Ո՛ւր հասանք, Ո՛ւր հասցրին

Ո՛ւր հասանք, Ո՛ւր հասցրին

Փաշինյանի վարչակազմի հրաժարականի պահանջը օդում երկար կախված մնալու դեպքում մեծ է հավանականությունը, որ անդառնալի հարված կհասցվի  պետության եւ երկրի առանց այն էլ խարխլված անվտանգային հիմքերին, եւ ի դեմս գործող իշխանության՝ «կը ինստիտուցիոնալացվի» ազգային արժանապատվության պարբերական նվաստացումը՝ հռչակվելով որպես պետության արտաքին քաղաքականության կարեւորագույն «գործոն»։

Եվ ասվածը զուտ հրապարակախոսական պնդում չէ․ այդ մասին ուղղակի հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը մեր պետության արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության տեսլականը կապում է Բաքվի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իշխանական նոր մտասեւեռման հետ։ Ընդսմին՝ ուշագրավ է, որ, ըստ վերոհիշյալ պաշտոնյայի, դիվանագիտական հարաբերությունների գործընթացը պետք է սկսի Երեւանը։ Ասել է թե՝ պարտվածի դիրքերից մենք՝ Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացիներս»,  «հարաբերություններ» ենք աղերսելու Ադրբեջանից, որը կուզի՝ «կհարաբերվի», կուզի՝ չէ։ 

Բայց ազգային այս նոր նվաստացման հեռանկարը՝ դեռ մի կողմ․ մենք հարաբերություններ մուրալով արդեն կորցնելու ենք այն գերագույն նպատակը, հանուն որի այդ հարաբերությունները պիտի լինեին՝ Արցախը։ Կորցնելու ենք նրանից մնացած հողակտորն էլ, քանի որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Ադրբեջանի հետ ենթադրում է Ղարաբաղյան հակամարտության այլեւս այնպիսի իրավիճակ, որտեղ հակամարտության կողմերն արդեն իսկ փոխել են իրենց «կողմ» կարգավիճակը եւ հայտնվել հարաբերությունների նոր տիրույթում՝ գործընկերային-դիվանագիտական։ Դա նշանակում է՝ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախի որեւէ կարգավիճակի ձգտող արտաքին քաղաքական կուրսից եւ հնազանդորեն ընդունում է իրեն պարտադրված լիակատար կապիտուլյացիան։

Այս «պետական» մտածողությունը՝ արտահայտված մի «պետական այրի» կողմից, վտանգավոր է ոչ միայն պետականության հիմքերի խարխլման առումով, այլ նաեւ՝ որ այսկերպ մենք կրթելու-դաստիարակելու ենք մի հասարակություն, որը շուտով գենետիկ հիշողություն էլ չի ունենա կորսված հայրենիքի մասին։ (Եվ մի՞թե այս նպատակը չէին հետապնդում վարչապետի կողմից առանձնահատուկ քաջալերված կրթական «բարեփոխումները»՝ իրենց ապազգային բովանդակությամբ չափորոշիչներով ու դասագրքերով)։ Մենք կառուցելու ենք ստրկամիտ եւ թուրքահպատակի մտածողությամբ հասարակություն, քանի որ, ըստ դիվանագիտական մտքի տիտան Ա․ Քոչարյանի, Հայաստանը դեռ պիտի «փորձի» դիվանագիտական հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ (ահա թե ինչո՛ւ էր էկոնոմիկայի նորանշանակ Menu.am-ը երջանկացել ադրբեջանական շուկան առաջիկայում բաց տեսնելու հեռանկարից)։ Այսինքն՝ առաջիկայում երկար մի ժամանակահատված, գուցեեւ ընդմիշտ, Հայաստանը մնալու է դիվանագիտական խնդրարկուի կարգավիճակում եւ պարզապես աղերսելու է իր հետ «հարաբերություններ» ունենալու ողորմածությունը հարեւան երկրից։ 

Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության՝ Ա․ Քոչարյանը նաեւ ասել է, որ «պետք է լինել անկեղծ եւ պատասխանատու կերպով ընդունել կրած պարտությունը»։

Եվ այդ «պատասխանատու լինելու» կերպերից մեկն էլ թշնամի պետությունից թշվառականի այս աղերսն է։ 

Ո՛ւր հասանք։

Ո՛ւր հասցրին։