Խոսե Անդրես Արդիլա. Տունը

Խոսե Անդրես Արդիլա. Տունը

Երբեմն մայրիկը խոսում է անցած հին ժամանակներից, երբ տունն այսքան փոքր չէր: Ասում է, որ քամին սողոսկում էր չգիտեմ որտեղից, ժամերով պտտվում ու հառաչում, մինչեւ ելքը գտնի։ Մայրիկը սուլում է՝ փորձելով նմանակել քամուն, եւ հարցնում է.

- Հիշո՞ւմ ես:

Եվ ես ասում եմ. 

- Իհարկե:

Նա ասում է. 

- Հրաշալի է: 

Եվ մենք թողնում ենք չասվածը՝ հաջորդ գիշերվան։ 

Չեմ սիրում խոսել այն հեռավոր ժամանակներից, երբ տունն այսքան փոքր չէր։ Թվում է, թե կարող եմ քայլ առ քայլ վերապրել այդ ամենը, եւ որպեսզի չմեռնեմ իրականության դառը գիտակցումից, որպես գլխիս ընկած մի քար, որքան էլ տարօրինակ է, նախընտրում եմ հավատալ, որ այն ընդամենը մի հրաշք երազի փշրանքն է։

Հայրիկի մահից հետո տունն առեղծվածի քողով պատվեց: Հանկարծ այդ հին դատարկ սենյակները բացահայտելու պահանջ առաջացավ։ Երկար ժամանակ միայն մայրիկն ու ես էինք վայելում փոշու,  ցեցերի եւ հին սնդուկների աշխարհը: 

Հետո եկավ տատիկը։ Մի առավոտ այցելեց մեզ եւ որոշեց մնալ, քանի որ մայրիկի համար առողջարար չէր լինի միայնակ ապրել այս հսկայական տանը: 

- Նա մենակ չէ, - ասացի։ 

Իսկ նա բանի տեղ չդրեց: 

Կամաց-կամաց էր տեղափոխվում։ Ժամանակ առ ժամանակ գալիս-գնում էր՝ ամեն անգամ հագուստի նոր կտոր կամ կահույքի մաս ավելացնելով, եւ մեկ ամիս անց տունն ամբողջովին բռնազավթվեց նրա շնչով ու իրերով:

- Ե՞րբ է նա մեկնում,- հարցրի մայրիկին:

- Նա չի գնալու,- ասաց նա:

- Ինչո՞ւ: 

- Լավ չէ, որ այս հսկայական տանը մենակ ապրեմ։

- Դու մենակ չես,- ասացի։ 

Իսկ մայրիկը սուրճի բաժակը սեղմեց շրթունքներին եւ աչքերը հառեց բաժակի հատակին, մնաց այդպես, մինչեւ փոխեի թեման: 

Տունն այդքան մեծ չէր թվա, եթե երջանիկ լինեինք։ 

Ոչնչի պակաս կամ ավելցուկ չունեինք, քանի դեռ տատիկը չէր եկել ու իր քստքստան փոքրիկ քայլերով լցրել լռությունը։ 
Երկու ամիս անց նա համարեց, որ բավարար լիազորություն ունի առաջին կատվին բերելու համար: Չորրորդ ամսին բերեց երկրորդին: Մեկ տարվա ընթացքում արդեն տունը վերածվել էր մլավոցների մի խճճուկի։ 

Մորաքույր Դորիսը, տեսնելով, որ կատուների հարցը վերահսկողությունից դուրս է եկել, որոշեց, որ բնակարանամուտի ժամն է: 

- Դու շատ ծեր ես, մայրիկ,- ասաց նա,- իսկ դու, Իրմա, տեսե՞լ ես քեզ հայելու մեջ։ Հնարավոր չէ, որ երկու կանայք միայնակ կարողանան գլուխ հանել այս հսկայական տնից:

- Մենակ չեն,- ասացի ես։ 

Մորաքույր Դորիսը կնճռոտեց ճակատը, համբուրեց ինձ եւ գնաց։ 

Հաջորդ օրը հավաքեց-բերեց իր երեք երեխաներին, հսկայական սպիտակ ճագարին, որին պահում էր որպես ընտանի կենդանի, եւ իր ամբողջ ունեցած-չունեցածը։ Տեղափոխությունների պատճառով տան ամեն հատված երեք տարբեր պատկերների խճանկար էր դարձել. մի կողմում հայրիկի ընտանիքից ժառանգած հարյուրամյա կահույքի կտորն էր, մորաքույր Դորիսի՝ վերջերս գնված ֆուքսիայի գույնի* բազկաթոռը, իսկ մյուս կողմում՝մաշված պաստառով աթոռը, որ տատիկը հրաժարվում էր դեն նետել: Հյուրասենյակը, օրինակ, կարկատած վերմակի տեսք էր ստացել։ Զարմիկներս էլ իրենց վրա վերցրին ամեն ինչ մոլեռանդորեն փչացնելու գործը: Մինչ մորաքույր Դորիսը կանխեց եւս մեկ կատու որդեգրելու տատիկի մտադրությունը, մնացած կատուները, որ բնակվում էին տանը, արդեն սկսել էին բազմանալ։ Ամենուր լսվում էր նրանց սիրախաղերի մռլտոցը, իսկ ամիսներ անց ձագուկները վխտում էին տնով մեկ՝ պահանջելով սննդի իրենց չափաբաժինը:

Երբ մորաքույր Դորիսն իր ընտանիքով հաստատվեց տանը, այլեւս ձեւական կողմը պահելու կարիք չկար, եւ ես նորից ստիպված էի ինձ վրա վերցնել կատուների խնամքը: Ես լցնում էի կերը, փոխում էի ջուրը, սատկած կենդանիներին դուրս տանում եւ մաքրում էի երեւացող աղբը։ Ի վերջո, ես ավելի շատ ժամանակ կատուների հետ էի անցկացնում, քան որեւէ այլ բանով էի զբաղված: Հարազատության պես մի բան սկսեցի զգալ այդ արարածների հանդեպ: Երբ ես նրանց հետ չէի, սենյակումս  պախկված՝ գրում կամ կարդում էի կամ  էլ մահճակալին կծկված՝ ճոճվում։ 

Դեկտեմբերն ինձ համար եկավ հեռավոր աստիճանների հետեւից լսվող երգ ու ծիծաղի շքերթով։ Հնարավորինս խուսափում էի այդ տարօրինակ մարդկանց հետ շփումից։ Երբեմն էլ, երբ խնամում էի կատուներին, ստիպված էի լսել մայրիկի, տատիկի եւ մորաքույր Դորիսի գաղտնի քչփչոցը միայնակ մոր տանջանքների մասին, որ ստիպված է խնամել մի երեխայի, որ տարօրինակություններից բացի ոչինչ չի անում: Շատ եմ ասում, որ թաքնվում էի իմ սենյակում, այնինչ ոչ ոք չէր էլ պատրաստվում ինձ փնտրել։ 

Ամեն ինչ խաղաղ էր մինչեւ հաջորդ ձմեռվա մայիսը*, երբ անձրեւները քշեցին-տարան գետափնյա տների զգալի մասը, եւ մայրիկի չորս զարմիկների ընտանիքները հանկարծ մնացին առանց տանիքի: Այսպիսով, մայրիկը, տատիկի խորհրդով, մեծահոգաբար բացեց  բարեգործության դռները եւ բոլորին ընդունեց մեր հարկի տակ, մինչեւ իրավիճակը բարելավվի: 

Իրավիճակը բարելավվեց, բայց ոչ ոք, բնականաբար, չէր ուզում հեռանալ։ 

Հետո մորաքույր Դորիսին թվաց, որ կատուներն այլեւս ֆինանսապես ձեռնտու չեն։ Նա արգելեց ինձ կերակրել նրանց, քանի որ նրանք այնքան էին բազմացել եւ տան ծակուծուկերում այնքան ճարպկորեն էին վերուվար  անում, որ հանգիստ կարող էին իրենց գլխի ճարը տեսնել:  Ես կնախընտրեի, կատուների փոխարեն, այդ ռազմավարությունը մայրիկի զարմիկների հանդեպ կիրառել, բայց մորաքրոջս հրամաններին չէի կարող հակառակվել:

- Այս տունը շատ մեծ է,- ասաց մայրիկը,- ի՞նչ կարող եմ անել ես մենակ այս հսկայական տանը: 

- Մենակ չես, գրողը տանի,- ասացի:

Իսկ մայրիկը փակեց աչքերը եւ քնած ձեւացավ:

Մորաքույր Դորիսի ռազմավարությունը, սակայն, սխալ էր։ Նախ, բավականաչափ պաշար կար՝ կատուներին եւս երկու շաբաթ կերակրելու համար, մյուս կողմից՝ ուտելիքի վերջանալը երաշխիք չէր, որ նրանք ստիպված կհեռանան։ Տունը քայլող մսամթերքի մեծ աղբյուր էր: Վատագույն դեպքում՝ կատարյալ ապաստան գիշերային հաջող որսից վերադառնալուց հետո: Առաջին զոհերից մեկը մորաքույր Դորիսի հսկայական սպիտակ ճագարն էր: Լսեցի մորաքրոջս կրտսեր որդու լացը: Եվ հետո մորաքրոջս լացը: Նաեւ տատիկինը։ Եվ մայրիկինը: Եվ  խառնիխուռն ձայներ, շրխկոց ու մլավոց: Ճագարն այնքան մեծ էր, որ ավելի հասուն կատուները վեց հոգանոց ջոկատ էին կազմել՝ նրան որսալու համար: Նրանք մեկ րոպեում կտոր-կտոր արեցին ճագարին ու չքվեցին անպատիժ՝ տան բազմաթիվ մութ անկյուններում։ 

Մորաքույր Դորիսը, ավելը ձեռքին, այդ պահից սկսած՝ նրանց դեմ հավերժ պատերազմ հայտարարեց։ Հավաքագրեց իր երեխաներին, նրանց անհրաժեշտ մարտական հրահանգներ տվեց։ Իսկ եռանդուն տատիկը, որ արդեն դիվային վիժվածք էր համարում կատուներին, դարձավ մորաքույրի գլխավոր դաշնակիցը՝ նրանց դեմ պայքարում։ Բայց այդ ամենն այնքան հյուծիչ էր: Կատուներն այնքան շատ էին ու արագաշարժ: Իսկ այս հին տունը՝ փախուստի բազմաթիվ հնարավորություններով ու ծակուծուկով: Մի քանի օրից մորաքույրը ստիպված էր ընդունել, որ ավելի կարեւոր բաներ կան, որոնց մասին պետք է հոգ տանել: Մյուս կողմից, քանի որ ստիպված չէր այլեւս կատուներին կերակրել, կարող էր անվիճարկելի հաղթող համարվել: Տատիկն իր հերթին երդվեց Աստծո, Տիրամոր եւ հրեշտակների անունով՝ մեռնել, քան հանձնվելու ամոթանքին արժանանալ: Այս ամենին զուգահեռ, մայրիկի զարմիկները սկսեցին իրենց այնքան հարմարավետ զգալ տանը, ինչպես՝ գետի ափին գտնվող սեփական հողերում: Շուտով նրանք սահմանազատեցին տարածքները։ Ասացին. «Այստեղից այստեղ իմն է, այնտեղից այնտեղ՝ քոնը»։ Ի նշան համաձայնության, իրար ձեռք սեղմեցին եւ խոստացան հարգել այս համաձայնագիրը։ Նրանք ծաղկամանների եւ դարակների մեջ հնարավոր ամեն տեսակի բանջարեղեն ու բերքատու բույսեր ցանեցին եւ եռաշերտ պատեր կառուցեցին, որպեսզի խուսափեն անհարմարություններից: Ես խոսեցի մայրիկի հետ եւ խնդրեցի նրան ինչ-որ բան անել: Ասացի. 

- Մի բան արա´, մա´մ: 

- Ինչի՞ հետ,- ասաց նա: 

- Սրա հետ... սրա հետ, գրողը տանի:

- Ինչի՞ հետ,- ասաց նա։

Կես ժամ անց որոշեցի այլեւս չպնդել։ 

Այժմ տան մեջ բազմաթիվ տներ էին առաջացել։ Տան չորս հարկերը հսկա ինքնաշեն թռչնանոցի տեսք ունեին։ Հյուրասրահում, ինչպես վտակներն են գալիս-լցվում մայր գետի մեջ, այնպես էլ տան բազմաթիվ բնակիչների կյանքերն էին հատվում, եւ յուրաքանչյուրը պարտավորված էր զգում այնտեղ ինչ-որ բան թողնել՝ որպես իր գոյության անհերքելի ապացույց. պլաստիկ պահարան, խախուտ փոքրիկ սեղան, տասնամյա խունացած թերթերի աշտարակ, երկու քլունգ, հին ներքնակ ...

Այսպես, տարիներն անցան «բարի լույսի» եւ մլավոցների, կատուների զուգավորման, խնջույքի եւ ծիծաղի, «բարի երեկոյի», տատիկի ռազմաշունչ գոռոցների ու սղոցների աղմուկի, «բարի գիշերի» եւ փայտին հարվածող մուրճերի եռուզեռի մեջ: Մորաքույր Դորիսի երեխաները եւ մայրիկի զարմիկները մեծացան, ամուսնացան եւ իրենց զույգերին բերեցին՝ իրենց հետ ապրելու իրենց տներում, սատանան գիտի, թե ինչ իրավունքով: Իսկ նոր զույգերը սեփական երեխաներն ունեցան։ Այդ երեխաները կյանքի առաջին իսկ օրվանից իրենց մլավոցներով մրցում էին կատուների հետ:
Մայրիկի զարմիկների տնկիները բարձրանում էին ծաղկամաններից եւ սարդոստայնի պես տարածվում պատերին՝ միաձուլվելով տան կառուցվածքին։ Տունը դրսից հսկայական ժայռ էր հիշեցնում՝ խիտ ծաղկած լոլիկներով, կատուներով, ոլոռներով, դդմիկներով, կատուներով, ձմերուկներով, մարակույաներով եւ կատուներով... 

Իմ սենյակը տարածքային փոփոխությունների արդյունքում գնալով փոքրանում էր, եւ ինչ-որ պահի այլ տարբերակ չունեի, քան մայրիկի մոտ տեղափոխվելը: 

- Տեսնո՞ւմ ես,- ասացի:

- Տեսնեմ ինչը՞,- ասաց։ 

Եվ ես գրողի ծոցն ուղարկեցի նրան: 

Տարածքային խնդիրը գնալով խորանում էր, բայց հակամարտությունը քողարկված էր. մշտապես թաքնված ընթրիքից առաջ հյուսվող մտերմիկ խոսակցությունների, միջանցքներում պատահական հանդիպումների ծալքերում՝ սադրանքի սահմանին, ցանկացած խոսքի, ամենափոքր անզգույշ շարժման արդյունքում պայթյունի վերածվելու վտանգով:
Օրինակ: 

Ձմերուկի բաղեղը, փնտրելով լույսի աղբյուր, կարողացավ երկրորդ հարկի իր ծաղկամանից բարձրանալ տան ամենաբարձր կետը։ Այդ ընթացքում տատիկը սպանեց տասնյակ նորածին կատուների, ինչ-որ մեկը մյուսին կրակայրիչ տվեց, մայրիկը քիչ էր մնում մահանար թոքաբորբից, մորաքույր Դորիսին իր երեխաներից մեկը վռնդեց սենյակից, կրակայրիչը հասավ երրորդ տղամարդուն։ Մայրիկը մորաքույր Դորիսին հրավիրեց ապրելու մեր սենյակում, երրորդ տղամարդը կրակայրիչը տվեց չորրորդին, եւ վերջինս կորցրեց այն,իսկ հետո պատահաբար գտավ նորից ու մտածեց, որ լավ կրակայրիչ է իր ձեռքում, եւ որոշեց պահել իրեն, որովհետեւ ոչ ոք չէր կարողանա գնահատել այն ըստ արժանվույն: Մայրիկը փորձեց ֆրանսերեն սովորել, իսկ տատիկը նրան հիմար անվանեց: Մայրիկն օգնեց տատիկին՝ սպանել մի քանի կատու: Երբ առաջին տղամարդը պահանջեց կրակայրիչը երկրորդից, ձմերուկի բաղեղը դեպի առաստաղ իր ճանապարհի մեկ երրորդն անցել էր: Ես մորուք էի աճեցրել, մորաքույր Դորիսն ասաց, որ ահավոր է, եւ ես նրան մոտավորապես հետեւյալը պատասխանեցի. «Օ՜, իսկ դու միայնակ պառավ ես, եւ ոչ ոք քեզ ոչինչ չի ասում»:

Տատիկը երեք պղպեղով ծաղկամանի մոտ հայտնաբերեց կատվի մի մսակտոր: Երբ չորրորդ տղամարդը վեցերորդ անգամ հերքեց, որ երրորդն իրեն կրակայրիչ կամ նման բան չի տվել, տան ամենաբարձր հենաձողին ձմերուկն արդեն սկսել էր բողբոջել։ Տատիկը կոտրեց ոտքը կատուների որսի ժամանակ, մայրիկը որոշեց, որ ֆրանսերենը միշտ էլ հիմար լեզու է եղել, մորաքույր Դորիսն իր դժբախտությունների սկզբնաղբյուր հռչակեց հարսին եւ ասաց ինձ. «Դու էլ ես միայնակ, ապո´ւշ»: Բայց ասածն ըմբռնելու համար երկար ժամանակ պահանջվեց, այնպես որ՝ չկարողացա տեղը տեղին պատասխանել: 

Մի օր առաջին հարկի կենտրոնում, նույն ժամին, կրակայրիչի պատմության  մեջ ներգրավված չորս տղամարդիկ առերեսվեցին։ Առաջինը պահանջում  էր երկրորդից, երկրորդը՝ երրորդից, իսկ երրորդը՝ չորրորդից։ Չորրորդ տղամարդը բարձր ծիծաղեց ինչ-որ կրակայրիչի պատճառով անհեթեթ խառնաշփոթի վրա: Երկրորդը համեստաբար ժպտաց, իսկ առաջինն ամոթից գլուխը կախեց։ Եվ հենց այն պահին, երբ առաջին տղամարդը պատրաստ էր դադարեցնել բանավեճը, ձմերուկը, իր ծանրությունից, ընկավ առաստաղից  եւ կոտրվեց չորսի մեջտեղում։ Միջուկը ցփնվեց բոլոր ուղղություններով եւ գործի դրեց ինչ-որ անտեսանելի շարժիչ, որովհետեւ առաջին տղամարդը գրեթե բնազդաբար հարվածեց երկրորդին, երկրորդը պատահաբար հարվածեց չորրորդին՝ պաշտպանվելով առաջինից, իսկ չորրորդը, տեսնելով, որ երրորդը ծիծաղից մեռնում է, ընկավ նրա վրա եւ բռնցքահարեց: Հինգերորդը եկավ օգնելու երրորդին, վեցերորդը՝ երկրորդին, եւ յոթերորդը՝ չորրորդին։ Եվ կես ժամ հետո ամբողջ տունը մարտադաշտի վերածվեց։ Մորաքույր Դորիսն իր հարսներից մեկի գլուխը խուզեց։ Մորաքույր Դորիսի թոռները ծեծում էին մայրիկի զարմիկների թոռներին։ Ես իմ թաքստոցից ամեն ինչ շատ լավ տեսնում էի։ Մայրիկը կողքիս էր՝ շունչը պահած: Մինչդեռ մայրիկի զարմիկները, առաջին հարկի հյուրասենյակում, ակնապիշ իրար էին նայում, անշարժ՝ պատրաստ ամենափոքր շարժումից կրկին պատերազմելու, քանի որ պարզվում է, որ նրանցից ոչ ոք չէր հարգել սահմանված պայմանավորվածությունը։ Այդպես էլ եղավ, կռիվը կարող էր շաբաթներ տեւել, եթե չլիներ այն սարսափելի ճիչը, որը, չնայած տիրող քաոսին, մի ակնթարթում լռեցրեց ամեն ինչ։

Այն եկավ երրորդ հարկի խորքից, ինչպես առաջին փոթորիկը, եւ լցրեց տան նույնիսկ ամենահեռավոր խորշերը։ 

- Որտե՞ղ է մայրիկը,- հանկարծ ասաց մորաքույր Դորիսը:

Բոլորս ապշած իրար նայեցինք ու անցանք տատիկի փնտրտուքին։ 

Երբ նրան գտանք, կատուները, մոտ քառասուն շունչ, նոր-նոր թաքստոց էին փնտրում: Նրանք բավական ժամանակ էին ունեցել նրան սրտի ուզածի չափ հոշոտելու համար: Եվ տատիկը հեռացավ նրանց հետ, ընդմիշտ, բոլոր ուղղություններով՝ մի քանի տասնյակ կատվի բաժին դառնալով։ 

Այսպիսով վիճաբանությունն ավարտվեց։ 

Ժամերով ոչ ոք ոչ մի բառ չարտաբերեց:

Այն, որ տան ամենատարեցը նոր էր մահացել, կարծես թե բոլորի համար նշանակություն ուներ։ 

Տատիկից մնացած մասունքները մեծարելու համար տրամադրվեց հյուրասրահի  կենտրոնական մասը։ Գնվեց գեղեցիկ դագաղ՝ փորագրված ծաղկազարդ պատկերներով։ Լուրը տարածվեց ու հասավ ամբողջ ընտանիքին՝ մոտ ու հեռու բոլոր բարեկամներին։ Եվ երկու օրից տունը լցվեց ավելի շատ հարազատներով, որոնք անկեղծորեն ցավում էին պառավի մահվան համար։ Իսկական եղբայրության մթնոլորտ էր. մեր բարեկամական կապերի խոր պրպտում: Նոր զարթոնք՝ մեղմ ասած:

Այցելուները մնացին հոգեհանգստին, հուղարկավորությանը եւ իններորդ օրվան*, բայց ոչ ոք, իհարկե, չէր ուզում հեռանալ:

...............................

* ֆուքսիա - վառ, հագեցած վարդագույն, մոդայի աշխարհում ՝ «ցնցող վարդագույն»։ 1696թ. Շառլ Պլյումեն հայտնաբերեց մշտադալար, վառ ծաղիկներով այս բույսը եւ այն անվանակոչեց գերմանացի բուսաբան Լեոնարդ ֆոն Փուքսի անունով (Թ. Ծ.)
* Հարավային կիսագնդում մայիս ամիսը ձմռան նախաշեմն է (Թ. Ծ.):
* իններորդ օր - ըստ կաթոլիկ եկեղեցու՝ հանգուցյալի հոգին իններորդ օրը հանդիպում է Արարչին, այդ օրը կատարվում են ծիսակարգին համապատասխան արարողություններ, հանգուցյալի հարազատներն աղոթում են նրա հոգու փրկության համար (Թ. Ծ.):

Թարգմանությունը՝ Աղավնի Գրիգորյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ