Հայ-ռուսական հարաբերությունների եւ «Նիկոլի քաղաքական ապագայի» մասին

Հայ-ռուսական հարաբերությունների եւ «Նիկոլի քաղաքական ապագայի» մասին

«Հրապարակի» մեր հարգելի ավագ գործընկեր Էդիկ Անդրեասյանը «Ստանիսլավ Զասը շարունակում է «հավատարիմ մնալ ինքն իրեն եւ ՀԱՊԿ-ի ոգուն»» հոդվածին արձագանքելով հետեւյալ մեկնաբանությունն է արել․ «Շատ խելացի վերլուծություն է... միայն թե հեղինակը չի ասում, թե տեսնես ինչից է, որ Թուրքիան կես քայլ անգամ չի անում դեպի Հայաստան: Երևի Նիկոլից է վախենում... Դու ասա՝ ո՞ւմ է պետք ՀՀ կառավարություն կոչվող այս դիակը, որ պահում ենք մինչև հոտի»։ Ինչ խոսք, ուրախալի է, որ մեր փորձառու գործընկերը ուշադրություն է դարձրել վերոնշյալ հոդվածին։ Ու քանի որ իր մեկնաբանության մեջ մեր գործընկերը բավական կարեւոր հարցեր է բարձրացրել, անդրադառնամ այդ մեկնաբանությանը։

Գուցե սխալվում ենք, սակայն Թուրքիան կես քայլ անգամ առաջ չի գալիս դեպի Հայաստան ոչ թե այն պատճառով, որ վախենում է Նիկոլից, այլ որովհետեւ գործում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության մասին բավականին լավ պայմանագիր, որով Հայաստանում Ռուսաստանն ունի իր ռազմակայանը, որը կարծես թե հենց այդ առաքելության համար է։ Մի հետաքրքիր ու բավականին հին պատմություն կա, որը կուզենայինք մեջբերել․ ուրեմն պատմում են, որ երբ արդեն Խորհրդային Միությունը փլուզվել էր, ԼՂ-ում արդեն վիճակը բավականին լարված էր ու խառը, եւ դեռ Հայաստանում ռուսական զորակազմի մնալու հարցը նոր-նոր էր հստակեցվում, հայ-թուրքական սահմանի վրա, օրերից մի օր մի քանի կրակոց է արձակվում թուրքական կողմից, դեպի հայկական կողմ։ Տեղում ծառայություն իրականացնող զինվորականները /կարծես թե հայ եւ ռուս/ հասկանում են, որ իրավիճակը կարող է բավական տհաճ զարգացումներ ունենալ։ Ու որոշում են փոքրիկ խորամանկություն անել՝ բարձրացնում են Ռուսաստանի Դաշնության դրոշը։ Մի քանի րոպեից կրակոցները դադարում են, ու դադարում են ընդմիշտ։ Թուրքիան դեպի Հայաստան չի առաջանում արդեն հասկանալի է թե ինչու, որովհետեւ սահմանի պաշտպանությունը իրականացվում է Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանի հանդեպ հայ-թուրքական սահմանի առնչությամբ, առնվազն անշնորհակալություն կլիներ հավակնություն ունենալը։ Ի դեպ, այն նաեւ ՆԱՏՕ-ի եւ ԱՊՀ արտաքին սահմանն է, կամ ինչպես ռուսներն են սիրում ասել՝ «իրենց հարավային դարպասները»։ Հայ-ադրբեջանական հարցերը, այս մասով պետք է տարբերակված դիտարկել։

Գալով այն հարցին, թե արդյոք Նիկոլից են վախենում։ Պատասխանը պարզ է՝ իհարկե ոչ։ Առհասարակ, երբ հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների հիմքերն էին դրվում, Նիկոլի, որպես «քաղաքական ֆիգուրի» «նախագծա-նախահաշվային փաստաթղթերը դեռ կազմված չէին», ուր մնաց թե նա որպես գործոն դիտարկվի։ Նաեւ այսօր՝ Նիկոլը որեւէ բանի գործոն չէ, որ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, կամ ռեգիոնում։ Նիկոլն ընդամենը ֆունկցիոներ է՝ «գործակատար», որը վատերի մեջ ամենից վատթարագույն է, ով պատրաստ է կատարելու այն «սեւ գործը», որը նախատեսված է, որ պետք է կատարվեր՝ Հարավային Կովկասի նոր ռեգիոնալ-քաղաքական ճարտարապետության կերտման համատեքստում։ Երբ նա ավարտի իր «գործը» ասպարեզը «կզիջի», զուտ թեկուզ նրա համար, որ այլեւս ոչ մեկին պետք չի լինի /«Մավրն ավարտեց իր գործը, Մավրը պետք է հեռանա»/։

Հոդվածն ավարտենք այս հարցի հետ կապված մեկ հետաքրքիր պատմությամբ։ Ասում են, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման վերջերում, երբ վարչապետ էր արդեն Ռոբերտ Քոչարյանը, Ֆրանսիայի նախագահից /կարծես՝ Ժակ Շիրակից/ հրավեր է գալիս հանդիպման, որի ընթացքում խոսվելու էր նաեւ Ղարաբաղյան կարգավորման հարցը։ Հայաստանից պետության առաջին դեմքերի մակարդակով պատվիրակություն է մեկնում։ Հանդիպումների ընթացքում պատվիրակության անդամները հասկանում են, որ առավել կարեւորություն է տրվում «ռեալ-քաղաքական» հարցերի քննարկման մասով այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, քան նախագահ Տեր-Պետրոսյանին։ Դրանից «ուշիմները» հասկանում են, որ ուրեմն արդեն կա առնվազն ռուս-ֆրանս-ամերիկյան կոնսենսուս` Հայաստանում ղեկավարի փոփոխության եւ Հայաստանում իշխանության ղեկին լինելու է Քոչարյանը։ Պատմում են, որ այդ այցից հետո Տեր-Պետրոսյանի հրաժարականը շատ չի ուշանում։ Բնականաբար առաջին նախագահն էլ հասկացած է լինում, թե «քամիներն ինչպես են փոխվել»։