«Դաբրոն» ստացել է ու թեկնածությունը դրել․ եւս 3 տարի կկործանեն հայկական ֆուտբոլը

«Դաբրոն» ստացել է ու թեկնածությունը դրել․ եւս 3 տարի կկործանեն հայկական ֆուտբոլը

Դեկտեմբերի 23-ին նախատեսված է ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան նաեւ ՀՖՖ նախագահի ընտրություններ: Ինչպես հայտնի է, ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված է երկու թեկնածու․ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը: Արազին առաջադրել է Հայաստանի գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն, իսկ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ խորհրդային հայտնի մարզիկ Խորեն Հովհաննիսյանի հիմնադրած «Անի» ՖԱ-ն:  

Սպորտային մեկնաբան, «Ֆուտբոլ +» թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Սուրեն Բաղդասարյանին խնդրեցինք գնահատել գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի եւ Արազ Օզբիլիսի շանսերը, ինչպես նաեւ ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարության գործունեությունը։ 

«Ես բազմիցս եմ բարձրաձայնել, թե ինչ է կատարվում մեր ֆուտբոլում։ Պարզապես ցավալի է, որ շարունակվում է ծանոթ- բարեկամ, վերեւներից միջամտելու պրակտիկան, դրա համար էլ այս վիճակն է, ո՛չ ֆուտբոլ ունենք, ո՛չ էլ մեր երկրի վիճակն է մխիթարական։ Ուղղակի ես չգիտեմ, թե սրա վերջն ինչ է լինելու։ Բազմիցս եմ ասել, որպեսզի մենք իրոք ժողովրդավարական, իրավական պետություն դառնանք, պետք է իրավունքի դիկտատուրա լինի, պետք է մարդիկ հարգեն օրենքները, եւ ծանոթ- բարեկամի համակարգը չգործի»։  

Ս․ Բաղդասարյանն ընդգծում է՝ նախորդ անգամ, ըստ էության, ոչ թե ընտրություն է եղել, այլ պարզապես՝ նշանակում։ «Իսկ թե որ ծառայության համար նրան նշանակեցին, դուք բոլորդ էլ շատ լավ գիտեք՝ չեմ ուզում նույն բաները կրկնել․․․։ Ուղղակի ցավալի է այս ամենը, Մելիքբեկյանն ի՞նչ է արել կամ, ընդհանրապես՝ կյանքում ինչի՞ է հասել, նա փորձել է մեկնաբան դառնալ՝ տապալվել է, նրան ամեն տեղից հանել են։ Այս տարիների ընթացքում Մելիքբեկյանն ու Նիկողոսյանն ուղղակի տապալել են մեր ֆուտբոլը։ Նայեք միայն պատանիների տարբեր տարիքային խմբերի ելույթները՝ խայտառակությունը շարունակվում է։ Օզբիլիսն իր թեկնածությունը դնելիս ճիշտ բան ասաց, որ մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը, բայց մտածելակերպը, ցավոք, այդքան հեշտ չէ փոխել, եւ դեռ փոքրուց պետք է դաստիարակել, որ օրենք հարգեն, դրա համար էլ մենք այս վիճակում ենք։ Մելիքբեկյանն ի՞նչ է արել մեր ֆուտբոլի համար, հետագայում, երբ արդարություն լինի, նոր կպարզվի, թե ինչով են սրանք զբաղված եղել։ Սա հերթական անգամ ոչ թե ընտրություն է լինելու, այլ՝ նշանակում։ Մինչեւ վերջին պահը կասկածներ կային, բայց իմ ալիքներով ես արդեն գիտեմ, որ «դաբրոն» ստացել է եւ իր թեկնածությունը դրել, ընդ որում՝ Նիկողոսյանի նախաձեռնությամբ է այդ «դաբրոն» ստացել, եւ պետք է եւս 3 տարի նրանք կործանեն հայկական ֆուտբոլը»,- ցավով նշում է Ս․ Բաղդասարյանը։ 

ՀՖՖ կանոնադրության 86-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ ՀՖՖ նախագահի 2023թ. ընտրություններին 4 տարվա պաշտոնավարման ժամկետը կկրճատվի մինչեւ 3 տարի, որպեսզի մինչեւ 2026-ը գործադիր կոմիտեի անդամների պաշտոնավարման ժամկետները հավասարեցվեն:

Ինչ վերաբերում է Արազ Օզբիլիսի շանսերին, ապա․ «Ինձ թվում է՝ Օզբիլիսը ոչ մի շանս այլեւս չունի, բայց գոնե Օզբիլիսը լինի, չնայած նրան, որ նա որեւէ կազմակերպչական աշխատանք չի կատարել, բայց այս ամենը ժամանակի ընթացքում կարելի է ձեռք բերել: Կարեւորն այն է, որ Օզբիլիսը եվրոպական դաստիարակություն եւ մտածելակերպ ունի, նա «Այաքսի» պես աշխարհահռչակ ակումբում է կրթություն ստացել։ Մենք երբեք որեւէ բնագավառում չենք ունեցել եվրոպական դաստիարակությամբ ղեկավար, որ պարտադրի օրենքները հարգել։ Սա է մեր խնդիրը, ու սա համազգային ողբերգություն է։ Փաստորեն, այս ընկերները եւս 3 տարի կկործանեն հայկական ֆուտբոլը»։ 
Սուրեն Բաղդասարյանն անդրադառնում է նաեւ մեր ազգային հավաքականի խաղին․ «Մենք ուրախանում ենք, որ հավաքականն առանձին լավ խաղեր է անցկացրել, այո, հիմա լավ խաղացողներ կան, հեռանկարային թիմ ունենք, բայց դա ինչի՞ արդյունք է, որեւէ մեկը գնահատո՞ւմ է իրավիճակը։ Միամիտ են այն մարդիկ, ովքեր կհավատան Մելիքբեկյանի խոսքին, ով գուցե կասի՝ տեսնո՞ւմ եք, այդ մենք ենք, որ կարողացանք «Ուելսին» դրսում հաղթել 4։2 հաշվով։ Դուք չեք հաղթել, հաղթել են դրսից հրավիրված այն տղաները, որոնք մեր ֆուտբոլային «պրոդուկտը» չեն։ Հետո՝ ինչո՞ւ նրանք հաշվետվություն չեն տալիս, թե անցած ժամանակահատվածում ինչ են արել, մեր ֆուտբոլին ինչ զարգացում են ապահովել, մենք տեղական կադրեր չունենք հավաքականում, եղածներն էլ մի քանի հոգի են, որ տարիքներն արդեն առել են, ուղղակի խայտառակ վիճակ է ու իմ սիրտը ցավում է դրա համար, որովհետեւ կես դարից ավելի է, ինչ ես հայկական ֆուտբոլի ակունքներում եմ եւ չեմ կարող անտարբեր լինել»։ 

Ներկա իրավիճակն արդյունք է այն բանի, որ, ինչպես ինքն է մատնանշում, գործող նախագահը կոմպետե՞նտ չէ, թե՞ ուղղակի ծանոթ-բարեկամի համակարգն է արմատավորված մեր երկրում։ «Նախ՝ կոմպետենտ չէ, որովհետեւ այդ մարդն իր կյանքում ընդհանրապես չի կայացել, ընդ որում՝ թե՛ ինքը, թե՛ Նիկողոսյանը»։

Բաղդասարյանի կարծիքով՝ ՀՖՖ կանոնակարգն էլ պետք է փոխել։ «Հիմա ակումբներն են ֆեդերացիայի նախագահի թեկնածություններ առաջադրում, ու որ ակումբի կողմից առաջադրվում է, դա նշանակում է, որ պարտավորված է ծառայել ու առանձին աչքով նայել այն ակումբին, որի կողմից ընտրվել է։ Ի դեպ, նման կոնֆլիկտ եղավ նախորդ մրցաշրջանի առաջնության հետ կապված, որի մասին գրեցին, բողոքեցին»,- ասում է Ս․ Բաղդասարյանն ու նկատում, որ ընդհանրապես թեկածուներին ներկայացնում են ֆեդերացիայի սուբյեկտ կառույցները, ինքը՝ ֆեդերացիան էլ, ձեավորված է ֆուտբոլային ակումբներով։ 

«Ես տեղեկացել եմ, որ ակումբներից շատերը չեն ցանկացել Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել, եւ ինքն առաջադրվել է ինչ-որ «Անի» ակումբի կողմից։ Ես, որ ֆուտբոլի մեջ եմ, թերթ ունեմ, մեկնաբան եմ, չգիտեի որեւէ բան «Անի» ակումբի մասին, հետո իմացա, որ «Անի» ակումբը Խորեն Հովհաննիսյանի ակումբն է, որը ոչ մի թիմ չունի ո՛չ պրեմիեր լիգայում, ո՛չ առաջին լիգայում, ոչ մի մրցաշարի չի մասնակցում։ Ու քանի որ հիմա ֆեդերացիայի սուբյեկտ կառույցների ներկայացուցիչներն են մասնակցում համաժողովին, նրանք են ընտրում նախագահին, իսկ սրանք էլ դեռ նախորդ ընտրության ժամանակ այն սուբյեկտներին, ակումբներին, ակադեմիաներին, որոնք իրենց ձայն չէին տալու, նախապես զրկել են ֆեդերացիայի անդամությունից, ու հիմա իրենց հլու-հնազանդ կառույցներն են, այսինքն՝ ֆուտբոլային այն սուբյեկտները, որոնք, կապ չունի՝ գործում են, թե չեն գործում, կարեւորը, որ իրենց ձայնը տալու են նրան։ Պարզ է, որ Մելիքբեկյանն էլ իր հերթին առաջադրելու է Նիկողոսյանի թեկնածությունը, որպես ֆեդերացիայի փոխնախագահի, այսինքն, տունտունիկ են խաղում՝ հասկանո՞ւմ եք։ Խայտառակություն է, հանրապետության ղեկավարները մի՞թե չեն տեսնում այս ամենը, ո՞նց կարելի է այսպես»։

Սուրեն Բաղդասարյանը համակարծիք է Օզբիլիսի այն տեսակետի հետ, թե ինչքան կարելի է դրսից խաղացողներ հրավիրել ու դրա շնորհիվ հավաքական ձեւավորել․ «Առաջ, եթե ՀԱՊԿ-ն  չկար, եւ Ռուսաստանն էլ պատժամիջոցների տակ չէր, այնպես էր, որ Հայաստանից նրանք, ովքեր խաղում էին ռուսական թիմերում, քանի որ ռուսական թիմերում, ինչպես Հայաստանում, հիմնական կազմով խաղալու համար լիմիտ էր սահմանվում, Ռուսաստանում ծնված հայ երեխան, որը լավ ֆուտբոլիստ է դառնում, երբ ընդգրկվում է ռուսական թիմում խաղալու, լեգեոներ է համարվում եւ չի կարողանա ամրապնդվել ռուսական թիմում, որովհետեւ ակումբը կարող է ավելի բարձրակարգ ֆուտբոլիստ հրավիրել Բրազիլիայից կամ այլ երկրից։ Այսինքն, լիմիտի խնդիր է եղել, ու հիմա էլ երաշխավորված չէ, որովհետեւ հարաբերությունները սրվել են Ռուսաստանի հետ, պատժամիջոցները շարունակվում են, ու հիմա, եթե Հայաստանն էլ դուրս գա ՀԱՊԿ-ից մենք ի՞նչ ենք անելու, եթե նոր տաղանդներ մեջտեղ գան, մենք նույնիսկ դրանից կզրկվենք եւ չենք կարողանա նրանց հրավիրել, որ գոնե մեր մարզական պատիվը պաշտպանենք։ Այսինքն՝ ինչպես կյանքում մենք մեր պաշտպանությունը պետք է ամրապնդենք, այնպես էլ ֆուտբոլում մենք՝ ինքներս, պետք է ունենանք մեր խաղացողները, կադրերը»։