Սերգեյ Սմբատյանին իրենց զորակցությունն են հայտնել եւ մխիթարել

Սերգեյ Սմբատյանին իրենց զորակցությունն են հայտնել եւ մխիթարել

Սեպտեմբերի 14-ի երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած համերգով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ազդարարեց 7-րդ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի և 18-րդ համերգաշրջանի սկիզբը: Ինչպես և ակնկալվում էր, համերգն անցել է լիքը դահլիճում և երաժշտասերների ու երաժիշտների ստեղծած ջերմ մթնոլորտում: 

Առանձնահատուկ բուռն ու հուզիչ է եղել նվագախմբի գեղարվեստական գեղակավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ողջունելու տեսարանը, որն օրերս է ազատվել կալանքից եւ վերադարձել իր աշխատանքին:
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգի մենակատարն էր ամերիկացի վիրտուոզ ջութակահար Սթիվեն Ուորթսը, որը հանդես է գալիս աշխարհի բազմաթիվ հեղինակավոր նվագախմբերի հետ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ նրա կատարմամբ հնչել են Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Carpe Diem» ստեղծագործությունը ջութակի և նվագախմբի համար: 

Դե իսկ համերգի բացմանը նվագախմբի կատարմամբ հնչել է Խաչատրյանի հանրահայտ «Հանդիսավոր պոեմը»: «Արմենիա» միջազգային փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հատուկ կարևորություն է տվել միջազգային ամենամյա փառատոնի բացման համերգի ժամանակ Արամ Խաչատրյանի երաժշտությունը ներկայացնելուն՝ նշելով, որ մեծ կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանը պետք է ըստ արժանվույն նշվի: 
Համերգին ներկա են եղել տարբեր հասարակական-քաղաքական դեմքեր` բժիշկ, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադիր-նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը: Ներկա են եղել նաեւ երաժշտական աշխարհի հայտնի դեմքեր` Տիգրան Մանսուրյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, մի խումբ հայտնի կոմպոզիտորներ, և այլն: 

Գաբրիել Չեմբերջյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Սերգեյ Սմբատյանը բարձրակարգ արվեստագետ է և ազնիվ անհատականություն: Նրա խոսքով` երեկ կայացած համերգն անցել է բարձր մակարդակով և բոլոր ներկաները եղել են տպավորված. 

«Հրաշալի համերգ էր, հրաշալի տպավորություններով: Ուրախ եմ, որ ներկա էր նաև փոխվարչապետը, ուրեմն ամեն ինչ նորմալ է, նորմալ նաև Կառավարության հետ»: Նա կարծում է, որ եթե անգամ ինչ-ինչ չարաշահումներ են եղել, Սերգեյ Սմբատյանը դրանց հետ կապ չունի. «Եթե անգամ եղել են թերացումներ, Սմբատյանը կարծում եմ, ոչ մի կապ չունի այդ ամենի հետ: Նա բարձր մակարդակի արվեստագետ է: Նա արվեստի դեսպան եղած է» - նշեց Չեմբերջյանը: Արա Բաբլոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ համերգն անցել է ջերմ մթնոլորտում և ինքը տպավորված է: