Մեկ քառորդն էլ սոված սատկում ա, ո՞վ ա մեղավոր, պետությո՞ւնը․ Ահարոն Ադիբեկյան

Մեկ քառորդն էլ սոված սատկում ա, ո՞վ ա մեղավոր, պետությո՞ւնը․ Ահարոն Ադիբեկյան

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ դեռ սոցիոլոգիական հարցում չի իրականացրել։ Ինչպես կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը «Հրապարակ»-ին ասաց՝ պատվեր դեռ չունեն, գումարների հետ կապված խնդիրներ ունեն՝ չգիտեն, թե ով կֆինանսավորի․ «Ուղղակի հենվում ենք Ազգային Ժողովի ընտրությունների վրա, որտեղ երեւանցիների 49 տոկոսը ձայնը տվել է ՀՀԿ-ին, ԲՀԿ-ն չի մասնակցում, ԵԼՔ կուսակցությունը Երեւանում 14 տոկոս՝ մարզերի 6-ի դիմաց։ Երեւի ԵԼՔ-ը կլինի երկրորդը, ու հարց կլինի՝ Ծառուկյան դաշինքի եւ 10 տոկոս ձայները, որոնք մյուս ընդդիմադիր կուսակցությունները ունեին, վերաբաշխվի ԵԼՔ-ի եւ Երկիր Ծիրանիի միջեւ»։



-Ըստ Ձեզ՝ առաջատարը լինելու է ՀՀԿ-ն, որին հաջորդելու է «ԵԼՔ» դաշինքը, երրորդ տեղում՝ «Երկիր Ծիրանին»։



-«Երկիր Ծիրանի»-ն եթե 6 տոկոս ձայն հավաքի, մենք հիմա չենք կարող ասել՝ ինքը 6 տոկոս հավաքում ա, թե չէ։ Դրա համար պիտի հարցում արվի, որ տեսնենք։



-Ձեր կանխատեսումը՝ որպես սոցիոլոգ, ինչպիսի՞ն է։



-Ձայների 2/3-րդը կհասնի ՀՀԿ-ին, էն էլ ես չգիտեմ՝ ոնց կկիսվի․․․տիկին Փոստանջյանը նման պաշտոնին հավակնող երբեք հանդես չի եկել։



-Իսկ Նիկոլ Փաշինյա՞նը։



-Տարոն Մարգարյանը որպես հանրային քաղաքական գործիչ հանդես չի եկել։ Երեւանը մտել ա համով քաղաքների ցանկը, դա բավական մեծ բան ա, որպես տուրիստական երկիր բավականին դարձել ա գրավիչ, ամենաանվտանգ քաղաքներից մեկն ա՝ գողություն, խուլիգանություն, բռնաբարություն․ դա հատուկենտ լինի, թե չլինի։ Այդ առումով նման քաղաքի քաղաքապետ այսքան տարի, դա իրեն արդարացրել ա։ Հիմա տեսնենք՝ հայերը փորձած թանը անփորձ մածունով չեն փոխարինում։



-Այդքան գովեցիք Տարոն Մարգարյանին, բայց կան մարդիկ, ովքեր դժգոհ են նրանից, ցանկանում են ընդդիմադիր քաղաքապետ ունենալ։



- Գիտեմ ինչ ես ասում։ Երեւանը լրիվ չի, որ բարեկեցիկ ա, փողոցներ կան, որտեղ ասլֆատ էլ չկա կամ ասֆալտը շատ վատ ա, լուսավորություն չկա, բոլորը լավ հասկանում եմ։ Ասում են՝ մենակ Կենտրոնին եք ուշադրություն դարձնում, պատմական վայրերին եւ այլն։ Բայց երբ հարցում ես անում՝ որքանո՞վ եք գոհ, 60-ից ավելի տոկոսը քաղաքապետից գոհ է։ Նենց որ 60 տոկոսն ա կարեւոր։



-Մարդկանց ստվար զանգվածը, մեղմ ասած, չի վստահում ՀՀԿ-ին, դա դեր չի՞ խաղալու առաջիկա ընտրություններում։



Քաղաքացիների 1/3-րդը իշխանափոխություն չի ուզում, որովհետեւ նրանց կեցությունը կփոխվի, եթե իշխանությունը փոխվի։ Նրանք հարմարվել են, բիզնեսներ ունեն, պաշտոնի են եւ այլն, 1/3-րդը հուսախաբ ա, չի էլ մասնակցում, մնումա ընտրողների 1/3-րդը, որ ուզում ա ինչ-որ մի բան անի։ Այնպես, որ ասել՝ բոլորը դժգոհ են, տենց չի։ Մեր մոտ սենց ա՝ մարդիկ իրենց անհաջողությունը պրոյեկտում են իշխանությունների վրա, իրենց մեղքը, իրենց կարողությունները։ Ի՞նչ ա նշանակում շուկայական դեմոկրատիա, որ ամեն մեկը ունակ ա իր կարողությունների հիման վրա իր կեցությունը ապահովի, պետությանն էլ օգնի, պետությունն էլ պահի։ Իսկ մենք Սովետի հոգեբանությամբ սպասում ենք, որ պետությունը մեզ կերակրի, մեզ աշխատանք կտա, տենց բան չկա։



-Ձեր խոսքից դուրս է գալիս, որ հայաստանցին է մեղավոր, որ արտագաղթ կա, աղքատություն կա, արտաքին շատ մեծ պարտք ունենք։



Պարզ ա, որ սոցիալական պետություն ենք։ Ով որ մնացել ա Հայաստանում, ով կա, մի մասը ունի աշխատանք, ունի բիզնես, երեխան սովորում ա, թոռը ծառայում ա, նորմալ երկրի քաղաքացի ա։ Իսկ ով անհաջող ա, ուրեմն պրոբլեմներ ունի։ Քեզ մի օրինակ բերեմ ապագայիդ համար․ նույն գյուղն ա, նույն օդն ու ջուրը, կեսը տնտեսական գործունեություն ունի, արտադրում ա, իր գլուխը պահում ա, քառորդը «պիրյոդ ա» գնացել, լավ բիզնես ա անում, տունը արդեն 2-3 հարկանի, մեքենա ունի, մեկ քառորդն էլ սոված սատկում ա, ո՞վ ա մեղավոր, պետությու՞նը։ Ինքը չի կարողանում, իրենց աջակցել ա պետք, հասկանում եմ, սովորացնել ա պետք, բայց նույն պայմանն ա՝ աշխատի քրտնաջան, գլուխդ աշխատացրա, քթի ծակդ մի քիչ մեծացրա, մոգոնի, որ կարողանաս ընտանիքդ պահես, քո գլուխը պահես ու պետությանն էլ կարողանաս հարկ տաս, որ պետությունը իր պարտքերը հոգա։ Եթե էսօր մենք պարտք ունենք արտաքին, դա մեր բոլորիս վատ գործունեությունն ա, ոչ թե պետությունն ա վատ եւ այլն։ Ես հիմա պետությանը կամ իշխանություններին չեմ պաշտպանում, ով էլ գա հիմա իշխանության, նույն վիճակը պիտի լինի, որտեւ անցումային երկիր ենք մենք, մենք դեռ չունենք տնտեսություն, որը միջազգային շուկայում մրցունակ արտադրանք տա եւ վաճառի։ Ընդամենը հումք ենք վաճառում ու մեկ էլ գյուղատնտեսական ապրանք, ուրիշ բան չունենք վաճառելու։



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ