Խմբակցության ղեկավարը կարող է քվեարկել պատգամավորի փոխարեն՝ փակ ծրարով ստանալով նրա դիրքորոշումը

Խմբակցության ղեկավարը կարող է քվեարկել պատգամավորի փոխարեն՝ փակ ծրարով ստանալով նրա դիրքորոշումը

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում են «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն իր ելույթում ասաց, որ երկրորդ ընթերցման փուլում պատգամավորների կողմից եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնց հիման վրա օրենքի նախագծում լրամշակումներ են տեղի ունեցել: «Ես կարող եմ ասել, որ մենք այս ընթացքում բավականին ակտիվ քննարկումներ ենք ունեցել այն պատգամավորների հետ, ովքեր ներկայացրել են իրենց առաջարկները: Լրամշակվել է նախագիծը, և կան մի քանի փոփոխություններ»,- նշեց Սահակյանը: 



Այնուհետև նա ներկայացրեց այն հիմնական փոփոխությունները, որոնք կատարվել են պատգամավորների առաջարկների հիման վրա: «Մենք պատգամավորների ելույթների համար սահմանել էինք 5 րոպե, խմբակցությունների համար՝ 7 րոպե, սակայն մեր գրեթե բոլոր գործընկերները մտահոգություն են հայտնել սդրա հետ կապված, և հիմա մենք բոլոր ելույթների համար սահմանել ենք մինչև 10 րոպե: Խմբակցություններին տվել ենք երկու լրացուցիչ լիազորություններ: Նրանք խորհրդարանական լսումներ հրավիրելու, ինչպես նաև արտահերթ նախագծեր քննարկելու իրավասություն կունենան»,- ասաց Հովհաննես Սահակյանը:



Նա հավելեց, որ մտցրել են նոր նորմ, որի համաձայն՝ խորհրդարանական լսումներից հետո պետք է կազմվի արձանագրություն, թե ինչպես են ընթացել լսումները, և ինչ եզրակացության են հանգել քննարկման մասնակիցները: «Գործուղումների հետ կապված հաշվետվությունների ներկայացումը որպես պարտադիր նորմ մենք ամրագրել ենք օրենքի նախագծում: Մենք պետք է կարողանանք վերահսկել այդ գործուղումները, ուստի նման նորմ ենք ամրագրել»,- ընդգծեց հիմնական զեկուցողը:



Երկրորդ ընթերցման ռեժիմում փոփոխություն է կատարվել նաև վիճահարույց դրույթում, ըստ որի՝ պաշտոնական գործուղման մեջ գտնվող պատգամավորի փոխարեն նրա լիազորությամբ կարող է քվեարկել խմբակցության ղեկավարը: Հովհաննես Սահակյանի խոսքով՝քննարկումների արդյունքում հանգել են մի լուծման, որը կփարատի բոլոր մտահոգությունները: «Մենք մնում ենք այն դիրքորոշմանը, որ եթե պատգամավորը մշտական հանձնաժողովներում մասնակցել է հարցի քննարկմանը, նաև պետք է իր դիրքորոշումը հայտնելու իրավունք ունենա: Արդեն ասել ենք, որ նման օրինակ եվրոպական տարբեր երկրներում կա: Մենք գտնում ենք, որ սա ոչ թե կողմ կամ դեմ ձայներ ապահովելու քայլ է, այլ դրանով պատգամավորը իր վերաբերմունքն է հայտնում այս կամ այն նախագծի վերաբերյալ: Դրա համար մենք սահմանել ենք, որ նա փակ ծրարով իր դիրքորոշումը հանձնում է քարտուղարությանը, և հարցի քվեարկության ժամանակ այդ ծրարը բացվում է, և նրա ձայնը գումարվում է ընդհանուր ձայներին»,- մանրամասնեց Հովհաննես Սահակյանը:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ