Որոշումը պետք է լինի քաղաքական

Որոշումը պետք է լինի քաղաքական

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանը ամիսներ շարունակ կալանքի տակ է, նրա փաստաբանի միջնորդությունները՝ տեսակցությունների արգելանքը վերացնելու, կալանքը գրավով փոխելու, դատախազության անգործության դեմ բողոքը դատարանը իրար ետևից մերժում է:



Փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին 15-20 օրվա ընթացքում Եղնուկյանի գործով ոչ մի դրական փոփոխություն չկա. «Եղնուկյանը ասում է, որ քանի դեռ քաղաքական որոշում չկա, ինքը շարունակելու է այդպես մնալ, իրեն համարում է քաղբանտարկյալ, հետևաբար՝ որոշումը պետք է քաղաքական լինի, որովհետև ինքը ասում է, որ իրեն պատժում են իր ընդդիմադիր հայացքների համար»:



Եվրոպական դատարան դիմելու մտադրություն ունեն, սակայն այստեղի բոլոր ատյանները սպառելուց հետո միայն. «Ինքը ինձ շտապեցնում է, որ հիմա գնանք եվրոպական դատարան, ուղղակի այստեղ կարող է այն լինել, որ մենք չենք սպառել բոլոր ատյանները, խնդիր կարող է ունենանք եվրոպական դատարանում, բայց շուտով եվրոպական դատարան դիմումը կներկայացնենք»:



Հայրապետյանի խոսքով՝ որևէ նյութ չկա, որով կարող են Եղնուկյանին մեղադրել, առաջադրված մեղադրանքներն էլ անհեթեթ են, և եվրոպական դատարանը շուտ թե ուշ դրանում կհամոզվի. «Մենք ուղղակի կարող ենք բարձրացնել իր տեսակցությունների սահմանափակման հարցը, կալանքի հարցը և իր քաղբանտարկյալ լինելու հարցը»:



Եղնուկյանի մասին խոսելիս Հայրապետյանը նշեց, որ առողջական վիճակը նորմալ է, դեղորայքը ընդունում է, բուժում ստանում է. «Բժիշկը պարբերաբար այցելում է իրեն, նորից դեղեր է ստանում, մասաժներ է արվում: Ինքը ընկճված չէ, այլ ընդհակառակը՝ լի է պայքարով, ծանոթանում է գործի նյութերին, ինքը շատ ուշադիր, մանրակրկիտ ուսումնասիրում է, մոտավորապես 40 հազար թերթ,  աշխատանքային մթնոլորտում կարդում է: Ամբողջ ծավալով ծանոթանում է գործի նյութերին: Շատ հետաքրքիր բաներ է գտել, որը դատական քննության ընթացքում կբացահայտնվի»:



Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք էր առաջադրվել 218, 219 հոդվածների երրորդ մասով, այն է՝ պատանդներ եւ շենք, շինություններ պահելուն աջակցելը: Վերջինիս ձերբակալեցին, ապա կալանավորեցին, «Սասնա ծռեր» խմբավորման ՊՊԾ գունդը գրավելուց մի քանի օր անց:



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ