Ի վերջո, ի՞նչ կանեն Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ն Արցախի հարցում

Ի վերջո, ի՞նչ կանեն Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ն Արցախի հարցում

Արցախի և Հայաստանի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի վերչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հունիսի 14-ին հարցազրույց էր տվել ռուսական երեք լրատվամիջոցի [«Ռաշա Թուդեյ», «Սպուտնիկ», «ՌԻԱ Նովոստի»] և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

«Եթե մենք ուզում ենք երկարաժամկետ խաղաղություն ու կայուն խաղաղություն, ապա պետք է ընդունենք որոշումներ, որոնք շատ անարդարացի չեն։ Ինձ թվում է, որ ամեն դեպքում բանակցություններով հնարավոր է համաձայնության գալ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքների շուրջ, սահմաններով։ Դեռևս մենք ունենք բավականին ամուր փաստարկ։ Այն կապված է ազգերի ինքնորոշման իրավունքի հետ։ Ուստի ես այստեղ բանակցությունների համար որոշակի հեռանկար տեսնում եմ», - նշել էր Քոչարյանը։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ հնարավոր է վերադարձնել Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքն ու Հադրութի շրջանը, որոնք նույնպես մաս էին կազմում նախկին ԼՂԻՄ-ի։

Հունիսի 15-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ ԼՂԻՄ սահմանների վերականգնման, Շուշին ու Հադրութը վերադարձնելու մասին հայտարարություններին, դրանք որակել էր «շատ վտանգավոր»։

«Նա կարող է փորձանք բերել մեր գլխին։ Ինչպե՞ս ենք Հադրութը և Շուշին ետ վերադարձնում: Հիմա ադրբեջանական զորքերն են այնտեղ։ [...] Դա հնարավոր է միայն պատերազմով: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին, հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ: Սա է նրա ասածը», - նշել էր Տեր-Պետրոսյանը։ Նա նաև ասել էր, ԼՂ բանակցություններում Հայաստանն էլ է որպես կողմ ներկայումս դուրս մնացած։

Տեր-Պետրոսյանի այս վատատեսական մոտեցումը, այնուամենայնիվ, սպասելի էր, քանի որ պատերազմից հետո նույնպես նրա նախկին խորհրդականի, նրա մամուլի խոսնակի հայտարարություններից որոշ բաներ պարզ էին դարձել նրա մոտեցումներում։

Առաջին նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին խորհրդական (1991-97), էնն-Արբորում Միչիգանի համալսարանի պատմագիտության պրոֆեսոր, դոկտոր Ժիրայր Լիպարիտյանը 2021 թվականի հունվարի 12-ին մասնակցել էր Լեռնային Ղարաբաղի շուրջ առցանց քննարկմանը, որը կազմակերպել էր «Կովկասյան հրատարակություն» (“Caucasus Edition“) կազմակերպությունը։

Քննարկման ժամանակ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ (Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան) հայտարարությանը ու նրա 9-րդ կետին վերաբերող 2021 թվականի հունվարի 11-ին նույն երկրների միջև ստորագրված [տարածաշրջանում բոլոր տնտեսական և փոխադրումային կապերն ապաշրջափակելու մասին] եռակողմ հայտարարությանը՝ նշել էր, որ դրանք «պետք է դիտարկել որպես մեկը մյուսի շարունակություն»

«[Եռակողմ] Հայտարարությունը ենթադրում է Հայաստանի կողմից ճանաչում, որ այն ամենը, ինչ միջազգայնորեն ճանաչվում է որպես Ադրբեջան, Ադրբեջան է: Այդ է պատճառը, որ [Ադրբեջանի] նախագահ [Իլհամ] Ալիևը կարող է կատարել իր մեկնաբանությունը», - ասել էր Լիպարիտյանը։

«Մենք պետք է գիտակցենք, որ հարցը [issue] նեղացվել է տարբերակների տեսանկյունից: […] Եվ այսպիսով ձեզանից շատերն ասում էին, որ հարցը հիմա այն է՝ արդյո՞ք Ղարաբաղում հայերը կճանաչվեն որպես էթնո-կրոնական համայնք, որը մշակութային, եկեղեցու, դպրոցի կամ շատ այլ բաների իրավունքներ ունի, թե՞ կլինի վարչական, քաղաքական, տարածքայնորեն որոշված հայկական Ղարաբաղ»:

Դիվանագետի կարծիքով՝ սա է, ուր կարող են գնալ բանակցությունները: «Եվ կարծում եմ, որ սա շատ կարևոր տարր է: Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը շատ-շատ ճկուն համաձայնագիր է: Չափից շատ դաշտեր կան, որոնք մնում են չորոշված կամ հստակ չորոշված: Եվ երբեմն դա միջազգային փաստաթղթերում կառուցողական անորոշությունն է, որովհետև եթե փորձեք շատ բան հատկորոշել, ապա հանդես է գալիս մյուս ասացվածքը, այն է՝ «սատան մանրուքների մեջ է»։ […] Խնդիրն այն է, որ չեմ կարծում, որ Հայաստանն ունի նույն լծակները, որ ուներ պատերազմից առաջ» , - նշել էր նա։

Լիպարիտյանի խոսքերով՝ «խաղաղությունը, որը կգա, հայերի սրտով չէ»: «Դա արդար խաղաղություն չէ: Դա չի կարող արդար խաղաղություն լինել: Բայց խաղաղությունը միշտ չէ, որ արդարացի կարգավորում է: Եվ ահա, թե ինչի ենք առերեսվում», - ընդգծել էր պրոֆեսորը։

Մայիսի 28-ին Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ, ՀԱԿ պատգամավորի թեկնածու Արման Մուսինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում անդրադարձել էր նաև Լեռնային Ղարաբաղին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը «Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին»: 

«Հայաստանն այլևս այդ [ԼՂ հակամարտության կարգավորման] հարցում վճռական ձայնի իրավունք չունի: Դա չի նշանակում, անշուշտ, որ մենք պետք է մեր ձեռքերը լվանանք Ղարաբաղի ճակատագրից: Հայաստանի միակ հնարավոր քայլը Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքների բավարարումն է, ինչից բխում է, որ մենք պարտավոր ենք շարունակել արդեն տասնամյակներ Ղարաբաղին հատկացվող տնտեսական, ֆինանսական աջակցությունը և կանխել Ղարաբաղից արտագաղթի սպառնալիքը՝ շուտափույթ կերպով լուծելով պատերազմի հետևանքով դեռևս Հայաստանում ապաստանած տասնյակ հազարավոր ղարաբաղցիների իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու հարցը», - գրել էր Մուսինյանը:

Երեկ տարբեր բանավեճերում ՀԱԿ պատգամավորության թեկնածուներ՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և Աննա Դավթյան-Գևորգյանը, ըստ էության, ելնելով հանրային արձագանքից, սրբագրել են ՀՀ առաջին նախագահի խոսքերը։ 

«Ազատություն» ռադիակայանի կազակերպած նախընտրական բանավեճին  պատասխանելով «Բարձրացնելո՞ւ եք Շուշիի ու Հադրութի վերադարձի հարց» հարցին՝ Լևոն Զուրաբյանն ասել է․ «Իհարկե դնելու ենք։ Բայց մենք չենք խաբելու ժողովրդին, որ դա շատ լուծվող հարց է, և կարելի է բանակցություններով շատ հեշտ հետ բերել Շուշին կամ Հադրութը»։

«Սիվիլնեթ» առցանց հեռուստատեսության կազմակերպած «Արցախի հարց և անվտանգություն» թեմայով քննարկում-բանավեճի ժամանակ ասել է․ «Այսօր ունենք այն, ինչն ունենք։ [․․․] Արցախը հայկական պահելը, արցախահայերին Արցախում պահելը պիտի լինի բոլորիս նպատակը։ Եվ այդ ուղղությամբ գործուն քայլեր է կատարելու նաև ՀԱԿ-ը․․․ իշխանություն ունենալու դեպքում։ Նախագահի ասածն այլ բանի էր վերաբերում։ Վերաբերում էր նրան, որ գոնե այս փուլում անիրատեսական պայմաններ առաջ չքաշենք։ Մենք ծրագրում նշել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հարցի քաղաքական լուծման վերաբերյալ քննարկումները շարունակելու ենք՝ հիմնվելով նույն այն սկզբունքների վրա, որ կան։ Բայց որո՞նք են այդ սկզբունքները։ Բոլոր հնարավոր պլաններում [ազգերի, այս դեպքում՝ արցախահայության] ինքնորոշման իրավունքի և [պետությունների, այս դեպքում՝ Ադրբեջանի] տարածքային ամբողջականության սկզբունքները դրված են կողք-կողքի, ճի՞շտ է»։

Իսկ թե Արցախի հարցում ինչպես կգործի և ինչ է կարող անել Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ը, պարզ կդառնա հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։