Աստված իրենց հետ, այլևս առիթ երևի չլինի ապացուցելու, որ ԼՀԿ-ն ընդդիմություն է

Աստված իրենց հետ, այլևս առիթ երևի չլինի ապացուցելու, որ ԼՀԿ-ն ընդդիմություն է

Եվ այսպես․ «Լուսավոր Հայաստանն» այս պահին չի միանա ԲՀԿ-ի` ՍԴ դիմելու ստորագրահավաքին` պատճառաբանությունը Ռոբերտ Քոչարյանի գործն է, որը,  ըստ Մարուքյանի, ՍԴ-ն որոշեց քննել հենց ԱԺ-ի ընդունած օրենքից հետո: Մեկնաբանություն ԲՀԿ-ից՝ Գևորգ Պետրոսյանից։

-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս կգնահատեք Էդմոն Մարուքյանի որոշումը, որը րոպեներ անց արդեն իսկ որակվեց որպես «կլասիկ» քաղաքական գործչի կողմից հերթական անգամ երրորդ ճանապարհով գնալու փորձ։

-Ի՞նչ որոշում է ընդունել, որ. ես տնից դուրս չեմ եկել։

- Չեն միանում։

-Չեն միանում, իրենց իրավունքն է, ես հարգանքով եմ վերաբերվում իրենց որոշմանը, բայց տարօրինակ է դա, որովհետև իրենք միշտ փորձել են ապացուցել, որ իրական ընդդիմություն են։ Եվ հիմա դրա լավագույն առիթն է։ Այլևս երևի թե ուրիշ առիթ չլինի ապացուցելու, որ ընդդիմություն են։ Նաև.  իրենք, որ անընդհատ խոսել են, որ «պահը գա, մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք երկրում սահմանադրական կարգն ապահովելու», հիմա էդ պահն է։ Հիմա, եթե իրենք ասում են մի բան, անում՝ մեկ այլ բան, թող ժողովուրդը գնահատի իրենց գործողությունների բովանդակությունը։ Բայց իրենք են որոշողը, իրավունք չունեմ հեգնելու իրենց որոշումը։ Այնուամենայնիվ, որպես գործընկեր` կխնդրեի, կհորդորեի միանալ։ 

-Բայց սա համարո՞ւմ եք դավաճանություն ու ծանր վիճակում թիկունքից հարված։

-Գործող օրենսդրության համաձայն՝ դավաճանությունը լինում է պետության նկատմամբ։ Ես պարզապես գտնում եմ, որ իրենք ավելի ճիշտ կանեին, միանային։ Բայց նորից եմ ասում՝ դա դավաճանություն որակելու իրավունք չունեմ։

-Տեղյակ եմ, որ ձեր խմբակցությունը կիսվել էր․ մի մասը գտնում էր, որ Մարուքյանը կմիանա, մյուս մասը, որ վերջին պահին ձեզ կլքի։ Դուք ո՞ր խմբում էիք։

-Ես նման քննարկումների չեմ մասնակցել։ Բայց ճանաչելով Էդմոն Մարուքյանին, հույս ունեի, որ կմիանա։

-Ինչու՞, երեկ ԼՀԿ-ն ամբողջ օրը «թռած» էր, ոչ մի կերպ չէր հայտնաբերվում։ Պարզ չէ՞ր, որ չէին միանալու։

-Թռչելը հաճելի զգացողություն է։

-Իսկ ի՞նչ եք կարծում` իրենց վրա ճնշում գործադրվե՞ց։

-Չեմ կարող ասել։ Ես գուշակություն անելու իրավունք չունեմ, մանավանդ, եթե խոսքը վերաբերում է այլ քաղաքական ուժի։ Եվ եթե իրենց նկատմամբ ճնշում կա, իրենք կարծես թե  ճնշումներին դիմակայելու փորձ ունեն։ Իսկ եթե չեն կարողացել դիմակայել, իրենց անձնական խնդիրն է։

-Պարոն Պետրոսյան, Ձեր գործընկեր Վահե Էնֆիաջյանը, ում հետ վերջին օրերին Շենգավիթի դատարանի բակում էիք, վարակվեց կորոնավիրուսով։ Դուք վարակված լինելու մտավախություն չունե՞ք։ Ի դեպ, ինքը կրում էր դիմակ, Դուք՝ ոչ։

-Ես մոտ ամիս առաջ թեստ եմ հանձնել, բացասական պատասխան է եկել։ Եվ․․․ ես Էնֆիաջյանի հետ չեմ համբուրվում։ Կարծում եմ, որ վարակված չեմ։