Գնդակահարության պատի տակ

Գնդակահարության պատի տակ

Ընդդիմությունն ապաշրջափակեց Բաղրամյան պողոտան, որտեղ դիրքավորվել էր տեւական ժամանակ: Զիջեց առաջնագիծը, բայց չի լքում խրամատը: Ինչպես շարժման առաջնորդներն են հավաստում` պայքարը շարունակվում է` մտնելով նոր փուլ, մինչեւ կհասնեն վերջնական նպատակին: Ընդդիմությանն առայժմ չի հաջողվել իրականացնել իր առջեւ դրված նպատակը` հասնել վարչապետի հրաժարականին եւ ձեւավորել ժամանակավոր կառավարություն: Սա ունեցած տեսլականի, ուրվագծած ծրագրի սկիզբն էր` հիմա ձախողված: Չհաջողվեց ընդդիմությանը` մարտավարության մեջ որոշ փոփոխություններ անելով անգամ, իսկ հիմա փորձում է նոր մարտավարություն ընտրել: 

Ընդդիմությունը չպարտվեց, բայց նաեւ չհաղթեց: Չպարտվեց, քանի որ Նիկոլը նույնպես ընկրկեց, թողեց առաջնագիծը` ստիպված գնալով արտահերթ ընտրության, եւ խրամատավորվում է խորքում: Երկու կողմն էլ զիջեցին, Նիկոլը` ստիպված, ընդդիմությունը` չուզենալով: Բայց սա փոխզիջում չէր, այլ շարունակվող փոխհրաձգություն: Պարզապես կարճ մարտից անցան երկար մարտի: Լայնացավ հեռավորությունը` մեծացնելով եւ ձգելով տարածություն ու ժամանակ:  

Նոր ընտրություններն ընդդիմության ժամանակավոր, մեկ տարվա կենսականություն ունեցող ծրագրի վերջին փուլն էր: Նիկոլը բռնեց այդ վերջից եւ իր համար դարձրեց սկիզբ: Նիկոլի հաշվարկը խորամանկ է, քանի որ այդ վերջի մեջ փնտրում է փրկություն. վերընտրվել, նորից հաստատվել եւ այդպես հարցը փակել, ընդդիմության հարցը: Իսկ արդյո՞ք այդ վերջի մեջ ընդդիմության համար կա սկիզբ, փրկություն, շարժումը փրկելու փրկություն, նպատակային ասած` հայրենիքի փրկություն: Հայրենիքի փրկության շարժումը Նիկոլը դարձնում է սեփական անձի փրկության շարժում:

Ընդդիմության շախին մատ է անում Նիկոլը, գոնե այս պահին հավակնում է` խաղատախտակի վրա վերադասավորելով քարերը: Խաղասեղանին նետած արքայի պատկերով թուղթը Նիկոլը կտրում է վեցանոց հաղթաթղթով: Ընդդիմության առաջարկած ծրագրի վերջը Նիկոլի համար դառնում է նոր սկիզբ, իսկ նույն ընդդիմության համար` վերջ, վերջին վերջ:

Մասնակից թեկնածուների եւ կուսակցությունների հետ Նիկոլը եւ «Իմ քայլը» հավասար բարոյականությամբ գնում են ընտրության: Պատերազմում պարտվածներն ունեն հավասար իրավունքներ պատերազմում հաղթածների հետ եւ չափվում են նույն նշաձողով: Սա դուրս է մարդկային տրամաբանությունից` բարոյական, քաղաքական, սոցիալական ու ոգեղեն, եւ ցանկացած եզրույթից: Բայց արդյո՞ք հավասար գործիքակազմ կիրառելով է գնում ընտրության, արդյո՞ք նույն պայմաններն են եւ հնարավորություններն են նույնը: Իշխանություն, որ ամեն ինչ ունի իր ձեռքում, ընդդիմություն, որ ոչինչ չունի ձեռքին:

Թշնամուն պարտվածը հավակնում է հաղթել յուրայինին: Ցինիկաբար հայտարարել, եթե ժողովուրդը որոշել է իրեն կանգնեցնել գնդակահարության պատի տակ, ինքը պատրաստ է, փախնող չի: Արդեն փախել է մարտի 1-ից հետո: Իսկ հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը մերժելը, եւս 20-21 օր զոհեր տալը... էլ չեմ շարունակում, միայն այդքան զոհը բավական է, նրա՛նք են պահանջում, որ կանգնի գնդակահարության պատի տակ, լինի երկրի վարչապետ, թե Մայր Թերեզա: