Սկսվե՞ց

Սկսվե՞ց

Նոյեմբերի 25-ին Ստեփանակերտում ՀԽՍՀ եւ ԼՂԻՄ միավորման 30-ամյակին նվիրված կլոր սեղան է կազմակերպվել, մուտքի խոսք է ասել արտգործնախարար Մասիս Մայիլյանը, որի կարճ դիտարկումից հայրենական լրատվամիջոցի մեկնաբանն առանձնացրել է գլխավոր միտքը, որ Ադրբեջանի իշխանությունը ի վերջո ստիպված է լինելու ճանաչել ռեգիոնալ իրողությունը, ինչն էլ թույլ կտա Կովկասում հաստատել հարատեւ խաղաղություն:

Ընդամենը մեկ նախադասություն, որ, սակայն, ծնում է մի շարք հարցեր: Նախ, ի՞նչ ասել է «հարատեւ խաղաղություն»: Միջնորդները սովորաբար օգտագործում են «տեւական խաղաղություն» ձեւակերպումը, որ, անկասկած, ավելի իրատեսական է, որովհետեւ «հարատեւ խաղաղության» երաշխիք ոչ ոք չի կարող տալ: Երկրորդ, Արցախի արտգործնախարարը խոսում է Կովկասում խաղաղության մասին: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի խնդիրը պրոյեկտում է համակովկասյա՞ն հեռանկարում: Քաղաքագիտական բոլոր ուսումնասիրություններում Կովկասը որպես մեկ-միասնական տարածաշրջան չի դիտարկվում, եւ դա իրողության արձանագրում է. Կովկասի հյուսիսն Ռուսաստան է, հարավը՝ Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան:

Կովկասի հյուսիսում Ռուսաստանը տեւական խաղաղություն հաստատել է, դա դաշնային կենտրոնի եւ ինքնավար սուբյեկտների միջեւ լիազորությունների տարանջատման ելցինյան նախագիծն է, որը Պուտինի կողմից  ամրապնդվել է ռազմա-ոստիկանական կայուն-ազդեցիկ ներկայությամբ: Երրորդ, իսկ ո՞վ է ասում, որ Ադրբեջանը չի ճանաչում ռեգիոնալ իրողությունը՝ որ Հայաստանը շրջափակված է արեւելքից եւ արեւմուտքից, հյուսիսում ունի դեպի Ռուսաստան շատ անկայուն ելք, հարավում Իրանն է՝ անորոշ ապագայով, որ Հայաստանը մեկուսացված է տարածաշրջանային տնտեսական եւ կոմունիկացիոն նախագծերից, որ Հայաստանում արտաքին խոշոր ներդրումներ չեն արվում, որ Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամ է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կանգնած է հայկական բանակը, որ… Սա է ռեգիոնալ իրողությունը, որ Ադրբեջանը ոչ միայն ճանաչում, այլեւ ըստ այդմ կառուցում-կազմակերպում է պետական կյանքը, տնտեսությունը, արտաքին կապերը եւ, ամենակարեւորը՝ ռազմական դոկտրինը: Իսկ եթե Մասիս Մայիլյանը նկատի է ունեցել, որ ի վերջո Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը ներկայիս փաստացի սահմաններով, եւ տեղի կունենա հայ-ադրբեջանական պատմական հաշտեցում, ապա այս դեպքում նրա լավատեսությանը միայն նախանձել կարելի է:

Այն պատճառով, որ թեկուզ չճանաչված երկրի, բայց արտգործնախարար լինելով՝ նա դիտարկումներում, կամա, թե ակամա, բաց է թողել մի սկզբունքային հանգամանք, ինչը մենք կձեւակերպենք հարցի տեսքով՝ իսկ միջազգային ուժային կենտրոնները կհամաձայնե՞ն, որ Ադրբեջանը ճանաչի ռեգիոնալ իրողությունն այնպես, ինչպես Արցախի արտգործնախարարն է հասկանում: Արցախում ժամանակը նախընտրական է, Մասիս Մայիլյանը՝ նախագահի հավանական թեկնածու: Եւ նրա խոսքում պոպուլիզմի որոշակի տարրեր, բնականաբար, կարող են լինել: Բայց ա՞յս չափի, ա՞յս նշաձողն է նա առաջարկում մրցակիցներին: Մի՞թե կա Արցախի նախագահի ընտրությունների քարոզարշավն առնվազն ԼՂ կարգավորման տեսլականի առումով վերածել ֆարսի, հանրային կարծիքի էժանագին մանիպուլյացիայի: