Մեզ մնում է վստահել միայն Ադրբեջանի «ազնիվ» խոսքին 

Մեզ մնում է վստահել միայն Ադրբեջանի «ազնիվ» խոսքին 

Եվ այսպես՝ «Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջեւան ուղեւորատար փոխադրումներ իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է ավիաընկերությունը, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման։ Կոնտեքստը՝ որպես Բաքվի վճռական ցանկություն՝ ռեգիոնում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։

Իսկ հնարավո՞ր է, որ ադրբեջանական քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռը Հայաստանի տարածքով տեղափոխի, ենթադրենք, ոչ թե քաղաքացիական բեռներ, այլ ռազմամթերք․ ո՞վ է ստուգում, եթե ընդունում-հանձնումն անում են ադրբեջանցիները։ Կամ ո՞վ կարող է ստուգել։ Հարցն ուղղում ենք ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանին, որն ասում է․ «Ընդամենը մի ձևով․ ռազմա-օդային ուժերը բարձրանան վերև, իջեցնեն էդ օդանավը, այն ստուգվի։ Որիշ ձև չկա»։

Այսինքն՝ հայկական կողմին մնում է միայն հավատալ ադրբեջանցիների ազնիվ խոսքին։

Նավիկ Խաչատրյանն ասաց, որ անվտանագության թեման երբևէ որևէ երկրում չի կարող թերագնահատվել։ 

«Ես, որպես անվտանգության փորձագետ, կարող եմ ասել, որ հարաբերակցությունը 30/70 տոկոս է։ 30 տոկոսը կոմերցիան է, 70-ը անվտանգությունն է։ Կոմերցիան այն է, որ ամեն մի կիլոմետրի համար, կախված օդանավի քաշից, կա նորմա, որով հաշվարկվում է արժեքը, որը վճարվում է Եվրականտրոլի կողմից և հասանելիք գումարը վճարվում է նավիգացիային, իսկ հետո դրա որոշ մասը կգա պետբյուջե։ Բայց հարցն այն է, որ եթե մի բան անվտանգ չէ, արդյոք կարելի է խոսել փող աշխատելու մասին։ Օրինակ՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոմիտեն՝ ԻԿԱՕ-ն որոշ դեպքերում անմիջապես տարածքները փակում է»։

Փորձագետը հիշեցրեց 2016 թվականի մի ողբերգական դեպք, երբ Ուկրաինայի տարածքում թռչող հոլանդական քաղաքացիական օդանավը խփվեց Ռոստովի մոտ տեղակայված «Բուկ» համակարգից։ Միջազգային սկանդալին հետևեցին ռուսական կողմի հերքումները։ 

Նավիկ Խաչատրյանը մի փոքր այլ կերպ ներկայացրեց այն, թե արդյոք Ադրբեջանի համար անհրաժեշտ է Հայաստանի թույլտվությունը հարցին նախկինում տված իր մեկնաբանությունը՝ ասելով․ «Օդային տարածքը բաց է, բայց որևէ երկրի տարածքով թռնելու համար պետք է լինի համապատասխան համաձայնեցում»։ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Հակոբ Ճաղարյանն էլ Բաքու-Նախիջևան թռիչքի շուրջ մեջբերեց ICAO հիմնադիր փաստաթուղթը` Չիկագոյի Կոնվենցիայի առաջին հոդվածը, որը կոչվում է «Ինքնիշխանություն»։

Այն ասում է տրամագծորեն հակառակի` սեփական երկրում սեփական օդային տարածքի հանդեպ ունեցած անսահմանափակ տարածքի մասին, որ ամեն երկիր իր օդային տարածքի միակ և աներկբա սուվերենն է։