«Հրապարակ». Ամբիցիոզ թիրախներ սահմանելը լավ է, երբ գործողությունները համապատասխանում են դրան

«Հրապարակ». Ամբիցիոզ թիրախներ սահմանելը լավ է, երբ գործողությունները համապատասխանում են դրան

Հարցազրույց «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Հայրապետյանի հետ 

- Պարոն Հայրապետյան, կառավարությունը նախատեսում է մինչեւ 2030 թվականը բուհերն ու գիտական ինստիտուտները միավորել եւ տեղափոխել ակադեմիական քաղաք, որին մեծամասամբ դեմ է թե՛ բուհական, թե՛ գիտական հանրույթը։ Ո՞րն է Ձեր մոտեցումն այս հարցին։  

- Իմ մոտեցումը եւ դիրքորոշումը մի փոքր տարբերվում է ընդունված ու տարածված մեկնաբանություններից։ Ես փորձում եմ հարցին խորքային մոտենալ, որովհետեւ աշխարհում կան խոշորացված բուհերի տարբեր մոդելներ, որոնք հաջողել են, ու նաեւ այնպիսիք, որոնք տապալվել են։ Այսինքն, անկախ նրանից՝ մենք որ մոդելով ենք առաջ գնում, երկու սցենարն էլ հնարավոր է։ Ես խնդիրն այլ ուղղությամբ եմ տեսնում․ մի պահ պատկերացրեք՝ մենք 10 տարվա հեռանկարում ինչ արդյունք կունենայինք, եթե Հայաստանի, նաեւ սփյուռքի լավագույն մասնագետները, որոնք իրականում շատ են, դասավանդեին պետական բուհերում եւ իրենց փորձը, հմտությունները փոխանցեին մի քանի տասնյակ հազարավոր ուսանողների, ընդ որում՝ դասավանդեին միայն ու միայն լավագույնները, բոլոր մասնագիտություններով, այդ թվում՝ մեր բուհերի գործող դասախոսներից լավագույնները։ Այս դեպքում հարց է առաջանում՝ մենք ինչո՞ւ դա չենք անում արդեն 30 տարի, ո՞րն է պատճառը․․․

- Հատկապես որ դա շատ ավելի քիչ ծախսատար է, քան զրոյից ակադեմիական քաղաք ստեղծելը։

- Ի դեպ, անկախ քաղաքական ուժերից, որոնք մեր անկախության տարիներին եղել են, իրավիճակը մոտավորապես եղել է նույնը, այսինքն՝ մենք պարզ, նվազագույն քայլերը չենք կատարել եւ խոսել ենք ինչ-որ բարձրագոչ, վեհ մոդելներից ու գաղափարներից։ Այն դեպքում, որ մի շատ պարզ տրամաբանություն կա, որը կարող ենք ձեւակերպել նույնիսկ որպես տեսլական, որ սովորեցնողները պետք է լինեն լավագույնները, եւ լավագույնները պետք է լինեն սովորեցնողներ։ Դա Հայաստանի զարգացման միակ ու իրական տեսլականը պետք է լինի՝ հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական իրավիճակը եւ ռեսուրսների սահմանափակ լինելը, որը պետք է հստակ ամրագրել եւ առաջիկա 5-10 տարիների գործողությունների ծրագիրը նպատակաուղղել դրա իրագործմանը։ Անել այնպես, որ միայն լավագույն մասնագետները սովորեցնեն, մենք Հայաստանում պետք է դառնանք մարդկային կապիտալի առումով ունիկալ զարգացած երկիր, որպեսզի հնարավորություն ունենանք աշխարհում լինել մրցակցային։

- Որպես հիմնավորում ակադեմիական քաղաքի՝ նշվում է, որ այս քայլով պետությունն ուզում է կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը Հայաստանում, եւ մյուսը, որ ուզում է՝ մինչեւ 2030-ը հայաստանյան 5 բուհերը հայտնվեն աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում։ Ձեզ համար այս 2 հիմնավորումները որքանո՞վ են ընդունելի ու նաեւ՝ չափելի։

- Բարձր ու ամբիցիոզ թիրախներ սահմանելը միշտ էլ լավ է, երբ գործողությունները համապատասխանում են դրան, բայց ես ուզում եմ մեկ այլ բան ասել, որ ՀՀ գործող օրենսդրությամբ, բուհերի դասախոսները պետք է ընտրվեն մրցութային կարգով, օրենքի այս պարզագույն եւ իրականում արժեքավոր դրույթը համատարած անտեսվում է բուհերի կողմից, գրեթե ոչ ոք չի խոսում դրա մասին, որ օրենքի կոպտագույն խախտումով համալսարաններում դասախոսների մի ստվար հատված ուղղակի աշխատանքի է անցնում ծանոթ-բարեկամ սկզբունքով, մենք պարզապես թքած ունենք այդ երիտասարդների ապագայի վրա, մենք հասնում ենք ողբերգական հետեւանքների եւ հետո կրկին չենք ուզում հետ նայել, թե ինչպիսի կոպտագույն խախտումներ ենք արել։ Ես ընդհանրապես առաջարկում եմ թե՛ ակադեմիայի իմ գործընկերներին, թե՛ ուսանողներին, թե՛ բոլոր շահագրգիռ մարդկանց, նաեւ ոլորտը լուսաբանող լրագրողներին՝ մի կողմ դնել տարատեսակ օրենքների, ակադեմիական քաղաքների մասին բարդ ու անորոշ հարցադրումները, խելացի բանավեճերը եւ առաջնահերթ քննարկման օրակարգ դարձնել, թե ինչ հիմնավորմամբ չենք կատարում պարզ ու ակնհայտ արդյունք ապահովող քայլերն արդեն 30 տարուց ավելի ժամանակահատվածում։ Ես կարծում եմ, որ պարզապես մարդիկ, որոնք պատասխանատու են տարբեր օղակներում՝ թե՛ բուհերում, թե՛ ամբիոններում, թե՛ բուհերի ղեկավար մակարդակում, թե՛ կառավարության մակարդակում, չեն վերցնում պատասխանատվությունը՝ կատարելու պարզ, բայց իրականում սոցիալական դիմադրություն ստեղծող ակնհայտ քայլերը, եւ այս դիմադրությունը շրջանցելու պատճառով մենք մշտապես տրվում ենք ինչ-որ վերացական, անհասկանալի մոդելների քննարկմանը, որոնք գուցե լավն են, իսկ գուցե վատն են, ես այս պահին չեմ կարող ասել, բայց քանի դեռ մենք առաջնահերթ քայլերը չենք կատարում, այդ ամեն ինչի մասին խոսելն ավելորդ է։

- Վարչապետի խոսքով, ՀՀ-ում գոյություն ունի 60 բուհ, ինչը մեզ համար «եթե ոչ կարմիր, գոնե դեղին նշան պետք է լինի»: ԿԳՄՍ նախարարի կարծիքով էլ` ակադեմիական քաղաքի իրական շահառուներն այսօրվա աշակերտներն են, եւ այս ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում: Արդարացվա՞ծ են այս տեսակետները:

- Խնդրի ախտորոշումը մասամբ ճիշտ է, բայց այդ ախտորոշված խնդիրը լուծելու համար պետք է կատարել իրական քայլեր, իսկ այդ իրական քայլերը պետք է սկսել պարզագույն ակնհայտ գործողություններից։ Ցավոք, 30 տարուց ավելի ժամանակահատվածում այդ ակնհայտ քայլերը չեն կատարվում, անկախ նրանից, թե ինչպիսի երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր են մշակվում կառավարության կամ նախարարության մակարդակով։ Մենք պետք է ճիշտ ախտորոշենք իրավիճակը, ասենք, որ սա է մեր խնդիը, եւ մենք չենք ուզում սոցիալական լարվածություն ստեղծել, որովհետեւ վախենում ենք։ Երբ մենք ճիշտ ախտորոշենք խնդիրը, այդ ակնհայտ քայլերը միանգամից ջրի երես կգան, ու պետք է հասկանանք, որ Երեւանի պետական համալսարանը պատկանում է պետությանը, ոչ թե այդ համալսարանին, եւ, հետեւաբար, եթե այդ համալսարանում դասավանդում են մարդիկ, որոնք իրենց առարկայի հետ կապված ունեն մոտավորապես զրո գիտելիք, ապա իրենց դասավանդումն այդ համալսարանում ոչ միայն կրթության որակից ցածր լինել է, այլեւ հանցագործություն է, եւ միայն ճիշտ որակումը տալու պարագայում մենք կարող ենք հասնել իրական լուծումների, քանի որ մարդը երբ չի տիրապետում իր առարկային, չպետք է դասավանդի, եւ վերջ։

- Բայց պետությունը ցանկություն ունի՞ ախտորոշելու եւ այդ խնդիրներին համակարգային լուծում տալու։

- Կարծում եմ, որ 30 պլյուս տարիների ընթացքում որեւէ իրական քայլ այս ուղղությամբ չի իրականացվել թե՛ ախտորոշման, թե՛ ախտորոշված խնդիրների արձանագրման՝ իրենց իրական բնութագրերով։

- ԳԱԱ համակարգում գործող մի շարք ինստիտուտների տնօրեններ օրերս բարձրաձայնեցին, որ կառավարությունն իրենց հետ ուլտիմատումներով է խոսում եւ մինչեւ 2027թ․ հունվարի 1-ն իրենց ժամանակ է տվել՝ մտածելու այս խոշորացման ուղղությամբ, այլապես 2027թ․ հունվարի 1-ից պետությունը չի ֆինանսավորելու ակադեմիական համակարգում գտնվող ինստիտուտները։ Ակնհայտ է, որ պետությունը, ի դեմս իշխանության, ցանկություն չունի երկխոսելու գիտական համայնքի հետ եւ իմպերատիվ տոնով իր կամքն է թելադրում։

- Երկխոսությունը ցանկացած քննարկման դեպքում կարեւոր է, եւ կարծում եմ՝ պետք է հաշվի առնել մարդկանց կարծիքը, եւ անկախ նրանից՝ ֆինանսավորման ինչ մոդել է ընտրվելու որպես առաջնահերթ նպատակ, պետք է ամրագրել արժեքի ստեղծումը եւ կրթության իրական որակի ապահովումը։ Եթե կառավարության առաջարկած մոդելով ապահովվելու է կրթության բարձր որակ, ես միայն ուրախ կլինեմ, որովհետեւ, ինչպես նշեցի, առաջարկված մոդելով հնարավոր է 2 տարբերակն էլ տեսնենք, երբ նախագիծն ամբողջությամբ տապալվի, եւ մենք ունենանք այն, ինչ մինչեւ հիմա ունեցել ենք, կամ իրականում կատարենք այն մնացած բոլոր անորոշ քայլերը, որոնց մասին արդեն խոսեցի, եւ ունենանք որակյալ բարձրագույն կրթություն։ Միայն մոդելի ընտրությունից, ես չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունենում, ամեն ինչ կախված է գործողություններից՝ այդ անհրաժեշտ գործողությունները կատարվելո՞ւ են, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ մենք պարզապես շատ ենք շեղվում իրական խնդիրներից եւ քննարկում ենք ձեւը, իսկ անկախ նրանից՝ կլինի ակադեմիական քաղաք, թե ոչ, դա ձեւին վերաբերող հարց է, եւ բոլորովին մոռանում ենք բովանդակության մասին խոսել։ Սա ինձ համար մոտավորապես նույն իրավիճակն է, երբ մեքենայի շարժիչը չաշխատի, եւ մենք հավաքվենք ու քննարկենք, թե մեքենան ինչ գույնի պետք է ներկել կամ ինչպես պետք է ձեւափոխել, որպեսզի ավելի լավ մեքենա դառնա։ Քանի դեռ շարժիչը չի աշխատում, մնացած ամեն բան ձեւական բնույթ է կրում։