Նախկին վարչապետը հանրային պահանջ է իրացնում  

Նախկին վարչապետը հանրային պահանջ է իրացնում  

Ապրիլի 29-ին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, դասախոսություն է կարդացել էներգետիկ անվտանգության թեմայով: Արայիկ Հարությունյանը դիտվում է որպես եկող տարվա նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուներից մեկը, եւ նրա որեւէ քայլ գնահատվում է հենց այդ համատեքստում: Մեծ է հավանականությունը, որ Արցախի նախագահի պաշտոնի համար մրցակցությունը մոդելավորվի որպես պայքար լիբերալ եւ պահպանողական ուժերի միջեւ:

Տվյալ իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում քարոզչա-տեղեկատվական գրագետ քաղաքականության միջոցով վերցնել նախաձեռնությունը` Արցախի ապագան դիտարկելով գլոբալ զարգացումների տիրույթում: Խոսքը ոչ միայն քաղաքական, այլեւ ամենից առաջ տնտեսական հեռանկարի մասին է` ի հակակշիռ զուտ պոպուլիստական հայտարարությունների: Հանրության առաջատար ուժը երկուսն են` մտավորականությունը եւ երիտասարդությունը: Արցախի մտավորականությունը, որքան ցույց են տալիս դիտարկումները, մեծամասամբ խանդավառված չէ Հայաստանում տեղի ունեցող տրանսֆորմացիաներով: Նույնը կարելի է ասել երիտասարդության մասին, որի նկատմամբ որոշ շրջանակների կողմից տարվում է պարզ հավաքագրման քաղաքականություն` շեշտը դնելով ռազմա-հայրենասիրական պաթետիկայի վրա: Այս իրավիճակում կարեւորվում է համապատասխան ցանցային աշխատանքը, ինչը, կարծես, սկսել է Արայիկ Հարությունյանը:

Դատելով համացանցում տարածված տեսագրությունից` Շուշիի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմին հետաքրքրել են Արայիկ Հարությունյանի դիտարկումները, որոնք, պետք է խոստովանել, իրենց բնույթով նորարարական են: Նախկին վարչապետն Արցախի ապագան դիտարկել է գլոբալ զարգացումների համատեքստում: Քաղաքական մտածողության այս որակը ներարցախյան կյանքում ավանդույթներ չունի: Հասարակությունը վարժված է լսելու ստանդարտ մտքեր, որոնք փաթեթավորվում են ռազմա-հայրենասիրական պաթետիկայով կամ համազգային միասնության մասին զեղումներով:

Արայիկ Հարությունյանը փորձում է ներքաղաքական դիսկուրս մուծել պրագմատիզմ եւ գիտականություն: Եթե դա նրա մարտավարությունն է սպասվող նախագահական մրցապայքարում, ապա հարկ է նկատել, որ նա ընտրել է բավականին բարդ, բայց պատմականորեն խիստ պահանջված ճանապարհ, որը հաջողությամբ անցնելու դեպքում Արցախը կդառնա որակապես նոր պետություն: Պահպանողականները, ինչ խոսք, փորձելու են շեշտադրել ազգային գաղափարախոսության կարեւորությունը: Բայց այդ ժամանակները, կարծես, մնացել են անցյալում: Մանավանդ որ որակապես այլ պետություն է դառնում Հայաստանը, փոխվում է աշխարհը, ծնվում են բոլորովին նոր մարտահրավերներ:

Արայիկ Հարությունյանը մտավորականությանն այլընտրանք է առաջարկել: Ո՞րն է լինելու վերջինիս արձագանքը: Կկայանա՞ կառուցողական երկխոսություն: Մտավորականությունն ունի՞ առաջարկությունների, մոտեցումների իր փաթեթը` պարզ կլինի ժամանակ անց: Առայժմ փաստ է, որ Արցախում քաղաքական կարծրատիպերը հաղթահարելու գործընթաց է մեկնարկում` նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ: Որքանո՞վ դա ընկալելի կլինի հասարակության մեծամասնության համար: Իսկ գուցե Արայիկ Հարությունյանը հենց հասունացած հանրային պահա՞նջն է իրացնում: