«Հրապարակ»․ Հայաստանի իշխանությունների թիրախում հիմա էլ Իրանն է

«Հրապարակ»․ Հայաստանի իշխանությունների թիրախում հիմա էլ Իրանն է

Ռուսաստանի հարցերը «լուծելուց» հետո Հայաստանի իշխանությունները հերթական վտանգավոր խաղն են սկսել դաշնակիցների, այս անգամ՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ եւ կարող են իրենց վարած անհեռատես քաղաքականության հետեւանքով հայ-իրանական դիվանագիտական սկանդալ հասունացնել։

Թերեւս քչերը նկատած կլինեն, որ վերջին շաբաթվա ընթացքում արեւմտամետ կամ, ավելի ճիշտ՝ սորոսական փորձագետներն ու այս շրջանակներին սպասարկող լրատվամիջոցները շրջանառում են մի տեղեկություն, թե իբր Իրանը թույլ չի տալիս հնդկական զենքի փոխադրումը Հայաստան։ Հիշեցնենք, որ դեռեւս երկու տարի առաջ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ Հնդկաստանից զենք են գնել, մեկ տարի անց կրկին եղավ հայտարարություն, որ նորից զենք են գնել։ 

Այս տեղեկությունը` հարցի տեսքով, երկու օր առաջ տրվել է նաեւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ մի խումբ փորձագետների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նախ հարցրել են պաշտոնական Թեհրանի՝ հայ-հնդկական ռազմական համագործակցության վերաբերյալ, ինչի առթիվ դեսպանը պատասխանել է. «Մենք կողմնակից ենք Հայաստանի ուժեղացմանը եւ հզորացմանը»: Նաեւ ընդգծել է, որ Իրանի կառավարությունը գտնում է, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը կնպաստի խաղաղության եւ անվտանգության հաստատմանը։

«Այս շրջանակում ցանկացած օգնություն, որ անհրաժեշտ կլինի Հայաստանին եւ կնպաստի Հայաստանում խաղաղություն եւ կայունություն հաստատելուն, պատրաստ ենք տրամադրել»։ Իսկ երբ հարց է հնչել, թե տեղեկություններ կան, որ Իրանն արգելում է, թույլ չի տալիս զենքի ներկրումը, դեսպանը չի թաքցրել իր զարմանքը, աչքերը լայն բացել է եւ փոքր-ինչ դադարից հետո հայտարարել, որ չի պատրաստվում ասեկոսեներ մեկնաբանել։

Մեր տեղեկություններով, այս միջադեպից հետո իրանական կողմը կոշտ խոսակցություն է ծավալել Հայաստանի իշխանությունների հետ: Մեզ ասացին, որ ՀՀ արտաքին գերատեսչությունից պարզաբանում են պահանջել, թե ինչպես եւ ում կողմից է այդ տեղեկատվությունը` զենքի մատակարարման խոչընդոտների մասին, սպրդել մեդիա եւ փորձագիտական դաշտ։ Պաշտոնական Թեհրանը վրդովմունք է հայտնել, որ նման հարցերը ոչ թե մամուլի ու փորձագետների քննարկումների տիրույթում են, այլ պետական ինստիտուտների եւ դրանց ղեկավարների։ Մեզ հաջողվեց պարզել, թե, այդուհանդերձ, ինչպես է այդ տեղեկատվությունը հանրայնացվել։ Գաղտնիք չէ, որ իշխանության հովանավորչությամբ գործող փորձագիտական շրջանակներն ու ՀԿ-ները պարբերաբար փակ քննարկումներ են կազմակերպում Աղվերանում կամ Ծաղկաձորում, որին ներկա են գտնվում նաեւ իշխանության ներկայացուցիչները, ընտրյալ լրատվամիջոցներ: Այդ քննարկումներով իշխանությունները զոնդաժ են անում, թե ինչ տրամադրություններ է տիրում այդ շրջանակներում, եւ իրենց ցանկալի տեսակետներն են արտանետում դաշտ։ Նման քննարկումներից մեկի ժամանակ՝ մոտ երկու շաբաթ առաջ, ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասել է, որ Իրանը հրաժարվում է Հայաստան տեղափոխել հնդկական զենքը՝ պատճառաբանելով, թե ձեզ դա պետք չէ, ռազմական գործողությունների դեպքում դուք չենք կարող պաշտպանել մեր սահմանները, ուստի եթե հրաժարվել եք Ռուսաստանից, ապա իրենց՝ Իրանին պետք է թույլ տաք, որ ռազմական ներկայացվածություն ունենան Սյունիքում: Ասել են, որ պատերազմով էլ լինի, միեւնույն է՝ թույլ չեն տալու, որ միջանցքի վրա որեւէ այլ երկիր վերահսկողություն սահմանի, ուստի հայերն այլընտրանք չունեն, քան Իրանի պահանջներին համաձայնելն է։ Արգելելով զենքի փոխադրումը՝ Իրանը ցույց է տալիս նաեւ, որ իրենից է կախված ՀՀ փրկությունը:

Նշենք, որ Վրաստանով զենք տեղափոխելու հարցում եւս Հայաստանն անցած տարի որոշակի խոչընդոտների բախվեց, երբ թույլ չէին տալիս Ֆրանսիայից գնված զենքի մուտքը Հայաստան։ Այսպիսով՝ փոխանակ ՀՀ իշխանությունները դիվանագիտական աշխատանք տանելով` փորձեն լուծել դաշնակից պետության հետ առաջացած խնդիրը, դիմում են հայտնի ձեռագրին՝ փորձելով շահագրգիռ շրջանակներին «քսի տալ» Իրանի դեմ, որն այս պահին մեր միակ եւ բնական դաշնակիցն է մնացել։ Բայց, ինչպես տեսնում ենք, Գրիգորյանն իր արեւմտյան տերերի պահանջով ՌԴ-ի դեմ արշավը հորով-մորով անելուց հետո հիմա էլ պատրաստվում է հակաիրանական տրամադրություններ գեներացնել՝ վերջնականապես խզելով հարաբերությունները եւ Հայաստանը բացելով Թուրքիայի առջեւ։