Կոչ եմ անում մարդկանց՝ չխաղան այն խաղը, որ մեզ պարտադրում են ղումարբազները

Կոչ եմ անում մարդկանց՝ չխաղան այն խաղը, որ մեզ պարտադրում են ղումարբազները

Հարցազրույց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ․



- Քարոզարշավն արդեն մեկնարկել է, քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, հետեւո՞ւմ եք նախընտրական պրոցեսներին եւ ի՞նչ կարծիք ունեք այն ամենի մասին, ինչ հիմա կատարվում է։



- Գրեթե չեմ հետեւում եւ վերաբերվում եմ որպես ծաղրանկար ժողովրդավարության եւ պետականության վրա, նաեւ կատակերգություն, որը նշանակված է ողբերգական տարելիցի օրը, եւ դրա մեջ էլ եմ տեսնում որոշակի տրամաբանություն։ Կարծում եմ՝ այն փոփոխությունը, որի համար անցկացվել էր կեղծված հանրաքվեն, եւ այս բուն փոփոխությունը դեպի խորհրդարանական երկիր, անգամ այս օրվա ընտրությունը՝ դա գալիս է Կրեմլից՝ ԿԳԲ-ից, եւ դրա նպատակն է անշրջելի դարձնել Հայաստանի գաղութացումը, ստրկացումը եւ ապապետականացումը։



- Այս ընտրություններն ինչքանո՞վ են կարեւոր մեր կյանքում, բացի նրանից, որ ընտրական մոդել է փոխվել։



- Ես տարիներ, եթե ոչ տասնամյակներ շարունակ, գրեթե ողբալով տեսնում եմ, որ մեր երկրում կատարված, կատարվող եւ կատարվելիք իրադարձությունները, նախեւառաջ՝ քաղաքական, մեր հասարակությունը դիտում է աշխարհի օրակարգից, համաշխարհային գործընթացներից միանգամայն անջատված, եւ դա գավառականություն է, որը մեզ բերում է անընդհատ նորանոր ողբերգություններ, քանի որ, չգիտակցելով, չկարողանալով վերլուծել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում, մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ։



Եվ դրա ամենասարսափելի ու ողբերգական օրինակն էր ցեղասպանությունը, որը մեր վերնախավը չգիտակցեց, ներքաղաքական դասը չհասկացավ, որն առայսօր հանրության գիտակցության մեջ բացատրված չէ, եւ մենք դա շարունակում ենք դիտել որպես տիեզերական ողբերգություն, որը մեր գլխին երկնքից է եկել՝ չհասկանալով դրա պատճառահետեւանքային կապերը։ Դա շարունակվող ողբերգություն է, որովհետեւ, չհասկանալով մեկը, մենք անպատրաստ ենք մյուսին։ Հիմա ամբողջ աշխարհում, հատկապես մեր տարածաշրջանում, կատարվում են հսկայական գործընթացներ, որոնք սկսվել են վաղուց, գրեթե 10 տարի առաջ, եւ դրա արդյունքում վերանայվում են Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները՝ քաղաքական եւ աշխարհագրական։ Մեր աչքի առաջ պետություններն են քանդվում եւ վերաձեւվում, դրան մասնակցելով՝ մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում։



Սա ասում եմ նրա համար, որ փոխանակ մենք դրան պատրաստվենք, հասկանանք դա, մեր քաղաքական կուսակցություններում եւ վերնախավերում քննարկում գնա, ծնվի մի որոշում, դիրքորոշում մեր՝ որպես ազգի բուն գոյությանը վերաբերող, մենք տեսնում ենք այնպիսի երրորդական կամ տասներորդական կարեւորության գործընթացներ, որ ուղղակի ծիծաղելի է, եւ այս մեծ խաղում մեր տեղը դատարկ է, մեր փոխարեն խաղում են ուրիշները, մենք դա թույլ ենք տալիս, եւ այն, ինչ տեղի է ունենում այս ընտրություններում, մրցակցություն է, թե ով ավելի հավատարիմ կլինի ստրկատիրոջը, այսինքն՝ Կրեմլին։



- Տեղյակ եք, որ սփյուռքահայ մի շարք հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, սկիզբ դրեցին «Արդարություն Հայաստանում» քարոզարշավին։ Ավելին՝ նրանք առաջարկում են, որ Սփյուռքն անկախ դիտորդների միջոցով գա ու վերահսկի ընտրությունները։ Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ դա կհաջողվի։



- Գաղափարն ազնիվ է, իսկ դա ամենակարեւորն է, որովհետեւ մեր կյանքում դա մեզ շատ է պակասում, միաժամանակ դա վկայում է այն մասին, որ հայաստանցիների ու սփյուռքահայերի պատկերացումը տեղի ունեցածի եւ տեղի ունեցողի մասին բավականին տարբեր է, մենք իրար գրեթե չենք հասկանում։ Ես վստահ չեմ, որ մեր քույրերն ու եղբայրները Սփյուռքում գիտակցում են մեր առջեւ կանգնած գլխավոր մարտահրավերը, խոսքը գնում է պետականությունը պահպանելու կամ գոնե անկախությունը վերականգնելու մասին։ Խնդիրն այն չէ, թե ինչպիսի կարգուկանոն կպահպանվի ընտրությունների օրը, ընտրությունները, փաստորեն, կայացել են մի քանի փուլով։



Առաջին փուլը Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների կանխորոշվել էր 2016թ․ նոյեմբերի 8-ին՝ Միացյալ Նահանգներում կատարված ընտրություններով, որովհետեւ դա նշանակեց մեզ համար, որ Արեւմուտքը, հանձին ԱՄՆ-ի, հետ է քաշվելու մեր տարածաշրջանից, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում այլ գործընթացներից, ինքնամեկուսացում է լինելու, եւ մի քանի օր անց իշխող կուսակցությունն արձագանքեց դրան՝ ասելով, որ ընտրությունների ժամանակ տեսագրող սարքերի համար, որի դիմաց պետք է վճարեր Արեւմուտքը՝ տեխնիկապես անհնար է, եւ հրաժարվեցին դրանից։ Դա առաջին ապացույցն էր, որ միջազգային գործընթացներն անմիջապես ազդում են Հայաստանի վրա։



Այսինքն՝ Սերժի, Արսինեի եւ մեր մյուս հայրենակիցների նախաձեռնությունն ավելի շատ ապագայի համար է։ Թող Հայաստանում սովորեն, որ մենք մի ազգ ենք ու պարտավոր ենք նկատի առնել Սփյուռքի կարծիքը եւ ներգրավել Սփյուռքը հայաստանյան գործերում։ Դա լավ ավանդույթ է, որ ուշ թե շուտ իր դերը կկատարի։



- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավին մենք տեսանք, թե ինչպես եւ ինչ երաժիշտներ, համաշխարհային դեմքեր բոյկոտեցին, հրաժարվեցին մասնակցել Թրամփի քարոզարշավին։ Մեզ մոտ ոչ միայն նման բան տեղի չունեցավ, այլեւ երաժշտական խմբերից մեկը, երգելով իշխող կուսակցության հոլովակում, հորդորեց չքաղաքականացնել դա։ Զուգահեռներ հնարավո՞ր է տանել։



- Քաղաքակիրթ աշխարհը հիմնված է ազատության գաղափարի վրա, եւ արվեստագետն այսօր դառնում է նախեւառաջ մարդը, որի հասարակական պատկերը, կերպարը եւ դիրքորոշումը համընկնում են այդ քաղաքակրթության հիմնական սկզբունքների հետ։ Դա ազատությունն է, նաեւ ներքին ազատությունը՝ երբեմն շատ անսովոր դրսեւորումներով։ Մեզանում, փաստորեն, որեւէ հնարավորություն՝ հանդես գալու եւ ելույթներ ունենալու, ստանում են միայն քծնելու եւ ստորաքարշ գործողությունների շնորհիվ, այսինքն՝ մեզանում դեռ ստալինյան ժամանակներից ամրապնդվել է հարմարվելու, ստորանալու եւ ենթարկվելու ավանդույթը, դա է մեծագույն տարբերությունը։



Եթե Արեւմուտքում եւ Ամերիկայում ազատությունն է ավանդույթ եւ նպատակ, մեզ մոտ մենք տեսնում ենք, որ մարդիկ, ովքեր մեծ ազդեցություն ունեն հանրության, հասարակության, երիտասարդության վրա, իրենց պահում են խայտառակ ստրկամիտ ձեւով, նսեմացնում են արվեստը, նվաստացնում են դա եւ ամրապնդում են այդ ստորանալու արհեստը։ Իրենք դադարում են արվեստագետ լինել եւ վերածվում են արհեստավորների, դա է տարբերությունը, որովհետեւ արվեստն առանց ազատության դառնում է արհեստ։



Ահա այն, ինչ տեղի է ունենում մեզ մոտ, ահա թե ինչու նաեւ Հայաստանում չկա ռոքնռոլ․ ռոք երաժշտությունը հիմնված է ապստամբության, ազատության գաղափարի վրա, մեզ մոտ դա չի ստացվում, որովհետեւ հանրության մեջ չկա դրա պահանջը, անգամ երիտասարդության մեջ դա չնչին փոքրամասնություն է կազմում։ Ահա ինչու մենք աղքատ ենք, ինչու է այստեղ արտագաղթ, ինչու է անկում ապրում արվեստը, որովհետեւ արվեստը, քաղաքականությունը եւ բարգավաճումը հիմնվում են միմիայն մի գաղափարի վրա՝ ազատության։



- Տարիներ շարունակ իշխանությունն օգտագործել է իր ձեռքի տակ եղած վարչական ռեսուրսները, սահմանափակելով ընտրողի ազատությունը, նույն մանկավարժներին, տնօրեններին, որոնց վրա ձայների պարտադիր քանակ են դնում, մտավորականները, որոնք տեսախցիկներից փախչում են, բայց բարձրանում են բեմ ու երգում, ընտրողն ինչպե՞ս կողմնորոշվի այս ամենում։



- Ես նկատեցի, որ գրեթե բոլոր գոյականները, որոնք Դուք օգտագործեցիք Ձեր հարցը տալիս, իրենց մեջ կրում են ինչ-որ մի ներքին դիմադրություն այն բովանդակությանը, որ մենք փորձում ենք դրանց հաղորդել։ Դուք ասացիք՝ մանկավարժ, բայց մանկապղծության օրինակ եք բերում, ասացիք՝ մտավորական, բայց բերում եք օրինակներ, որ այդ անունն իրենց վրա վերցնող մարդիկ գործում են ստրուկների, ճորտերի պես, այսինքն՝ անգամ հայոց լեզուն ընդդիմանում է, ըմբոստանում է այդ բովանդակությանը։ Եթե մենք ընդունում ենք այդ խավը՝ անվանելով այդ մարդուն մտավորական, ապա լեզուն անմիջապես սկսում է հակադարձել։



Կներեք գռեհկության համար, բայց տարիներ առաջ ես եմ այդ բառի մեջ «ր» տառը կոշտ «ռ»-ով սկսել գրել, որպեսզի բնորոշեմ այդ խավը։ Լեզուն չի ներում կեղծիքը, հենց լեզուն է ընդդիմանում, ես իմ երեխային, թոռանը արդյոք թույլ կտա՞մ գնալ դպրոց, որի դասատուն ստացել է հրահանգ եւ ինձ, որպես ծնողի, եւ երեխային, որպես աշակերտի, ստիպում է խաղալ կեղտոտ քաղաքական այս խաղով։ Դա մանկավարժություն չէ, այլ մանկապղծություն, եւ այդպես շարունակ։ Ես առաջարկում եմ, որ մենք գոնե իրար հետ խոսելիս չօգտագործենք այդ բառերը, որոնք այլեւս չեն նշանակում այն, ինչը որ կոչված էին նշանակել։



Պետք է սկսել նրանից, որ իրերը, երեւույթները, մարդկանց անվանել իրական անուններով, այդ դեպքում բազմաթիվ թյուրիմացություններ կվերանան անմիջապես։ Դպրոցից, անգամ մանկապարտեզից սկսվում է այդ մանկապղծությունը, որը հետո դառնում է համազգային, պետական դավաճանություն, երբ պետությունն է դավաճանում քաղաքացուն, այսպես է ոչնչացվում քաղաքացին, այսպես է ոչնչացվում պետականությունը։ Ես կոչ եմ անում մարդկանց, որ չխաղան այն խաղը, որ մեզ պարտադրում են ղումարբազները, խոսքերը խաղադրույքների դեր են տանում, եւ ես հրաժարվում եմ այդ խաղը խաղալ։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ