2014 թվականին էլ Էդվարդ Նալբանդյանն էր մեկնել Թուրքիա...

2014 թվականին էլ Էդվարդ Նալբանդյանն էր մեկնել Թուրքիա...

2014 թվականի օգոստոսին նույնպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալությանը մեկնելու խնդրի շուրջ հայ հասարակության շրջանում տարբեր կարծիքներ եւ քննարկումներ կային: Այն ժամանակ Սերժ Սարգսյանի որոշմամբ Թուրքիա մեկնեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Կառավարության նիստից հետո փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ այդ որոշումը կայացրել է անձամբ նախագահը եւ բացատրել էր այդ որոշման պատճառը. 

«Նախկինում երբեւէ չի եղել Թուրքիայի նախագահի ինաուգուրացիա, որովհետեւ մինչ այդ Թուրքիայի նախագահն ընտրվում էր պառլամենտի կողմից: Առաջին անգամն էր, որ ընտրությունը կատարվել է ուղղակի...Հարեւան երկրներում երբ տեղի է ունենում նախագահի ինաուգուրացիա, միշտ տեղի է ունենում փոխանակում...»: 
Այդ ժամանակ էլ Անկարան պաշտոնական հրավեր էր ուղարկել ՀՀ իշխանություններին: Եւ այն ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը խիստ քննադատում էր այդ որոշումը` Նալբանդյանի այցը Թուրքիա: եւ ԲՀԿ-ն, եւ Դաշնակցությունը հայտարարեցին, որ չէր կարելի գնալ մի երկիր, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, իսկ ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ Հայաստանը կարող էր ընդամենը որեւէ դեսպանի ուղարկել, այլ ոչ թե ԱԳ նախարարին: Եւ քանի որ դրան նախորդել էր ցյուրիխյան` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացը, բոլորը դա դիտարկել էին հենց այդ տրամաբանության մեջ` որ Սերժ Սարգսյանը փորձում է շարունակել ֆուտբոլային դիվանագիտությունը: 

Սակայն ամբողջ բանն այն է, որ երդմնակալության մեկնելու առիթը ՀՀ իշխանությունը եւ արտգործնախարարը 2014-ին փորձել էին օգտագործել` ի շահ Հայաստանի եւ Էդվարդ Նալբանդյանը ոչ միայն մասնակցում էր Էրդողանի պաշտոնամուտին, այլեւ առիթն օգտագործեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մասնակցելու պաշտոնական հրավեր փոխանցի Էրդողանին, որը կայանալու էր 2015 թվականին: 
Պատկերացնո՞ւմ եք` Էրդողանի արձագանքն այդ հրավերը ստանալու պահին:

Հիմա վերադառնանք 2023 թվական, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքիա` Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու: Խեղճ ու տխուր, վիզը ծուռ, երկրորդ շարքում նստած` առանց որեւէ քաղաքական օրակարգի: Նման այցելությունները կարող են մի իմաստ ունենալ, եթե դու քո սեփական օրակարգն առաջ մղելու, ինչ որ ակցիա անելու, ինչ որ կարեւոր հանդիպում ունենալու ծրագիր ունես, որից քո երկիրը շահելու է: Հակառակ դեպքում` քո մեկնելն ընդամենը պարտված երկրի ղեկավարի այցելություն է հաղթող երկրի ղեկավարին, որի միակ նպատակը քո ղեկավարած երկիրը քարտեզի վրայից ջնջելն է ու քո ազգը ոչնչացնելը: