«Եվ դու՞, Բրուտոս». կարո՞ղ եք հանգիստ թողնել ժողովրդին, նա արդեն «զբաղեցրած է»

«Եվ դու՞, Բրուտոս». կարո՞ղ եք հանգիստ թողնել ժողովրդին, նա արդեն «զբաղեցրած է»

Դժվար է ասել, թե ինչու, բայց Գևորգ Գորգիսյանը միշտ դրական տպավո­րություն է թողել ինձ վրա, բարեկիրթ, հռետորական արվեստի որոշ նրբություններին տի­րապետող, մի խոսքով, հեռանկարային երիտասարդ: Հավանաբար անգլերենին կտիրապետի, հետևաբար, ինտելիգենտ է՝ խորհրդային լեգենդար ֆուտ­­բոլիստ Կիպիանիի նմանությամբ: Կարո՞ղ է ֆուտբոլ խաղալ էլ գիտի:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս արժանավոր անձնավո­րութ­յունը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը համոզված ասաց, որ իրենք («Լուսավոր Հայաստան»-ը) ոչ թե հաղթահարելու են անցողիկ շեմը, այլ հաղթելու են Փաշինյանին և ոչ միայն Փաշինյանին։
Հետաքրքիր է, Փաշինյանը տեղյա՞կ է դրա մասին, իսկ «ոչ միայն փաշինյաննե՞րը»: 

Այնուհետև, ավելի որոշակիացավ այս երիտասարդ պարոնի ասելիքը. «Հայաստանում այսօր քաղաքացիները բաժանված են երեք խմբի՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցների, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միջև, իսկ քաղա­քացիների մնացած հատվածը, որը կազմում է 50 տոկոս, մեր պոտենցիալ ընտ­րողներն են, մեզ են ընտրելու, որովհետև մենք իրենց ապագայի տեսլականն ենք ներկայացնում։ Ի վերջո, ժողովուրդն է որոշելու, իսկ ժողովուրդն իմաստուն է»: Ոչ ավելի, ոչ պակաս:

«Իմաստուն ժողովուրդը» միանգամից գլխի կընկնի, որ իր լուսավոր ապագան «Լուսավոր Հայաստան»-ն է, որին առնվազն 50 տոկոս ձայն կտա, իսկ «էտ Փաշինյանին (որ չնեղանա. չէ որ մի ժամանակ «իմաստուն ժողովրդի» վարչա­պետն է եղել), մի 30 տոկոս կտա, իսկ «էտ» Քոչարյանին մնացած 20 տոկոսը: Բայց եթե մյուսներն աղմուկ հանեն (դե դեմոկրատիա կա, բան կա), 20 տոկոս էլ կբաշխեն իրենց: Այսպիսով, 120 տոկոսանոց ԱԺ կունենանք: 

Իսկ եթե մի փոքր լուրջ վերաբերվենք այս ամենին, ապա, այնուամենայնիվ, կհասկանանք, որ լուրջ վերաբերվել չարժեր: Իրականում, ինչումն է բանը: Եթե դա իրատեսական դիտվի, ապա կստացվի, որ «Իմ քայլը» հաջորդ ԱԺ-ում կունենա արդեն 80 տոկոս: Հիրավի, անմեկնելի են գործերն Աստծո:
Ուղղակի մի հռետորական հարց. «Պարոն Գորգիսյան, դուք և Մարուքյանն իսկապե՞ս հավակնում եք դառնալ, օրինակ, Վարչապետ, ԱԺ նախագահ»: Ախր դուք այսօրվա դիտանկյունից եք նայում, այլ ոչ ձեր հայտարարած ժողովրդի ապագայի տես­լականից: Իսկ «իմաստուն ժողովուրդը» գիտի՞ իր ապագայի տեսլականի մասին: Թե դա «հարսանիքից» հետո է իմանալու:

Հիմա, ինչ, այս երեք տարիները դուք համարում եք նորմա՞լ: Դե, էքսպերիմենտ էր էլի, թեպետ շատ դաժան: Ձեր մատնանշած «իմաստուն ժողովուրդը» եթե ցանկանում է պերմանենտ էքսպերիմեն­տալ կյանքով ապրել, ապա ինչպես կարելի է ընդդիմանալ «իմաստուն ժողովուրդի» իղձերին: Բայց կարո՞ղ է դուք ինչ որ բան շփոթել եք և «հին փողով» եք ներկայացրել ձեր ձայները, այսինքն, 5 տոկոսի փո­խարեն՝ 50: Չնայած, ինչի հետ սատանան չի կատակում: Մեղա Աստված, մեղա Աստծո, մեղավոր եմ, խոստովանում եմ մեղքս: Բայց երկրորդ այդպիսի կատակին, արդյոք, կդիմանա՞ «իմաստուն ժողովուրդը»:

Հ.Գ. Ի դեպ, ըստ որոշ վերլուծական կենտրոնների («ուղեղային կենտրոնների») առաջիկա 100 տարում Հայաստանում (նշել են, եթե այդպիսի պետություն լինի) ոչ – ոքի չի հաջողվի գերազանցել Փաշինյանի ռեկորդը: Աղբյուրը հավաստի է:

Գագիկ Վարդանյան