Եթե Ձեզ թվում է, թե մենք հարկ ենք թաքցնում, կծիծաղեմ

Եթե Ձեզ թվում է, թե մենք հարկ ենք թաքցնում, կծիծաղեմ

Պետեկամուտների կոմիտեն նախօրեին հրապարակեց 2017 թվականի առաջին եռամսյակի առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Այդ ցանկի առաջին տասնյակում այս տարի բացակայում է վառելիք ներմուծող խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Ֆլեշի» անունը։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում 3.6 միլիարդ դրամ հարկ վճարած, չորրորդ հորիզոնականում հայտնված «Ֆլեշն» այս տարի ուղիղ 13 հորիզոնականով անկում է գրանցել՝ հայտնվելով 17-րդ հորիզոնականում եւ վճարելով կրկնակիից էլ պակաս՝ ուղիղ 1.5 միլիարդ դրամ հարկ։



Այս հանգամանքը զարմանք ու տարակուսանք առաջացրեց այն իմաստով, որ «Ֆլեշը» շուկայի առաջատար ընկերություններից էր, նա էր շահում պետական տենդերներն ու վառելիք մատակարարում պետական ավտոպարկին։ «Ֆլեշը» մշտապես արտոնյալ եւ առաջատար դիրքերում է եղել այս դաշտում՝ զբաղեցնելով շուկայի սեգմենտի մի զգալի հատված։ Բայց մեկ տարվա ընթացքում կրկնակի չափով պակաս հարկ վճարելը, ըստ այդմ՝ նաեւ պակաս եկամուտ ունենալն առնվազն տարօրինակ էր։ Փոխարենը բարձր ցուցանիշներ է գրանցել եւ տասնյակում է հայտնվել «Ֆլեշի» գլխավոր մրցակից «Սի Փի Էս» ընկերությունը, որը եւս վառելիքի ներմուծմամբ է զբաղվում։ Նրա սեփականատերն Աշոտ Սալազարյանն է։ Այս ընկերությունը եթե անցյալ տարվա առաջին եռամսյակում 9-րդ հորիզոնականում էր՝ 2.3 միլիարդ դրամ հարկով, այս տարի 6-րդում է՝ 3.4 միլիարդ դրամ վճարած հարկով։



«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը մեզ հետ զրույցում զարմացավ, թե ինչու ենք զարմանում, որ իր ընկերությունը զիջել է դիրքերը, իսկ մրցակից «Սի Փի Էս»-ը՝ բարելավել։ Բեգլարյանը նաեւ միանգամից առաջ անցավ՝ փարատելու այն կասկածները, թե ինքը զիջել է իր դիրքերը հարկ չվճարելու կամ հարկերը թաքցնելու պատճառով։ «Ուրեմն նա ավել ապրանք է բերել, բնական չէ՞։ Եթե Ձեզ թվում է, թե մենք հարկ չենք վճարում կամ հարկ ենք թաքցնում, իհարկե, կծիծաղեմ եւ կզարմանամ, որովհետեւ էս էն դաշտն է, որ հնարավոր չէ։ Բնականաբար, մենք քիչ ենք բերում, ինքը շուկայի մեծ մասն է գրավում ու մրցակից թիմ է, կարում է բերի։ Բա լրիվ ազատ շուկա է, բերում են, բնական չէ՞»,- ասաց պարոն Բեգլարյանը՝ կրկնելով, որ իրենք քիչ են բերել, քիչ հարկ են վճարել։ Դիտարկմանը, թե պետական տենդերների մեծ մասն իրենք էին շահում, շուկայում առաջատար դիրք էին զբաղեցնում, Բեգլարյանն այսպես արձագանքեց․ «Ոչ, Ձեզ սխալ ինֆորմացիա են տալիս, տենդերների մեծ մասը շահում են ուրիշ ֆիրմաներ, գնացեք հետաքրքրվեք»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ