«Զրո»-ներին համարժեք «մեկ»-եր

«Զրո»-ներին համարժեք «մեկ»-եր

Սիսիանի խոշորացված համայնքի ավագանու ընտրությունը շահել է Նիկոլի կուսակցությունը: Եվ Սիսիանի համայնքապետ է ընտրվել Հակոբջանյան Արմեն անուն-ազգանունով քպկականը: Ընտրությանը մասնակից ՔՈՍԴԿ ցուցակի 7-րդ համարը զբաղեցնող Մհեր Ազոյանի կարծիքով Հակոբջանյան Արմենը զուրկ է գործարար ջիղից և համայնքի համար ոչինչ անել չի կարողանալու: Որքան էլ դեմ լինեմ Փաշինյան Նիկոլին և նրա ստեղծած կուսակցությանը, պետք է խոստովանեմ, որ դա ինձ քիչ է հուզում: Բացատրեմ՝ կառավարչական ունակությունների բացակայությունը համատարած երևույթ է «նիկոլական» Հայաստանում: Այնպես որ, առանձին մի համայնքում դրա առկայությունը ոչինչ փոխել չի կարող:

Նույնիսկ շատ ավելի լավ է, որ Հակոբջանյան Արմենը գործունյա անձնավորություն չէ: Որովհետև համատարած գորշության մեջ ինքը կընկալվեր որպես սպիտակ ագռավ ու կունենար խնդիրներ: Համայնքն էլ դրանից ոչ թե օգուտ, այլ վնաս կկրեր: Իսկ քանի որ իր բնույթով ինքը չի տարբերվելու քպկական ճահճից, ապա կընկալվի որպես դրանցից մեկը: «Մեկը» գրելով հիշեցի տարիներ առաջ ընդդիմադիր գործիչ Փաշինյան Նիկոլի՝ «Այդ մեկը դու ես» կարգախոսը: Փաստորեն, փաշինյանական այդ «մեկ»-երը ոչ թե պետք է միավոր լինեին, այլ «զրո»-ներին համարժեք ոչինչ:

Իսկ այժմ ացնենք «հեղափոխական» իշխանությունը բնորոշող մեկ այլ ասպեկտի: Խոսքը քպկականների կողմից քվեարկության օրը կիրառված ընտրախախտումային «նորամուծության» մասին է: Ավելի ճիշտ ոչ թե երևույթն է նորարական, այլ դրա օգտագործման ինտենսիվությունը: Քանի որ այն նախկինում էլ էր օգտագործվում, բայց ընդամենը օժանդակ դեր էր կատարում: Երևույթը նկարագրելու համար, ընթերցողների թույլտվությամբ, ծավալուն մեջբերում անեմ «Հրապարակ»-ից՝ օգտագործելու համար պարոն Ազոյանի կենդանի խոսքը: «Մի տեղ ՔՊ-ական թեկնածուն էր կանգնած, մի տեղ ՔՊ-ական պատգամավորը՝ Կարենը Համբարձումյան, մի տեղ էլ՝ պատգամավորի հորեղբայրը: Ամբողջ օրը մեկ րոպե անգամ չբացակայեցին: ... [պատգամավորն] ավտոյի մեջ նստած, «ավարյոնիները» միացրած, ուշադրություն էր գրավում: Նայում էին, գլխով էին անում, թե ինչի համար՝ չգիտեմ, բայց որ նրա ֆիզիկական ներկայությունն ազդեցություն է թողել, դա միանշանակ է: Հորեղբայրն էլ՝ մայթի վրա էր էս կողմ-էն կողմ անում»:

44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից և 2021 թ.-ի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում վերարտադրվելուց հետո Փաշինյան Նիկոլն անցավ համայնքները խոշորացնելուն և դրանց կառավարումն իր ձեռքը վերցնելուն: Բնականաբար, սեփական կուսակցության միջոցով: Ինչը հանգեցրեց տեղական ընտրություններում վարչական տեսուրսի չտեսնված չարաշահմանը: Այնպես չէ, որ նախկինների օրոք այդ երևույթը բացակայում էր: Սակայն հատկապես տեղական ընտրություններում շեշտը դրվում էր համայնքապետի թեկնածուի ընկերական-բարեկամական- գործարար կապերի օգտագործման վրա: Բայց քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կոչված կուսակցության անդամները դեռևս չեն հասցրել այդքան ծավալվել, Նիկոլը ստիպված է ողջ հույսը դնել վարչական տեսուրսի չարաշահման վրա: Ինչպես նաև 5-10 հազարանոց ընտրակաշաքների փոխարեն մարդկանց աշխատանքի տեղավորելու խոստումների վրա:

Բայց, որքան հասկանում եմ, երբեմնի «ժողովրդի փրկիչը» բացարձակ զուրկ է պատմությունից դաս քաղելու ընդունակությունից: Եվ ոչ միայն մեր օրերից 100 տարի առաջվա պատմությունից, այլ ընդամենը հինգից տաս տարվա անցյալից: Դեռևս հինգ-վեց տարի առաջ համայնքների մեծամասնությունը ղեկավարվում էր հանրապետականների կողմից: Չնայած այդ հարցում ևս նախկինները շատ ավելի հանդուժող էին, քան Նիկոլը: Համենայն դեպս, չէին փորձում համատարած հանրապետականացնել բոլոր համայնքները: Ինչևէ, համայնքների հանրապետականացումը չփրկեց նախկինների իշխանությունը: Նույնիսկ մատնաչափ անգամ չօժանդակեց փողոցային շարժման դեմ պայքարում. խոսքը վերջնական արդյունքի մասին է: Նիկոլը կարող է մտածել, որ այլևս նման շարժում դժվար թե ծավալվի երկրում՝ հատկապես բազմահազար զոհերով ուղեկցված խայտառակ պարտությունից հետո: Բայց հենց այդ պարտությունն է, ի վերջո, դառնալու այն հիմքը, որի վրա կյանքի է կոչվելու վարչապետի պաշտոնից նրա հեռացման տեսլականը: