գալիք տարվա սեպտեմբեր որեւէ խնդիր չի ունենա։ Սակայն 2015թ. փետրվար-մարտ ամիսներին ստացել է չորս ակտ, որ «կարմիր գծերում» կանգնել է՝ առանց վճարելու։ Հետո, իր պատմելով, նշանակել են նիստի օրերը, ինքը գնացել եւ մասնակցել է այդ նիստերին, ցույց է տվել վճարման անդորրագրերը, սակայն տաքսիստին ասել են, որ վճարումը օրացուցային չէ, ավարտվում է դեկտեմբերի 31-ին։



«Ես ասացի, որ եթե չորս ամսվա համար վճարել եմ 12 հազար դրամ, եւ Դուք դա տեսնում եք, ուրեմն դա թյուրիմացություն է, մարդը տեղեկացված չէ։ Ուրեմն կարելի էր այդ մասին հաղորդագրություն ուղարկել, որպեսզի իմանայի, թե երբ է ավարտվում, եւ գումարը պետք է ավելացնել։ Ստացվում է, որ ինձ նպատակային տեղյակ չեն պահում, արձանագրություն են կազմում անիմաստ։ Ինձ ասացին, որ հաղորդագրություն չեն ուղարկում, հետո ասացին, որ դիմում գրեմ Երեւանի քաղաքապետի անունով, հետ ստանամ 4000 դրամը, կավելացնեմ գումարը, 2015թ. կկատարեմ իմ վճարումը եւ խնդիր չեմ ունենա»,- պատմում է խմբագրություն այցելած տաքսիստը։



Նա էլ քաղաքապետի անունով դիմում է գրում, գումարը 15-20 օր հետո վերադարձնում են, ավելացնում 8000 դրամ, մուծումները կատարում։ Անցնում է ութ ամիս, եւ Կառլեն Կուրղինյանը մտածում է, որ ինքը որեւէ խնդիր չունի։ Սակայն, երբ նա գնում է բանկից թոշակ ստանալու, տեսնում է, որ արգելանք է դրված, փորձում է իմանալ պատճառն, ասում են, որ ինքը ԴԱՀԿ-ի հետ ունի խնդիրներ։ ԴԱՀԿ-ից էլ պատճառաբանում են, որ «կարմիր գծեր»-ի հետ կապված կան խնդիրներ, այդ պատճառով է արգելանք դրված։ Կրկին նա դիմում է գրում Երեւանի քաղաքապետի անունով։ Այնուհետեւ, տաքսիստի ասելով, ինքը տեւական ժամանակ պայքարում է, որպեսզի մուտք գործի քաղաքապետարանի իրավաբանական բաժին, ստացվում է, այնտեղ նորից են պահանջում, որ քաղաքապետի անունով դիմում գրի։



Կրկին նա դիմում է գրում, սակայն նույն պատասխանն են տալիս, որ տարին ավարտվում է դեկտեմբերի 31-ին։ «Ում դիմում եմ, ինչ անում եմ՝ ապարդյուն։ Ուզում են, որ ԴԱՀԿ-ի 30 տոկոսն էլ հավելյալ, տանեմ, վճարեմ։ Իրավաբանն ասում է, որ գնամ, դիմեմ բանկի աշխատակցին, նա գա, գումարները տա, վճարումը կատարենք, սակայն ո՛չ բանկի աշխատողը կա, ո՛չ էլ կառավարիչը։ Նման կարգ ու կանոն չհաստատելու համար անձնակազմին փոխեցին կառավարչի հետ միասին»,- ասաց Կառլեն Կուրղինյանը։



Տաքսիստը հիշում է, թե ինչպես է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը 2015թ. ելույթ ունեցել եւ հայտարարել, որ մինչեւ հուլիսի 15-ը կատարենք վճարումները, իրենք ամեն ինչ քննարկել են ՃՈ պետի, վարչապետի հետ ստեղծել են հանձնաժողով, որ չարժե 5000 դրամ տուգանքներ վճարել ամեն մի մանրուքի համար, կլինեն զգուշացումներ։  «Ես 2015թ. եւ՛ ԴԱՀԿ-ում գտնվող ակտերը, եւ՛ մյուս ակտերը մարեցի, բանկից վարկ վերցրեցի, տոկոսի տակ ընկա։ Սակայն 2016թ. նոր ակտեր են ավելանում, եւ դուրս է գալիս, որ երկրի նախագահը տեղյակ չէ խախտումներից, կա՛մ էլ նա համամիտ է դրանց»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա զայրացած է, որ չկան մեղմացուցիչ հանգամանքներ։



Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի հայտարարությանը, ապա Կառլեն Կուրղինյանը հարցնում է՝ նա հետեւե՞լ է արդյոք՝ որեւէ վարորդ ստացե՞լ է նախազգուշացում, թե՞ ոչ, մինչդեռ անխտիր տուգանքներ են գանձում։
Տաքսիստը պատմում է, որ իրեն անիմաստ ակտեր են բերել, ինքը դրանք ուղարկել է Վարչական դատարան։



Նա նկատում է, որ Երեւանում կայանելու տեղ չկա, խցանված վիճակ է տիրում, մարդն ուզում է դեղատուն մտնել, ստիպված է կանգնել, սակայն դրա համար ակտ են գրում։
Թոշակառու Կառլեն Կուրղինյանը հույս ունի, որ այս հրապարակումն անպայման կկարդան արդարադատության նախարարը եւ վարչապետը, որի հետ ինքը որոշակի հույսեր է կապում։



Թագուհի Հակոբյան