Ուղարկել են սահման պահելու եւ աշխատանքից ազատել են` բացակայության հիմքով

Ուղարկել են սահման պահելու եւ աշխատանքից ազատել են` բացակայության հիմքով

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության անտառապետ Արտաշես Մատինյանն իր 12 հոգանոց կամավորական ջոկատով Վարդենիսում հայ-ադրբեջանական սահմանը հսկելիս է եղել, երբ աշխատավայրից գործավարուհին զանգել է ու տեղեկացրել, որ իրեն բացակա են դրել։ Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Մհեր Ղալթախչյանը, անհարգելի համարելով անտառապետի՝ Վարդենիսի դիրքեր գնալու հանգամանքը, հասել է նրան, որ Մատինյանին ազատեն աշխատանքից։  

«Հրապարակ»-ի հետ զրույցում անտառապետ Մատինյանը պնդում է, որ հաստատության տնօրենը՝ Ղալթախչյանը, իր մարդուն է ուզում ընդունել աշխատանքի։ Իջեւանի անտառտնտեսությունում աշխատած 2 տարիների ընթացքում ինքը շուրջ 30 ապօրինի անտառահատման դեպք է բացահայտել, բայց տնօրենի կողմից ոչ մի խրախուսական խոսք չի լսել, մի բան էլ նկատողություն է ստացել, թե իբր լավ չի աշխատում։ 

«Հոկտեմբերի 2-3-ին Կիրովականի կամավորականներին փոխարինեց իմ կամավորականների ջոկատը։ Ամսի 3-ին, ժամը 4-ին անտառտնտեսության գործավարուհին զանգեց ասաց՝ տնօրենը բացականեր է դնում, անհարգելի է համարվում բացակայությունդ։ Դիրքերից վերադարձա աշխատանքի, իմացա՝ ազատված եմ։ Անտառտնտեսության տնօրենի սրտով չեմ եղել հենց էն սկզբից, ուղղակի ճար չուներ։ Թափուր հաստիք կար, դիմել եմ «Հայանտառ» ՊՈԱԿ, ընդունել են գործի։ Իմ հաստիքն ազատեց, որ իր «մարդուն» բերի, գործի ընդունի»,-մեկնաբանեց Մատինյանը։
Մատինյանի հետ կատարվածի մասին տեղյակ է նաեւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը. անտառապետը նրան հաղորդել է, որ սահմանին հերթապահություն անելու ժամանակ իրեն ազատել են աշխատանքից, ԵԿՄ նախագահն ափսոսանք է հայտնել՝ միայն այդքանը։ «Միքայելյանին անձամբ եմ ասել, որ դիրքերում սմենափոխությունից հետո աշխատանքից ազատել են։ Հարգում եմ ԵԿՄ նախագահին, բայց երկրորդ անգամ էլ չեմ դիմի»,- նշեց նա։

Մատինյանի գործատուն՝ Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Մհեր Ղալթախչյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն աշխատանքից ազատելու իրավասություն չունի։ «Կարա՞ք ինձ մի հատ հրաման ցույց տաք, որով ես աշխատանքից ազատել եմ։ Թե ինքն ինչ է ասել՝ չգիտեմ։ Թող գնա դատի տա ինձ, բողոքի։ Ես աշխատանքից չեմ ազատել Արտաշես Մատինյանին, ես մասնաճյուղի տնօրենն եմ եւ իրավունք չունեմ նման հրամաններ տալ»,- ասաց նա։ Իսկապես՝ ազատման հրամանը տվել է «Հայանտառ»-ի տնօրենը, բայց, բնականաբար՝ մասնաճյուղի տնօրենի ներկայացրած հիմքով։ Ղալթախչյանը պնդում է՝ իր եւ Մատինյանի միջեւ աշխատանքային, ընկերական, ջերմ հարաբերություններ են։ «Ես հարգում եմ իր զինվորական լինելը, հայրենասեր լինելը, բայց էլի եմ ասում՝ իրավասու չեմ ընդունել աշխատանքի կամ ազատել»,- նշեց նա։

Արտաշես Մատինյանի՝ անտառտնտեսությունում վերջին աշխատանքային օրը եղել է հոկտեմբերի 25-ը։ «Հայանտառ»-ի տնօրենի հրամանագրով այդ օրը Մատինյանն ազատվել է աշխատանքից։ Հրամանագրում ասվում է, որ Մատինյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժ, եւ նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով միակողմանի լուծարվել է Արտաշես Մատինյանի հետ աշխատանքային պայմանագիրը։ 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Մարկոսյանից կամ որեւէ իրավասու անձից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց։ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակը հրաժարվեց մեկնաբանել այս հարցը, փոխանցեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավաբանական բաժնի աշխատակից Արմեն Ղարիբյանի հեռախոսահամարը, որն իրավասու է մեկնաբանել կատարվածը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ Մատինյանը պետք է զեկուցագիր գրեր իր անմիջական ղեկավարին, մինչդեռ պարզվում է. «Իր բացակայության մասին զեկուցագիր չի եղել։ Հարցին, թե ինչ նպատակով է բացակայությունը եղել, Մատինյանն ասել է՝ անձնական նպատակով»:

«Հայանտառ»-ի համար, փաստորեն, մեր սահմանների պաշտպանությունն ավելի անկարեւոր գործ է, քան անտառներում ապօրինի ծառեր հատելը, ինչով զբաղված են իրենց անտառապահներից շատերը, եւ սահմանների պաշտպանությունն ու դիրքը պահելն էլ, որն իրականացվում է ՊՆ-ի իմացությամբ եւ ԵԿՄ-ի կամավորականների ջանքերով, այս կառույցի համար հարգելի պատճառ չէ` աշխատանքից բացակայելու համար: Իսկ իրականում ակնհայտ է, որ թիկունքի առնետներն ուղղակի պատրվակ են փնտրել՝ Արտաշես Մատինյանին աշխատանքից ազատելու համար: