Քաղաքապետի հարցը չլուծած՝ փոխքաղաքապետի «բազար» են անում

Քաղաքապետի հարցը չլուծած՝ փոխքաղաքապետի «բազար» են անում

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանն ինքնաբացարկ ներկայացրեց թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, ինչը նշանակում է՝ մարզպետն այլևս քաղաքապետ չի դառնա։  

Ընտրություններին ամենից շատ ձայն հավաքած «Բալասանյան դաշինքը» ոչ մի կերպ չի ընկրկում։ Չնայած այս օրերին մեծ ճնշումներ են գործադրվում դաշինքի անդամների վրա, գործին ԱԱԾ-ն է խառնվել, նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի մտերիմներին՝ քաղաքապետարանի աշխատակիցներին է ձերբակալում, բայց դաշինքին մոտ կանգնած մեր աղբյուրի պնդմամբ՝ «Դա խազ գնալու են, Բալասանյանի թեկնածուն՝ Վարդգեսը, ամեն գնով քաղաքապետ է լինելու, իրենց ժողովուրդն է ընտրել, որոշված է՝ ավելի լավ է՝ ԱԱԾ-ն տանի, քան գյումրեցոց աչքից ընկնեն»։

Մեզ հասած տեղեկություններով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել  «Բալասանյան դաշինք»-ի եւ «Զարթոնք» կուսակցության միջև, որ եթե անգամ կոալիցիա չկազմեն, ապա ավագանու նիստին կմիավորվեն եւ միասին կքվեարկեն «Բալասանյան դաշինք»-ի թեկնածուի օգտին։

Մեր զրուցակցի խոսքերով՝ իշխանական կուսակցության ներսում թեև, թվում է՝ համակերպվել են պարտության հետ, անարդյունավետ բանակցություններից հետո քայլեր են ձեռնարկում իրենցով անել քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը՝ ՔՊ երկրորդ համարին՝ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբորը՝ Արման Բաղդասարյանին փոխքաղաքապետ կարգելով։

Միայն թե այստեղ էլ Սամվել Բալասանյանի ավագ որդին՝ Միսակ Բալասանյանն է խաղաքարտերը խառնում։ Գաղտնիք չէ, որ «Բալասանյան դաշինք»-ը ֆինանսավորողն ու ստեղծողը հենց նա է, այլ կերպ ասած՝ դաշինքի ետևում կանգնած է նախկին քաղաքապետի որդին, ով որոշել է քաղաքականություն մուտք գործել մաքուր էջից։ «Ինքն իր պրինցիպներն ունի, հերը ինչ-որ առումով զիջող էր, նա նման չէ հորը»,-ասաց մեր աղբյուրը՝  հավաստիացնելով, թե քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուն Բալասանյանի քրոջ ամուսինն է՝ Ռուբեն Սանոյանը, հենց նա էլ մնալու է որպես փոխքաղաքապետ։

Ի դեպ, այս օրերին, թեև կառավարությունը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց, քաղաքը շարունակում է ղեկավարել Սանոյանը, քաղաքացիները շարունակում են նրան դիմել հարցերով, պաշտոնական ընդունելությունները նա է կազմակերպում։