Աղաբաբյանը «Հրազդան» տոնավաճառն անվճար կտրամադրի գյուղացիներին

Աղաբաբյանը «Հրազդան» տոնավաճառն անվճար կտրամադրի գյուղացիներին

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը որոշել է իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառի մի մասը անվճար հատկացնել գյուղացիներին, որ իրենց գյուղատնտեսական արտադրանքն այստեղ վաճառեն։ Այդ մասին նա հայտարարել է Ֆեյսբուքով ու նշել, որ գյուղնախարարության հետ համատեղ է մշակվել այս նախագիծը, «ըստ որի՝ «Հրազդան» տոնավաճառում բացվել է գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ տոնավաճառ, որտեղ գյուղացիներն ու ֆերմերները կստանան բացառապես անվճար հարմարավետ տաղավարներ՝ իրենց ապրանքների վաճառքն իրականացնելու համար»։ Նշված է, որ ծրագրի միակ նպատակն է՝ խթանել հայկական գյուղմթերքների իրացումը և արտադրողին հնարավորինս մոտեցնել սպառողին:



Աղաբաբյանն այս թեմայով Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ փորձում են գյուղապետերին խնդրել, որ անպայման ինֆորմացնեն գյուղացիներին, որ ովքեր կցանկանան գալ և իրենց ապրանքը վաճառել իր տարածքում, գյուղապետից թուղթ վերցնեն, որ իրենք ունեն այսքան քմ տարածք, իրենց աճեցրած մթերքի քանակը, տեսակը, որից հետո իրենք բեյջեր են տալու այդ գյուղացիներին, որ գան, կանգնեն ու վաճառեն իրենց ապրանքը։



Հարցին, թե դա տնտեսապես իրեն ի՞նչ օգուտ կբերի, Աղաբաբյանն ասաց՝ ոչ մի․ «Դա բարեգործություն է, իմ կարծիքով՝ կհայտնվեն նաև վերավաճառողներ, ներմուծողներ, այ նրանցից արդեն տեղի հետ կապված շատ էժան գներով կփորձենք հրապուրել մեզ մոտ, էլի»։



Հիշեցնենք, որ «Հրազդան» տոնավաճառին ՊԵԿ-ը 2015-ի սկզբին տուգանեց 60 մլն դրամով։ Աղաբաբյանը հայտնվեց ֆինանսական խնդիրների մեջ։ Այսօր նրա տոնավաճառն ամբողջ ծավալով չի գործում, առևտրականների մեծ մասը հեռացան այստեղից՝ տեղափոխվելով Գագիկ Ծառուկյանի կառուցած «Առինջ մոլ» առևտրի կենտրոն, երբ Աղաբաբյանը բարձրացրեց տաղավարների վարձավճարների գները։ Նրանք էլ որոշեցին տեղափոխվել։



-Այսինքն՝ Ծառուկյանի կառուցած «Առինջ մոլը» խփե՞ց Ձեր գործին։



-Դե, խփեց, թե ինչ արեց, բանը եղել, ավարտվել ա, բայց խնդիրը դա չի։ Բոլոր դեպքերում՝ Հանրապետությունում էսօր ամենաէժան վարձավճարները մեր առևտրի կենտրոնում են։ Բնականաբար գյուղացիները, ես նորից եմ կրկնում իրենց կարգավիճակը, անպայման համայնքի ղեկավարը պիտի թուղթ տա իրենց, որ իրենց արտադրանքն են վաճառում, որ մենք անվճար տանք տեղերը։



-Կարո՞ղ ենք ասել, որ սա Ծառուկյանի հետ մրցակցելուն ուղղված քայլ է Ձեր կողմից, որ ցույց տաք՝ Դուք էլ կարող եք բարեգործություն անել։



-Ամբողջ խնդիր նա է, որ ես բարեգործություն միշտ էլ արել եմ, մենք բարեգործական կազմակերպություն ունենք, որը միշտ էլ բարեգործույթւոն է անում, ուղակի մենք ցույց չենք տալիս։ Սա ուղղակի խթան է հանդիսանում, որ գյուղացուն օգտակար լինենք։ Բնականաբար, էստեղ պահելու բան չկա, էլի, մենք գյուղացուն, ճիշտ է, անվճար ենք տալիս, որ ինքն իր մթերքը վաճառի, բայց տոնավաճառն ինքը պիտի նաև, ինչ խոսք, ֆիզիկական անձերը, որոնք վերավաճառողներ, ներմուծողներ են, վճարեն։



-Իսկ Ձեր ֆինանսական վիճակն ինչպիսի՞ն է հիմա, ձեզ տուգանեցին 60 մլն դրամով, դուք դիմեցիք դատարան։ Ի՞նչ փուլում է հիմա այդ գործընթացը։



-Դեռ դատական պրոցեսների մեջ ենք, մենք վճարեցինք էդ 60 միլիոնը, բայց դատի ենք տվել Հարկայինին, հիմա հետ ենք պահանջում մեր գումարը։ Առաջին ատյանում հաղթել ենք դատը, հիմա էլ իրենք բողոքարկել են վերաքննիչ դատարան։ 60 միլիոն էին տուգանել, որի արդյունքում տույժ ու տուգանքներ եկան, որը օրենքը ճիշտ չլինելու հետևանք էր։ Մենք, իհարկե, էդ մասին շատ ենք բարձրաձայնել, ու մեր բարձրաձայնած էդ օրենքի խնդիրը լուծվեց, նոր վարչապետը էդ օրենքը, փաստորեն, վերացրեց, որ գործատուն, երբ որ տարվա ընթացքում ունեցել է որոշակի չափով շրջանառություն, դրա չափով հաջորդ տարի, ուրեմն, դա պիտի ուղեցույց լիներ, որ գանձեին։ Հիմա մեր մոտ եկամուտ չկար, բայց գանձում էին։ Էդ օրենքը հանեցին, ու հիմա, ինձ թվում է, բավականին հնարավորություններ կստեղծվի, որ մենք մեր պարտքերը փակենք։



Աշոտ Աղաբաբյանի հետ հարցազարույցի շարունակությունը՝ քաղաքական թեմայով, կարդացեք «Հրապարակի» վաղվա համարում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ