Թոշակառուն ասում է՝ 5000 դրամս տուր
Մեծամեծերով խոսեցին, ամրագրեցին, որ բանկային քարտով առևտուր անող թոշակառուները կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի՝ քան 5000 դրամ։ Այնպիսի տպավորություն էր, որ բոլոր թոշակառուներն այդ 5000 դրամը կստանան։ Տեսեք, տեսեք, մեր կառավարության քունը թոշակառուների համար չի տանում։ Հետո ասացին, որ կառավարության առաջարկած ծրագրին միացել են կենսաթոշակառուներին սպասարկող ոչ բոլոր բանկերը։ Երբ մի բանում ճեղք են թողնում, նշանակում է, որ դրա մեջ պոպուլիզմ են լցնում, որ թոշակառուները, ազգն էլ հետը, դրանով կշտանան։ Այդպես էլ եղավ։ Թոշակառուների մի մասը չգիտի էլ, թե դա ինչ օրենք էր, թե իրենք ինչու են գնում անում ու հինգ հազար դրամ չեն ստանում։ Շատ թոշակառուներ են ինձ դիմել՝ մենք գնումներ ենք անում, բայց մեր քարտի վրա փող չի գալիս։ Երբ ասում եմ՝ ինչ որ բանկերից պետք է օգտվեն, գլուխները թափահարում ու ասում են՝ դրանց բերանում ,, մի դուզ խոսք չկա,,։ Թե օրենք է, թող բոլոր թոշակառուներին վերաբերվի, հիմա ես ի՞նչ իմանամ՝ ո՞վ է ստանում, ով՝ ոչ։ Ամեն ինչ շիլաշփոթ են սարքում։
Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր, որ թոշակառուների մեծ մասը նման թյուրիմացությունների մեջ են ընկնելու՝ տարիքի, հիվանդության, միայնակ լինելու և հազար ու մի այլ պատճառով։ Այսօր Զովքում մի թոշակառու վաճառողուհուն ասում էր՝ բալա ջան քանի ամիս է թոշակովս առևտուր եմ անում, ահագին փող հավաքված կլինի, մի ասա տեսնեմ՝ ինչքա՞ն է կուտակվել։ Վաճառողուհին էլ ուսերը վեր քաշեց՝ «ես տենց բան չգիտեմ, հայրիկ»։ Նա էլ հետը վիճում էր՝ խի՞ , ամեն ինչ սու՞տ է։ Կողքին էլի թոշակառուներ կային, ծիծաղեցին։ Բա թե կառավարության առաջարկած ծրագրին միացել են կենսաթոշակառուներին սպասարկող ոչ բոլոր բանկերը։ Բա ձեր հիմնադրամներին փոխանցելու համար, ձեզ համար, խի՞ են մի մարդու նման բոլորը փոխանցում։ Ինչու՞ չեք մի ճեղք թողնում, որ մեկը «կարողանա պլստալ»։ Կամ ինչու՞ չեք հայտարարում, թե թոշակառուների քանի տոկոսն է այդ 5000 դրամը ստանում։ Մնացածը ի՞նչ մեղքի տեր են, որ իրենց տանը մոտ բանկից են ստանում։
Կարծիքներ