Իմաստ ունե՞ր համագործակցել կաշառք բաժանող ուժի հետ

Իմաստ ունե՞ր համագործակցել կաշառք բաժանող ուժի հետ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ընտրություններից հետո կրկին համոզվել է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցությունը ճիշտ էր։ Հետընտրական որոշ զարգացումներ են համոզել։ Նա այդ համագործակցությունն արդյունավետ է համարում, կարծում է, որ իրենց հաջողվել է որոշակի արդյունքներ գրանցել, եւ որ այն ուժերը, որոնք խոսում են օրենքներ անցկացնելուց կամ ծրագրեր իրականացնելուց, այդ ամենին հասել են բացառապես իշխանությունների հետ համագործակցության արդյունքում, առանց դրա հնարավոր չէր։ Ընտրություններից հետո էլ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի արդյունք էր նաեւ այն, որ ՀՅԴ-ին հաջողվեց անվավեր ճանաչել տալ Փարպի գյուղի ընտրությունների արդյունքները։ Այս գյուղում թշնամություն էր առաջացել ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Բազմասեր Առաքելյանի միջեւ։ Եվ կոալիցիան այստեղ օգնեց, որ ՀՅԴ-ն իրեն ճիշտ չպահած անձի ծննդավայրում գրանցված արդյունքները չեղյալ համարել տա՝ դրանով «դաս տալով» իշխանական թեկնածուին։



Ստացվում է, որ եթե իշխանության հետ չհամագործակցեին, Փարպիում այդ արդյունքին չէի՞ն հասնի։ Ռուստամյանն այս հարցին պատասխանում է․ «Ոչ, սա խոսում է այն մասին, որ մենք հիմնավոր, ճիշտ մեթոդներով ու գործիքներով ենք աշխատում, որ հասնում ենք արդյունքի, մյուսներն էդքան բան են հայտարարում, մի տեղ գոնե հասե՞լ են որեւէ կոնկրետ արդյունքի»։ Այդ մյուսներն ընդդիմությունից են եղել, գուցե դրա համա՞ր չեն հասել։ «Չէ, կարող եմ ընդդիմություն էլ նշել, որոնք շատ ճիշտ իրենց պահելով, ճիշտ մոտեցումներ հանդես բերելով՝ էսօր նաեւ մտան Ազգային ժողով, չէ՞»,-ասաց ՀՅԴ-ականը։ «Ճիշտ պահելն» էլ երեւի իշխանությանը չքննադատելը կամ ընդդիմություն լինելով՝ տակից իշխանության հետ համագործակցելն է եղել։



Նկատեցինք, որ այդ նույն իշխանությունները, որոնց հետ իրենք համագործակցում են, այսօր կրկին հաղթանակ տարան համատարած ընտրակաշառք բաժանելու շնորհիվ։ Եվ դա չեն հերքում նաեւ դաշնակցականները։ Ռուստամյանը հիշեցրեց, որ իրենք խոսել են այդ մասին եւ կոչ արել ժողովրդին՝ զերծ մնալ ընտրակաշառքից։ Իսկ թե ինչու է իրենց կոալիցիոն գործընկերը մինչ օրս այդ մեթոդներով իր իշխանությունը պահում, Ռուստամյանը փորձեց արդարացումներ գտնել, այդ թվում՝ մեղավորության սլաքն ուղղելով կաշառվող ժողովրդի կողմը։



«Ես ասում եմ՝ հանցագործություն է թե՛ ընտրակաշառք տալը, թե՛ ընտրակաշառք վերցնելը։ Սա է խնդիրը, մինչեւ մեր ժողովուրդը չհասկանա, որ ինքը պիտի ընտրակաշառք չվերցնի, ինքը զրկված է լինելու իր ընտրական իրավունքից»,- ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ ընտրակաշառք բաժանվել է թե՛ ընդդիմադիր ուժերից, թե՛ իշխանությունից։ Նկատեցինք, որ նաեւ Դաշնակցությանն էին մեղադրում ընտրակաշառք բաժանելու մեջ։ «Չունենք էդպիսի դեպք, ունե՞ք էդպիսի փաստ, ասեք»։ Ի դեպ, ՀՀԿ-ից էլ են նույն պատասխանը տալիս՝ «փաստ ունե՞ք», բայց բոլորն էլ գիտեն, որ ընտրակաշառք բաժանվել է։



- Պարոն Ռուստամյան, ՀՅԴ-ն նոր Ընտրական օրենսգրքի ջատագովներից էր, բայց այդ օրենսգիրքը, որն ընտրակեղծիքների դեմ պայքարի նոր մեխանիզմներ է ամրագրել, ամենակարեւոր ախտի՝ ընտրակաշառքի դեմ անզոր եղավ պայքարել։ Եվ հենց այդ ախտը տարածողներից մեկն էլ ձեր կոալիցիոն գործընկեր Հանրապետականն էր։



- Բայց դուք չե՞ք հիշում, որ ընտրությունները դեռ չսկսած՝ մենք դրա մասին հայտարարում էինք։ Հենց առաջինը նաեւ ես եմ ասել, որ էս ամենը մեզ բերելու է մի արդյունքի, որ մենք տեղամասերում կարողանանք վերահսկողությունը բարձրացնել, ամենաբարձր մակարդակի հասցնել։ Եվ դա կատարել ենք։ Բայց ինչ մնում է տեղամասից դուրս, դրա դեմ պայքարը շատ դժվար է լինելու, սա մենք բազմիցս ասել ենք, եւ ընտրակաշառքն էլ այդ առումով ավելի շատ է լինելու, քան նախորդ անգամ։ Այսինքն՝ էնպես չէ, որ մենք դրանից զարմացած ենք։



- Այդ դեպքում դրա արդյունավետության ցուցիչը ո՞րն էր, եթե, միեւնույն է, կեղծելու էին։



- Արդյունավետության ցուցիչը մարդկանց գիտակցությունն էր։ Եթե մենք մտածում ենք, որ մենակ օրենսգրքերով, ինչ-որ դրույթներ գրելով հարցերը պիտի լուծվեն, չարաչար սխալվում ենք։ Ընտրողն ինքը պիտի գա էն գիտակցության, որ հասկանա՝ իր ընտրությամբ բան է փոխվում էս երկրում, ու չվաճառի իր ձայնը։



- Ձեր կոալիցիոն գործընկերները փորձում էին կաշառել ընտրողին, հիմա ամեն մեկը չէ, որ նման գիտակցություն ունի եւ կարող է չտրվել այդ գայթակղությանը։



- Միշտ փորձելու են կաշառել, նորից եմ ասում, միշտ պահանջարկն առաջացնում է առաջարկ, սա է տեղի ունեցել էս ընտրությունների ժամանակ էլ, սա նորություն չէ։ Սրանից պետք է ազատվենք՝ գիտակցության բերելով մեր ընտրողին։ Եթե դա տեղի չունենա, մենք էդ մասին անընդհատ խոսելու ենք։



- ՀՀԿ-ականը, որպես Ձեր կոալիցիոն գործընկեր, ազնի՞վ գտնվեց ոչ միայն հանրության, նաեւ ձեր հանդեպ, որ խոստացավ ավելի ազնիվ մեթոդներով ընտրություններ անցկացնել, բայց ընտրակաշառքից չհրաժարվեց։



- Ես էդ դատավորը չեմ ազնվության կամ անազնվության գնահատողի, դա թող գնահատի հասարակությունը, մի քիչ էլ ինքը թող ջանք գործադրի, ճիշտ գնահատել սովորի։



- Դուք ձեզ խաբված չե՞ք զգում, որ Հանրապետականը մեծ-մեծ խոստումներ տվեց, բայց էլի կաշառք բաժանեց։



- Ես խաբված չեմ զգում, ես, էլի եմ ասում, վստահ էի, այն, ինչ որ ասում էինք, դա էլ եղել է, որեւէ զարմանալի բան տեղի չի ունեցել, պարզապես ասողին լսող է պետք։



- Իսկ իմաստ ունե՞ր համագործակցել կաշառք բաժանող ուժի հետ։



- Իմաստ ունի համագործակցել այն ուժի հետ, ում միջոցով դու կարող ես հարցեր լուծել։



- Իրենք կաշառքով են հարցերը լուծում։



- Կաշառքով են հարցերը լուծում, մի՛ տրվեք էդ կաշառքներին, ո՞վ է մեղավոր։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ