Արտահերթ ընտրություններ կամ՝ փրկօղակ բոլորի համար

Արտահերթ ընտրություններ կամ՝ փրկօղակ բոլորի համար

Այսօր Փաշինյանի ու նրա կառավարության ձախողումներից չենք խոսի: Դրանց մասին այնքան է գրվել ու խոսվել, որ արդեն ձանձրույթի է վերածվել: Եվ հետո՝ իմաստ չկա խոսել ու խոսել ձախողումներից, եթե այդ ձախողումների մեղավորներն ու բուն մեղավորը հրաժարվում են ընդունել դրանք: Թքում ես երեսներին, ասում են՝ անձրեւ է գալիս, ու քշում իրենց ուզած ճանապարհով: Ուստի ավելի լավ է խոսենք լուրջ թեմաներից:

Մինչ օրս այն կարծիքին եմ եղել, որ արհեստական ճանապարհով իշխանության եկած ուժին բնական ճանապարհով, այն է՝ ընտրությունների միջոցով, հեռացնել չի կարելի: Այսօր, սակայն, երբ այդ ուժին իշխանությունից հեռացնելու մյուս միջոցներն սպառվել են կամ սպառվելու վրա են, երբ տեսնում ես, որ այլեւս ոչ մի խոսք չի ազդում պատահաբար իշխանության եկած ուժի (կասեի՝ անհատի) վրա, որն անցել է պետական ինստիտուտները հանուն իշխանության կործանելու բուռն գործողությունների եւ որն ամեն անգամ երկրում տեղի ունեցող օրինական որեւէ իրադարձություն ընդունում է անհասկանալի հիստերիայով ու պատրաստ է «մինչեւ վերջ» կռվել ընդդիմության ու ընդդիմախոսների դեմ, մտածում եմ, որ «խոտորնակին՝ խոտորնակ» մարտավարությունը կարող է հանգեցնել մի այնպիսի շփոթի, որից արդեն ոչ ոք գլուխ հանել չի կարողանա: Փաշինյանն այնպես է կպած իր աթոռից, այնքան է տարվել իշխելու մոլուցքով, որ, ասել հայտնի պատգամավորի, կինքնահրկիզվի, բայց տեղի չի տա:

Բայց երբ սուբյեկտը տառացիորեն վերածվում է մի այնպիսի օբյեկտի, որից մի ամբողջ երկիր սկսում է միայն տուժել, անխուսափելիորեն առաջանում է տվյալ օբյեկտից եւ նրա գոյությանը նպաստող երեւույթներից ազատվելու պահանջ: Մենք այդ փուլն այլեւս անցել ենք, եւ մնում է որոշել օբյեկտից ազատվելու եղանակը: Առաջարկ է հնչել Փաշինյանից ազատվելու նպատակով քայքայել, մասնատել նրա թիմը, այդ թիմում գտնել մարդկանց, որոնք ի զորու կլինեն փրկել իրավիճակը: Փաստորեն, կա նման խանդավառություն: Բայց ես այդքան լավատես չեմ: ԱԺ-ում տեղի ունեցած վերջին քվեարկությունները (ականջդ կանչի, Լեոնիդ Բրեժնեւ) ցույց տվեցին, որ անհնար է պառակտել մի բան, որ պարզապես գոյություն չունի: Տվյալ դեպքում՝ թիմ ասվածը: Նիկոլը թիմ չունի, նա ունի մարդկային մարմիններից կազմված մի անհասկանալի զանգված, որն ընդունակ է ամեն ինչի, բայց ո՛չ մտածելու: Իսկ չմտածող զանգվածը պառակտելը նույնն է, թե փորձես պառակտել կամ ուղիղ ճանապարհի բերել մի ողջ հավաբուն, որի բնակիչներից յուրաքանչյուրն իր առաջնահերթ խնդիրն է համարում ինքնամոռաց վազել գոգնոցի գրպանից կուտ նետող տատիկի հետեւից: Չգիտեմ, իմ կարծիքով՝ Փաշինյանին հեռացնելու այս եղանակը հեռանկար չունի: Դրանով հանդերձ՝ նաեւ հավատ չի ներշնչում, որ այդկերպ տեղի կունենա իշխանափոխություն եւ ոչ թե, ասենք, եւս մեկ անիմաստ տեղափոխություն, որ ունեցանք «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության» արդյունքում:

Թյուրիմացություններից խուսափելու համար Փաշինյանին իշխանությունից պետք է հեռացնել հնարավորինս խաղաղ եղանակով եւ, եթե ստացվի, իր ողջ թիմի հետ: Դրա ամենաօպտիմալ ձեւն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Այդ ընտրություններով մենք ոչ միայն հասարակությանը հնարավորություն կտանք քավել իր մեղքը 2018թ. դեկտեմբերի ընտրություններում թույլ տված սխալի համար, այլեւ ձեւավորել նոր խորհրդարան, որտեղ չի լինի այս քաղաքական ծաղրանկարը: 88-89 իմքայլական պատգամավոր օրենքներ են գրում-ջնջում, ու հայտնի չէ, թե ով կարող է ի վերջո կանգնեցնել այդ զանգվածը գործողության մեջ դնող վարչապետին:

Արտահերթ ընտրությունների պահանջ, կարելի է ասել, արդեն իսկ ձեւավորվել է: Եվ, առհասարակ, կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրներում դա առաջին պահանջն է, որ հանրայնորեն ձեւավորվում է կառավարությունների անճարակության կամ ինքնանպատակ քայլերի պատճառով: Փաշինյանը, անշուշտ, գիտակցում է, որ նման պահանջ արդեն իսկ ձեւավորվել է: Դրա մասին են խոսում նաեւ ներքաղաքական դաշտում սկսված վերադասավորումների կապակցությամբ Փաշինյանի անհանգստությունները: Փաշինյանը դրա դեմ ոչինչ անել չի կարող, որովհետեւ այդ ամենի հիմքում հանրային պահանջն է, իսկ հանրությանը վերահամոզելը շատ ավելի դժվար է, քան նրան խաբելով իշխանության գալը: Այս իրավիճակում, երբ ընդդիմությունն արդեն ձեռնամուխ է եղել խորհրդարանական արտահերթ ընտրությունների հանրային պահանջին քաղաքական միս ու արյուն տալու գործին, Փաշինյանին մնում է երկու ճանապարհ: Առաջին՝ շարունակել ընդդիմադիր ուժերի հետապնդումները, խանգարել նրանց՝ ժողովրդին համախմբելու գործում, եւ երկրորդ՝ ընդառաջ գնալ հանրային պահանջին եւ անցկացնել խորհրդարանական ընտրություններ՝ իր վարկանիշի անկման մասին կասկածները փարատելու հույսով: Դրա մեջ ոչ մի ամոթալի բան էլ չկա: Փաշինյանը կարող է հավաքել, ենթադրենք, 40 տոկոս եւ, կոալիցիա կազմելով որեւէ ուժի հետ, շարունակել պաշտոնավարել: Փոխարենը կունենանք նոր խորհրդարան եւ նոր կառավարություն, որոնք, հաստատ, ավելի վատը չեն լինի, քան այն, ինչ ունենք այսօր: