Ինչի կարող է վերածվել պատգամավորի դեմ մահափորձն Ադրբեջանում

Ինչի կարող է վերածվել պատգամավորի դեմ մահափորձն Ադրբեջանում

Ադրբեջանը, կարելի է ասել, ալեկոծված է։ Այդ երկրի խորհրդարանի պատգամավորներից մեկի՝ Ֆայզել Մուստաֆայի վրա ինքնաձիգից կրակել են։ Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Բաքվում՝ պատգամավորի տան մոտ։ Ադրբեջանական մեդիան կատարվածը համարում է աննախադեպ եւ չափազանց վտանգավոր։ Բաքվում թե՛ լրատվամիջոցները, թե՛ փորձագետներն ու վերլուծաբանները կարծում են, որ Մուստաֆայի դեմ մահափորձը չափազանց վատ «մեսիջներ» է պարունակում իր մեջ։ Ադրբեջանում վերջին անգամ պատգամավորի կյանքի եւ առողջության դեմ ոտնձգություն իրականացվել է 1996 թվականին։ Այն ժամանակ քաղաքի կենտրոնում սպանվեց Բալականիի շրջանից ընտրված պատգամավոր Ալի Անցուխսկին։ Ալիեւյան վարչակարգի քարոզչական-մեդիա հարթակները հայտարարեցին, որ դրանով փակվել է քաղաքական սպանությունների էջը երկրում։

Ֆայզել Մուստաֆան պատահական մարդ չէ։ Նա ադրբեջանական «Մեծ վերածնունդ» կուսակցության նախագահն է, ադրբեջանական քաղաքական դաշտի հնաբնակներից մեկը։ 90-ական թվականներից Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի «Ադրբեջանի ժողճակատի» ղեկավարներից մեկն է եղել։ Անձամբ համարվել է Էլչիբեյի ամենահավատարիմ կողմնակիցներից մեկը։ 27 տարի աշխատել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմում, ղեկավարել իրավապահ համակարգի հետ աշխատանքները։ Ադրբեջանի ներկա վարչակարգի տարիներին նախ եղել է արմատական ընդդիմության ներկայացուցիչ, 2005 թվականից ավելի մեղմացրել է կեցվածքը եւ սկսել է ներկայացնել ադրբեջանական խորհրդարանում Սաբունչինյան շրջանի բնակչության շահերը։

Ադրբեջանական մեդիան հատկապես ուշադրություն է դարձնում Ֆայզել Մուստաֆայի վերջին տարիների գործունեությանը։ Սա նշանային հանգամանք կարելի է համարել, քանի որ, ամենայն հավանականությամբ, տեղի ունեցածը Բաքուն «փաթեթավորելու» եւ իր հասարակությանը «հրամցնելու» է հակաիրանական լույսի ներքո։ Բանն այն է, որ ադրբեջանական մեդիայում կան հրապարակումներ այն մասին, որ իրանական հատուկ ծառայությունները կապ ունեն այս մահափորձի հետ, քանի որ Մուստաֆան վերջին տարիներին հատկապես աչքի է ընկել հակաիրանական հայտարարություններով եւ Թեհրանի քաղաքական գծի սուր քննադատությամբ։ Թե իրականում ով եւ ինչու է մահափորձ կատարել ադրբեջանցի պատգամավորի դեմ, ու ինչու այս դեպքը տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի՝ «Ադրբեջանը պաշտպանության կարիք ունի, քանի որ ունի շատ երկար ձգված սահման Իրանի հետ» ինտրիգային հայտարարությունից հետո, դժվար է ասել։ Ամեն դեպքում, կարծես թե փորձ է արվելու սա ներկայացնել հակաիրանականության «սոուսով»։