«Նաջարյանը» փոշմանե՞լ է

«Նաջարյանը» փոշմանե՞լ է

«Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը կիսվել է Ադրբեջան այցելության առաջին տպավորություններով: Ադրբեջանական մամուլն արձագանքել է կայծակնային արագությամբ եւ նրան մեղադրել «ղարաբաղյան արկածախնդրության» մեջ: Բանն այն է, որ Ալավերդյանն ասել է, թե ինչ հիմնական հարցեր են իրեն հետաքրքրել ադրբեջանցիների հետ շփումներում՝ պատերազմի՞, թե՞ խաղաղության է պատրաստվում Ադրբեջանը, եւ ի՞նչ զիջումների է պատրաստ ԼՂ կարգավորման հարցում: Սա է, որ ադրբեջանցի մեկնաբանը համարում է «սադրանք»՝ առաջին հերթին Ռուսաստանի դիվանագիտական ջանքերի դեմ:

Ընդսմին, նա իրավիճակը գնահատում է առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի մոսկովյան այցի համատեքստում, ինչից տպավորություն ենք ստանում, թե Իլհամ Ալիեւը կնոջը Մոսկվա է գործուղել, որպեսզի շոշափի ԼՂ հարցում Կրեմլի մոտեցումը: Երեւում է, Մեհրիբան Ալիեւայի առաքելությունը ձախողվել է: Մասնավորապես, նրան, ամենայն հավանականությամբ, չի հաջողվել ՌԴ նախագահից հավաստիացում ստանալ, որ կարգավորման մասին արտգործնախարար Լավրովի կողմից Երեւանում հնչեցրած տեսակետը, թե այն հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, զուտ անձնական տեսակետ էր եւ չի արտացոլում ՌԴ պաշտոնական տեսակետը: Դա է, թերեւս, պատճառը, որ «Նաջարյանը փոշմանել» եւ ենթակա լրատվամիջոցին հրահանգավորել է կասկածի  տակ առնել հայ-ադրբեջանական հանրային մակարդակով հետագա շփումների անհրաժեշտությունը, իսկ արդեն կայացած լրագրողական փոխայցելության ՕԳԳ-ն գնահատել «գրեթե զրոյական»: Ըստ երեւույթին, չի արդարացել նաեւ հույսը, որ ադրբեջանցի լրագրողները կարող էին Հայաստանից եւ Արցախից հայթայթել «ծնկաչոք աղքատության եւ համատարած արտագաղթի իրեեն ապացույցներ» եւ ներկայացնել ադրբեջանական հանրությանը: Իսկ եթե շահ չկա թե ռուսական ուղղությամբ, թե ներքին լսարանին «հաղթական Ադրբեջանը սովահար Հայաստանին» հակադրելու հարցում, ապա Իլհամ Ալիեւը կորցնում է հետաքրքրությունը համանման հետագա ձեռնարկումների նկատմամբ: