Հայ օդաչուների անհավանական պատմությունը Հասարակածային Գվինեայի բանտում

Հայ օդաչուների անհավանական պատմությունը Հասարակածային Գվինեայի բանտում

2004 թվականին Հասարակածային Գվինեայում հեղաշրջման փորձի և ահաբեկչության համար 14 տարվա ազատազրկման դատապարտված 6 օդաչուներից մեկը՝ Սուրեն Մուրադյանը, «Հրապարակին» պատմեց աֆրիկյան երկրի բանտում անցկացրած տարիների մասին։ Մուրադյանը մեզ հետ զրույցը սկսեց սկզբից, երբ հայ օդաչուները մեկնեցին Աֆրիկա՝ աշխատելու նպատակով․

«Հայաստան ժամանեց գերմանական մի ավիաընկերության ներկայացուցիչ։ Առաջարկեց վարձակալել ԱՆ-12 բեռնատարը՝ ինքնաթիռը Աֆրկյան երկրներում բեռնափոխադրումներ կատարելու նպատակով ։Պայմանագիրը կնքվեց, ընտրվեց օդաչուական կազմը՝ բաղկացած 6 հոգուց՝ հրամանատար Աշոտ Կարապետյան, 2-րդ օդաչու Սամվել Մաճկալյան, ինժեներներ Աշոտ Սիմոնյան, Սամվել Դարբինյան, Սուրեն Մուրադյան, մեխանիկ  Ռազմիկ Խաչատրյան։ Ամեն ինչ կատարվեց զարմանալի արագությամբ, դրան զուգահեռ տեղի ունեցան ոչ պակաս զարմանալի բաներ։ Շուտով պարզվեց, որ ինքնաթիռի հետ օդ էին թռել նաև բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է պահվեին ավիաընկերության գրասենյակում, այն էլ աչքի լուսյի նման։ Ինչևիցե, 2004 թվականին ԱՆ-12-ը օդ բարձրացավ և ուղղություն վերցրեց դեպի Աֆրիկա։ Վայրեջք կատարելով Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբայի օդանավակայանում, քիչ անց պարզվեց, որ ջնջվել էր ինքնաթիռի հայկական անվանումը և լոգոն, դրան փոխարինել էր ոչ թե գերմանական ընկերության լոգոն, այլ Հասարակածային Գվինեայի։ Ի՞նչ էր սա, վաճա՞ռք, նվե՞ր, հափշտակո՞ւմ։ Առ այսօր ոչ ոք չի պատասխանել հարցին, քանի որ հարցը երբեք չի էլ հնչել համապատասխան կազմակերպությունների կողմից»։

Մուրադյանը պատմեց, որ իրենց խմբին առանց որևէ պարզաբանման ձերբակալել են այն պահին, երբ նրանք հեռախոսով փորձել են Հայաստան զանգել՝ հարազատներին մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորելու համար․

« Ի սկզբանե մեր թռիքը դժվարությունների հետ էր կապված։ Իջնում ենք, մեզ դիմավորող չկա, և ոչ ոք տեղյակ չէ, որ մենք պետք է գանք։ Հաջորդ օրը գերմանացիները եկան, մեզ տարան հյուրանոց։ Այդ ընթացքում խոսակցություններ բացվեցին, քիչ էր մնում մեզ տեղում կալանավորեին՝ առանց որևէ բան հարցնելու։ Այդտեղից սկսվեց մեր էպոպեան։ Հետագայում պարզվեց, որ մեզ գերմանացիները ինչ-որ մի պայմանագրով առանց մեր կարծիքը հարցնելու տվել են ինչ-որ մի կազմակերպության, կոչվում էր «Պանակ», Հասարակածային Գվինեայում գործող ընկերություն էր։ Մենք ոչինչ չգիտեինք, մեր ղեկավարությունը մեզ ոչինչ չէր ասել, հետագայում պարզվեց, որ իրենք իբր ոչինչ չգիտեին, բայց, հասկանալի է, դա բացարձակ սուտ է։ 2 ամիս գտնվելով Աֆրիկայում՝ մենք երկար թռիչքներ ենք կատարել աֆրիկյան մի քանի երկրներ՝ Կամերուն, Կոնգո, Զամբիա, Զիմբաբվե և այլն։ Տուալայում մի դեպք կատարվեց, մենք մի փոքր ուշացանք, բայց հետ եկանք։ Դրանից հետո ինքնաթիռը ստուգվեց տեղի իշխանությունների կողմից, մաքրվեց, դրոշմվեց, բանալիով փակվեց և հանձնվեց նրանց տնօրինության տակ, որպեսզի իրենք կազմակերպեն ինքնաթիռի հսկողությունը։ Մարտի 8-ին եկան և մեզ բանտարկեցին, շղթայեցին և 15 ամիս մնացել ենք շղթաների մեջ։ Ոչ գիշերը, ոչ ցերեկը շղթաները չեն հանել։ Առաջին 9 օրը ձեռքերը մեջքի կողմից էին շղթայել, դրանից հետո արջի կողմից կապեցին, բայց այս դեպքում էլ ոտքերը նույնպես կապեցին։ Մենք 15 ամիս գտնվել ենք շղթաների մեջ՝ և՛ ոտքերը ,և՛ ձեռքերը, օր ու գիշեր ոչ մի անգամ չէին հանում»։

Մուրադյանի խոսքով՝ իրենց հետագայում տարբեր հանցանքներ են վերագրել՝ պետական հեղաշրջումի փորձից մինչև տեռորիզմ․

«Ի՞նչ էր տեղի ունեցել։ Մեզ փորձեցին կապել ինչ-որ տեռորիստական խմբավորման հետ։ 9 ամիս մենք արևի երես չենք տեսել, ոչ դատ, ոչ դատաստան, 9 ամիս չեն իմացել, թե մեզ ինչ անեն։ Բանն այն է, որ երբ մենք գտնվում էինք կալանավայրում, էդ գերմանացիները Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկած ինչ-որ մի խմբի հետ էր աշխատում, մեզ փորձեցին այդ խմբի հետ կապել։ Իրենց ասելով՝ կոմերսանտներ էին , ապրանքափոխադրումը իրենց օգնությամբ էր կատարվում, գերմանացիները դրանց հետ էին գործարքի մեջ մտել։  Խոսքը գնում էր նավթարդյունաբերության մասին։ Այդ երկրում բավական մեծ քանակությամբ նավթ էին գտել։ Մալաբո քաղաքը գտնվում է կղզու վրա, իսկ բուն պետությունը մայրցամաքում։ Մայրցամաքից մինչև Մալաբո 150 կմ է, այդ տարածքում շատ նավթ էին գտել։ Այդտեղից ամենը սկսվեց, մինչդեռ մենք պետք է պարզապես պահեստամասերի փոխադրումներ կատարեինք, որը չստացվեց։ Իրենց ասելով՝ ինչ-որ մի երկրում, չեմ հիշում Զիմբաբվեո՞ւմ, թե՞ Զամբիայում, ահաբեկչական խմբի էին ձերբակալել, հետո պարզվեց, որ այդ մարդիկ, որոնք զենք էին տեղափոխում, դրա իրավունքը ունեին, բայց մեզ փորձեցին կապել դրանց հետ, քանի որ դրանք ՀԱՀ-ից էին, հետագայում մեզ մեղադրեցին նաև հեղաշրջման փորձի մեջ»

Մուրադյանը պատմեց, որ նույնիսկ իրենց պաշտպանին են սպանել, և,առհասարակ,  Հասարակածային Գվինեայում կարող էին սպանել յուրաքանչյուրին․

«Տեղի ունեցավ կրկեսային թատրոն դատավարություն։ Այդքան տարիների ընթացքում ոչ մեկին չեն դատել, միայն մեզ։ Բանտերում լիքը մարդիկ առանց դատի ու դատաստանի նստած էին։ Ես իրենց երկրի գլխավոր դատախազին հարցրի, թե ինչի՞ համար են մեզ բանտարկել, պատասխանեց՝ «մեզ ասել են, որ դուք տեռորիստ եք»։ Ասում եմ՝ բայց դուք ապացույց ունե՞ք, ասում է՝ դա կապ չունի, մեր երկրի օրենքը թույլ է տալիս, որ եթե կասկածվում է, ուրեմն մեղավոր է։ Իրենց բատերում նստած էին և՛ քաղաքական գործիչներ, վարչապետն էր նստած, տարնսպորտի նախարարը, մինչև ամենավերջին մարդը։ Մեզ դատեցին իբրև տեռորիստների, մեզնից յուրաքանչյուրին 14 տարի, հրամանատարին՝ 24 տարի ժամկետով։ Ամեն ինչից անտեղյակ գնացել էինք աշխատելու, այդպես բանտ ընկանք։ բանտարկությունից 2 ամիս հետո  մեր ԱԳՆ-ից 2 դեսպան եկան՝ փորձելով մեզ բանտից հանել, բայց չհաջողվեց։ Հետագայում այդ գործին խառնվեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Արշավիրի Աբրահամյանը, մեզ էնտեղից դուրս հանեցին։ Ընդհանուր կալանավայրում մնացինք 15 ամիս։ Ինքնաթիռը պահեցին, մեր ձեռքից վերցրին, ինչ ունեին՝ ժամացույց, մատանի, բոլորը վերցրին, հետ չտվեցին։ Կիսասոված հետամնաց երկիր էր, ոստիկանություն գոյություն չուներ, կար միայն զորք, որը գնդակահարում էր, ում ուզեր՝ առանց որևէ պատասխանատվության։ Մեր դատապաշտպանը, որը նշանակվել էր իրենց կողմից, սպանվեց, որովհետև ապացույցներ էր բերում, որ մենք որևէ բանի հետ կապ չունենք, իրենց դատապաշտպանների միության նախագահն էր, որը նույն այդ բանտում 2-3 տարի նստել էր։ Այդ բանտը բոլորի համար էր»։ 

Սուրեն Մուրադյանի խոսքով՝ խցում սանիտարահիգիենիկ պայմանները իսպառ բացակայել են, գումարած դրան՝ տեղի ուժայինների անմարդկային վերաբերմունքը․

«Իրենց անվտանգության ծառայությունից մի 15 հոգի եկան մահակներով։ Ես ողնաշարի ճաք էի ստացել: Բանտի հիմնական հիվանդությունը մալարիան էր, մարդ կա՝ 10 անգամ, մարդ կա՝ 7 անգամ։ Իմ բախտը բերել էր, ես 2 անգամ էի հիվանդացել։ Միակ բանը, որ կարողանում էին բուժել, մալարիան էր։ Հետամնաց մի երկիր էր, կոյուղին գետնի երեսով հոսում էր, բոլորին նույն տեղում էին պահում՝ նիգերիացի, հարավաֆրիկացի, իրենց համար սրբություն չկար։  «Պանակի» ղեկավարը բժիշկ էր, Լենինգրադում ավարտած, շատ լավ ռուսերեն էր խոսում, կինն էլ ռուս էր, բերեցին մեզ մոտ նստեցրին, 6 ամիս նստեց։ Շատ դժվարությամբ «Կարմիր խաչին» էին մեզ մոտ թողնում, մեր վրայից բոլոր շորերը հանել էին, ոտաբոբիկ էինք»։