Մարդկանց ապուշացնելու հոգեբանական գրոհ

Մարդկանց ապուշացնելու հոգեբանական գրոհ

Բազմաթիվ պայթյուններից ու ողբերգություններից հետո ընդամենը մնում է փաստը արձանագրել՝ մի աղմուկը փոխարինվում է մյուսով։ Օրինակ, եթե մի հարց շատ աղմկոտ է լինում, հանրությունն ընդվզում է, բայց իշխանության համար կարևոր, առանցքային է, աղմուկը փոխարինվում է նոր աղմուկով։ Տևական ժամանակ հայ ժողովրդի պատմության խեղաթյուրման, հայ ժողովրդի պատմությունը կեղծելու մասին են խոսում, ծնողներն են բողոքում, բոլորիս է հայտնի։ Անհամբեր սպասում էի, թե ինչով է փոխարինվելու կրթական բնագավառի այդ աղմուկը, որպեսզի մյուսը լռեցվի։ Եվ ահա «պատահական պայթյուն, հրդեհ»՝ հենց Երևանի մայր բուհում։ Քանի որ մինչ այս իշխանության գալը մայր բուհը սուրբ- սրբոց էր եղել հայերի համար, աղմուկը կարող է շեղել հանրությանը իր պատմական խնդիրներից։ ԿԳՄՍ նախարարը, որ վերջին շրջանում «անընդհատ պաշտպանվում էր» ծնողներից, հանրությունից, աշակերտներից, կարող է հայտնվել նոր լույսի տակ՝ որպես մատաղ սերնդի ցավով ապրող, մտահոգվող ու «իրեն կոտորող անձ

Տեսեք ինչ բարեբեր նշանակություն ուներ պայթյունի դեպքը ԿԳՄՍ նախարարի կողմից ինչ որ ծրագրերի անարգել գործարկման առումով։ Այդ ինչպե՞ ս է ստացվում, որ ամեն ողբերգական դեպք օգտագործվում է ինչ որ առանցքային հարց լուծելու համար։ Այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է անում երկար անունով նախարարը՝ հարցնելով աշակերտներին, թե ինչպիսի՞ն է այն դպրոցը, որ սիրով կգնային։ Եվ հետաքրքիրն այն է, որ նա հենց այսօր, պայթյունի օրն է շատ կարևոր նամակ ստացել աշակերտական խորհուրդների և աշակերտների ինքնավարության հետ կապված, չի համբերել, որ «մի երկու օր հետո ստանա»։ Երկաթը տաք- տաք է ծեծում․ «Սիրելի աշակերտներ, սպասում եմ ձեր առաջարկներին։ Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր ինքնավարությունը, ինչպիսի՞ն պետք է լինի այն դպրոցը, ուր դուք սիրով կգնաք»։ Ամեն ինչ կարող է մոռացվել թարմ հետքի վրա՝ ի՜նչ պատմության խեղաթյուրում, ի՜նչ դասագրքեր։ Նա մտնում է նոր դերի մեջ ու անմիջապե՛ս է մտնում, երբ մարդիկ պայթյունից դեռ ուշքի չեն եկել։ Միանշանակ կարող եմ ասել, որ հանրությանն ավելի շատ հոգեբաններ են պետք, հոգեբանական վերլուծություններ, հոգեբան- քաղաքագետներ։

Հայաստանի դեմ գործարկվում է մարդկանց ապուշացնելու հոգեբանական աննախադեպ գրոհ։ Ինչու՞ են լռել, լռում մեր հոգեբանները՝ մի՞թե չեն տեսնում, որ քաղաքականության մեջ սրանք կռվում են հոգեբանական զենքերով և եթե քաղաքագետը վերլուծում է զուտ քաղաքական մասը, ինչ որ մեծ բան բաց է մնում։ Պետք է հասկանալ, թե ինչը ինչու՞ է կատարվում, ինչը ինչպե՞ ս է օգտագործվում։ Այդ ինչպե՞ս է լինում, որ մի խմբակով կարողանում են անցկացնել երկիրը, կրթական համակարգը, պետականությունը կործանող օրենքներ, իսկ մարդիկ անտարբեր, ապուշացած հայացքներով նրանց են լսում։ Կաթիլը քար է ծակում։ Կաթիլ- կաթիլ նրանք ծակում, հոշոտում են հայ ժողովրդի դարերով կերտած սրբատաշ քարերը, իսկ քաղաքագետները վերլուծում են ծակած քարի խորությունը, լայնությունը, փչացածության աստիճանը։ Եթե քաղաքագետների նման ակտիվ լինեին հոգեբանները, այսօր հանրությանը պարզ ցույց կտային, թե ինչպե՞ ս, ինչո՞վ է ծակվում քարը, ինչպե՞ս են ապուշացնում մարդկանց։