Կար ժամանակ, երբ հումոր էինք անում․․․

Կար ժամանակ, երբ հումոր էինք անում․․․

Կար ժամանակ, երբ հումոր էինք անում, ծիծաղում։ Երբ լսեցի, որ Գալուստ Սահակյանը մահացել է, հասկացա, որ 4,5 տարի է հումոր համարյա չեմ անում։ Միայն երկիր, հող, ծննդավայր, զոհեր, հաշմանդամներ, գերիներ, հայրենազրկում։ Այո, հայ ազգը էլ կատակելու տրամադրություն չունի։  Հեռուստացույցով էլ  նախկին հումորային շարքերն են ցուցադրում, նոր բան չկա։  Լավ, դրանք մեկի մոտ հումոր անելու ցանկություն չեն թողե՞լ։ 

Գալուստ Սահակյանը միշտ իմ հումորների մեջ կար։ Երբեք չեմ լսել, որ սրտնեղի, մի բան ասի։ Տեղն ընկած տեղն ասում էր՝ թող ուրախանան էլի՜․․․ Անքեն, նվիրված, հավատարիմ, բարի մարդ։ Հրապարակը նրա մասին հազարավոր հումորներ ու ասույթներ է թողարկել, ներկայացնում եմ մի քանիսը․ 

Գալուստ Սահակյանը Նիկոլ Փաշինյանին հարցնում է․
-Ո՞նց ես Նիկոլ։
-Լայվ եմ։
Գալուստ Սահակյանը, որ չէր իմանում լայվն ինչ է, ժպտում է․
-Բա խի՞ չես լավ․․․  

Գալուստ Սահակյանը մոտենում է բանակում չծառայած երիտասարդ պաշտոնյա հանրապետականների մի խմբի։

Պաշտոնյաները խոսում էին, թե ով ինչ «հարգելի պատճառով է» բանակից ազատվել։
-Գրիգորիչ,- հարցնում են,- բա քե՞զ ինչու բանակ  չտարան։
- Տարիքս են հարգել․․․

Գալուստ Սահակյանը, որ լայվ անունը կապում էր Փաշինյանի հետ, Շարմազանովի լայվ մտնելուց հետո հարցնում է․

-Էդո ջան Նիկոլին էնտեղ հանդիպեցի՞ր․․․

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին ասում են, որ Սերժ Սարգսյանին նշանակել են Լևոն Արոնյանի քավոր։ 

-Դե դա ես էն գլխից ասել եմ՝ Սերժ Սարգսյանին փոխարինող երկրորդը չկա,- ուրախանում է մարգարեն, հետո էլ թե՝ իսկ փոխքավոր ու՞մ են նշանակել․․․

-Տեսա՞ք, Պուտինը ոնց Քոչարյանի ծնունդը շնորհավորեց․․․
Գալուստ Սահակյանն արձագանքում է․
-Ճիշտը էն կլիներ, որ Քոչարյանը շնորհավորեր Պուտինին։ Կարգը դա է պահանջում։

Գալուստ Սահակյանը Սուրբ ծննդյան օրը ուշադիր նայում է Կարեն Կարապետյանի ուղղությամբ.

-էս կինն ո՞վ է, որ կանգնած է նրա կողքին,- մտածում է ու… հարցնում.

-Կարեն ջան էդ կինն ո՞վ է, որ կողքիդ կանգնած է:
- Հասկանալի չի՞,- զարմանում է վարչապետը…

-Չէ, հասկանալի չի, - պատասխանում է Աժ նախագահը:

-Կինս է,- վերջը ափերից դուրս է գալիս վարչապետը:

- Բայց ես ի՞նչ իմանայի,- ասում է  ԱԺ նախագահը: - Կողքին կանգնել դեռ չի նշանակում կինը լինել:

Գալուստ Սահակյանը Սահմադրության վերաբերյալ իր տեսակետն է հայտնել․

«Մեր երկրին երկու կետանոց սահմանադրություն է միայն սազում.
1. Նախագահը միշտ ճիշտ է:
2. Եթե նախագահը սխալվում է, ապա տես առաջին կետը»:

Մանվելի ծննդյան օրը Գալուստ Սահակյանը  հարցնում է․
-Մանվել, քանի՞ տարեկան եղար։
- 61, ուստա,- պատասխանում է Մանվելը։
- Բան չմնաց, եկող տարի մեծ շուքով 60 ամյակդ կնշենք,- ժպտում է մարգարեն։

Երբ Գալուստ Սահակյանին պատմում են, որ ԱԱԾ-ն Սաշիկ Սարգսյանի տնից տարել է Մարտիրոս Սարյանին, զարմանում է․
-Մարտիրոս Սարյանին ինչու՞ են ԱԱԾ տարել,  ի՞նչ ա արել․․․

Գալուստ Սահակյանը եկեղեցի է գնում՝ Սուրբ ծննդի արարողությանը մասնակցելու։ Բայց քանի որ սովորական մարդկանց շարքում է կանգնում, չգիտեր՝ գլխին գալիքը։
Երբ ասվում է՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, նրան է փարվում գլխաշոր կապած մի տատի ու սկսում անհագ պաչպչել, հետո մյուսները իրար հերթ չտալով պաչպչում են։ Խեղճ մարդը իրեն կորցնում ու չի իմանում, թե իր որ արժանիքի համար են պաչում, բայց երբ լսում է ավետիս բառը, ասում է է․
-Շփոթել եք, ես Ավետիսը չեմ․․․

Վարդավառի տոնին երիտասարդ պատգամավորուհիներից մեկը որոշում է ջրել Գալուստ Սահակյանին։Ազգային ժողովի այգում՝ շիշը ձեռին, գաղտագողի հետևում է նրան։ Մարգարեն նկատում է պատգամավորուհուն ու իրեն հատուկ ժպիտով ասում․
-Ինչ կամ՝ կամ, իզուր տեղը հույսեր մի փայփայիր՝ էլ չեմ ծաղկելու։ 

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին ասում է, որ գարնանը ակտիվանալու է։ 
-Է՜, ակտիվացի,- անտարբեր ասում է մարգարեն։ Մի բարև ես տալիս՝ չտաս։ ՀասԴատապես ո՛չ,- բորբոքվում է Րաֆֆին, այս անգամ գործը փարևից էն կողմ կանցնի․․․