Մինչեւ ե՞րբ են դպրոցների խոհարարներն ու նրանց օգնականներն աշխատելու առանց աշխատավարձի

Մինչեւ ե՞րբ են դպրոցների խոհարարներն ու նրանց օգնականներն աշխատելու առանց աշխատավարձի

Հայաստանի հանրակրթական դպրոցներում 2010 թվականից իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: Այն իրականացվում էր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ-ի ՊՀԾ) եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա՝ նպատակ ունենալով ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ: Սնունդ էր տրամադրվում տարրական դասարանների եւ դպրոցի նախապատրաստական խմբեր ունեցող բոլոր հանրակրթական դպրոցներին: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն աստիճանաբար սկսեց իրականացվել կառավարության կողմից: Իսկ 2023-ից բոլոր մարզերն անցել են ազգային ծրագրին՝ կառավարության ֆինանսավորմանը: 

Ծրագիրն իսկապես կարեւոր է՝ դպրոցների տարրական դասարաններին անհրաժեշտ կալորիականությամբ սննդով ապահովելու եւ երեխաների աշխատունակությունն ու ուշադրությունն ավելի բարձրացնելու հարցում: Կան խնդիրներ, որոնք ի սկզբանե այնքան էլ չեն կարեւորվել, սակայն այսօր արդեն խանգարում են ծրագրի անխոչընդոտ իրականացմանը: Հարցը վերաբերում է դպրոցների ճաշարանների աշխատողների՝ խոհարարի ու նրա օգնականի վարձատրմանը: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ երեխաներին պետք է տրվի չոր սնունդ, որի դեպքում խոհարարի եւ օգնականի կարիք չկար: Սակայն հետագայում դպրոցների ճաշարանները կահավորվեցին եւ տեխնիկապես համալրվեցին, եւ հնարավորություն եղավ չոր սնունդը փոխարինել տաք սննդով: Իսկ դրա իրականացման համար խոհարարին տրվում էր փոխհատուցում՝ յուրաքանչուր երեխային հասանելիք գումարից 20 դրամ հարաբերությամբ: Դա աշխատավարձ չէ եւ ապահովում է միայն ճանապարհածախսը, որպեսզի խոհարարը եւ իր օգնականը կարողանան գալ աշխատանքի: Քանի որ տարբեր դպրոցներում տարբեր թվով երեխաներ են սովորում, այդ փոխհատուցումը տարբեր դպրոցներում տարբեր է՝ սկսած 20-ից մինչեւ 35 հազար դրամ: Բայց, անկախ երեխաների թվից, խոհարարն առավոտյան ժամը 07.00-ից լինում է դպրոցում, որպեսզի հասցնի երեխաների ճաշը ժամանակին պատրաստել: Ճաշից հետո սկսվում են խոհանոցի, ճաշարանի մաքրման եւ ամանները լվանալու աշխատանքները, որոնք տեւում են մոտավորապես մինչեւ ժամը 15.00-ն:

Այսինքն, մարդիկ իրենց օրվա այդքան ժամանակը տրամադրում են աշխատանքին եւ փոխարենը ստանում նվազագույնից կրկնակի ցածր գումար: Այս խնդիրն առկա է հանրապետության բոլոր դպրոցներում: Արդեն դպրոցների տնօրենները դժվարությամբ են համոզում մարդկանց, որ աշխատեն որպես խոհարար: Որոշ դպրոցներում հարցը տարբեր կերպ է լուծվում: Անգամ լինում են դեպքեր, երբ ծնողներից են գումարներ հավաքում՝ խոհարարին վճարելու համար, որպեսզի նա դուրս չգա աշխատանքից: Սա էլ իր հերթին առաջացնում է ծնողների արդարացված դժգոհությունը: Եթե մեր երկրի բյուջեն հնարավորություն է տալիս ոստիկանին տալ բարձր աշխատավարձ, պարգեւավճար, քանի որ ոստիկանը հիմնականում այսօր ապահովում է երկրի առաջին դեմքերի անվտանգությունը, ապա դպրոցի խոհարարին առավել եւս պարտավոր է լավ վճարել եւ քաջալերել, քանի որ նա ապահովում է երեխաների առողջ ու անվտանգ սնունդը, ինչը  կարեւոր ռազմավարական խնդիր է: 

«Հրապարակը» խնդրի հետ կապված հարցում ուղարկեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը եւ «Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ եւ երեխաների բարեկեցություն» հիմնարկին: Հարցը համատեղ քննարկելուց հետո ԴՍԵԲ տնօրենի պարտականությունները կատարող Անի Թորոսյանը մեզ պատասխանեց.

«Ներկայում ՀՀ ԿԳՄՍՆ եւ ԴՍԵԲ հիմնարկը համատեղ աշխատանքներ են տանում նշված աշխատակիցների աշխատավարձի վճարման նոր մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, եւ հուսով ենք, որ 2023-ի սեպտեմբերից դպրոցների խոհանոցային աշխատակիցների աշխատավարձը կփոփոխվի»:

«Հրապարակը» հետեւողական կլինի խնդրի լուծման ընթացքին: