Նախկիններն այլեւս չեն կարող լինել նույնը

Նախկիններն այլեւս չեն կարող լինել նույնը

Սերժին մերժելու շնորհիվ իշխանության եկած Փաշինյանի համար առաջնային թիրախը մնաց նույնը՝ նախկինները, որոնք բնորոշվեցին որպես սեւեր: Մի պահ նրա անմեղսունակ ուղեղում պատկերվեցին սատանաներ, որոնց փնտրելու եւ գտնելու հանձնարարություն տվեց անվտանգության ծառայությանը: Ընդ որում, այդ հանձնարարությունը որոշ ժամանակ անց վերահաստատեց՝ հայտարարելով, որ այն ամենեւին էլ կատակ չի եղել: Սակայն այդ թեման արագ մոռացվեց, եւ առաջնային թիրախը մնաց անփոփոխ: 

Ըստ կոգնիտիվ (լատ.՝ cognitio «ճանաչում») նյարդակենսաբան եւ հաղորդակցային հոգեբան Քերոլայն Լիֆի , առնվազն 63 օր ինքնաներշնչմամբ զբաղվելու դեպքում մարդու ուղեղը որդեգրում է մտածողության համապատասխան ուղղություն: Դե, իսկ եթե Սերժին մերժող շարժման հաղթանակած առաջնորդի կողմից կատարվի եռամյա ներշնչում, ապա պետք է ունենալ գիտակցության բավական բարձր մակարդակ, որպեսզի մարդը չտրվի այդ ներշնչմանը: Եվ չնայած այն հանգամանքին, որ նախկիններից մեր ժողովրդին «փրկող» Նիկոլը որեւէ նոր բան չերկնեց, սակայն եղածը լրիվ բավարար էր, որպեսզի հայաստանյան հանրության մի ստվար մասը՝ գրագետ ու կիսագրագետ, վերածվեր նիկոլապաշտ զոմբիների:

Ներշնչման մեխանիզմը չափից դուրս պարզ էր՝ մարդկանց մեջ վախերի սերմանում նախկինների նկատմամբ: «Փրկիչը» հայաստանցիներին «ազատագրել» էր նախկինների անարդարությունից, անօրինականությունից, պետական բյուջեն թալանելու շնորհիվ հարստություն դիզածների կողմից հարստահարվելուց եւ այլն: Եվ եթե թույլատրվեր նախկինների վերադարձը, ապա բոլոր այդ մերժված երեւույթները կվերադառնային նրանց հետ: Այդ վախերին տրված զանգվածը, բնականաբար, զրկվում է երեւույթների պատճառահետեւանքային կապերը տեսնելու ունակությունից եւ «Սերժին մերժելուց» երեք տարի անց էլ երկրում կատարվող ամեն բացասականի եւ ողբերգականի հիմքում տեսնում է զուտ նախկինների մեղքը կամ գոնե հետքը: Դրան զուգահեռ շարունակվում է կիրառվել փաշինյանական իշխանության ակնհայտ բացթողումներն ու տապալումներն արդարացնող «բա նախկինների ժամանակ ոնց էր» մոգական բանաձեւը:

Դեռեւս անտիկ շրջանի (մ.թ.ա. 6-5-րդ դար) հույն փիլիսոփաներից Հերակլիտոս Եփեսացին էր ասել, որ նույն գետը երկու անգամ հնարավոր չէ մտնել: Սակայն դրանից 2500 տարի անց հայաստանյան հանրության մի ստվար զանգված չգիտես որ տրամաբանությամբ մտածում է, որ դա հնարավոր է: Ինչը ենթադրում է, որ մերժվելուց հետո նախկինների վերադարձի դեպքում երկրի կառավարումը կընթանա նախկին ձեւերով: Սակայն այդպես չի կարող լինել՝ որեւէ նախկին այլեւս չի ցանկանա, իսկ եթե նույնիսկ ցանկանա էլ, ապա չի կարող կառավարել այնպես, ինչպես դա արվում էր նախքան «ստի եւ կեղծիքի» հեղափոխությունը: Որովհետեւ մեկ անգամ արդեն մերժվելուց հետո պետք է լինել առնվազն ոչ ադեկվատ անձնավորություն, որպեսզի շարունակես անել այն, ինչը բերել է այդ մերժվելուն: Ինչ-ինչ, սակայն ադեկվատության առումով նախկինները լուրջ խնդիրներ չունեին:

Բացի դրանից, պատերազմում մեր պարտությունից հետո երկիրն այնպիսի օրհասական վիճակում է, որ միայն անմեղսունակը կարող է մտածել պետբյուջեն թալանելու նպատակով իշխանության գալու մասին: Կրկնվելով ասեմ, որ ինչ-ինչ, սակայն նախկինները չեն տառապել նաեւ անմեղսունակությամբ: Ընդհակառակը, կյանքը ցույց տվեց, որ պատերազմի օրերին նախկիններն ամեն ինչ արեցին հանուն հաղթանակի, սակայն այդ բոլոր ջանքերը ջրվեցին «հեղափոխության առաջնորդի» կողմից: 

Եվ Փաշինյան Նիկոլին հեռացնելուց հետո ով էլ այսօր գա իշխանության, պետք է մտածի ոչ թե այն վայելելու (օրինակ՝ ամառային կիրակի օրը գինի խմելու եւ կեսօրին քնելու), այլ տաժանակրի լուծը կրելու մասին: Այսօր մեր առջեւ կանգնած է ոչ թե նախկիններին ատելու եւ նրանց վերադարձը չթողնելու, այլ երկիրը կործանումից փրկելու պրոբլեմը: Այսօր պետք է մտածել ոչ թե իշխանություն ունեցողներին վիրավորելու կամ զրպարտելու տուգանքը եռակի մեծացնելու, այլ Զանգեզուրի սահմաններն ամրապնդելու մասին: Այսօր պետք է մտածել ոչ թե սեփական անվտանգությունն ապահովող ոստիկանների աշխատավարձերը համարյա թե կրկնակի բարձրացնելու, այլ պարտությունից հետո առաջացած սոցիալական խնդիրները լուծելու մասին եւ այլն, եւ այլն: Եվ ով էլ գա իշխանության, նա պետք է անի եւ հաստատ կանի այն, ինչ այսօր չի անում փաշինյանական իշխանությունը: Այնպես որ, նախկինները չեն կարող վերադառնալ նախկին ձեւերով՝ ով էլ վերադառնա, պետք է նորովի մոտենա բոլոր այն պրոբլեմներին, որ մեզ «պարգեւեց ստի եւ կեղծիքի հեղափոխությունը»: 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ