ԱՄՆ-ն ՀՀ-ին զենք չի տա, բայց ՊՆ-ում կունենա իր աչքն ու ականջը

ԱՄՆ-ն ՀՀ-ին զենք չի տա, բայց ՊՆ-ում կունենա իր աչքն ու ականջը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի՝ «Ազատությանը» տված հարցազրույցը սառը ցնցուղ էր բոլոր նրանց համար, ովքեր մեծ հույսեր են կապում, որ ռուսի «սապոգը» գրողի ծոցն ուղարկելուց հետո ԱՄՆ-ն կդառնա Հայաստանի անվտանգության «բարձիկն» ու երաշխավորը: 

Դեսպանը նախ հերքեց լրագրողի՝ Բրյուսելում ստացած տեղեկությունը, թե ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդական առաքելությանը միանալու հնարավորությունը. «Ո՛չ, մինչեւ հիմա մենք նման պլան չունենք, բայց, իհարկե, ապագայում ոչինչ չենք բացառում»:

Լրագրողի մյուս հարցը Հայաստանի անվտանգության բարձրացմանն ուղղված ԱՄՆ ծրագրերի մասին էր։ «Քանի որ բրյուսելյան հանդիպման օրակարգի հիմնական հարցը Հայաստանի դիմադրողականության բարձրացումն էր, կուզեի մի փոքր խորանալ այս թեմայի մեջ։ Վերջին հարցումների համաձայն, անվտանգությունն է հայաստանցիներին ամենից շատ հուզող խնդիրը, եւ մենք տեսանք, որ Ֆրանսիան ամրապնդեց ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ՝ մատակարարելով զինատեսակներ, չնայած խոչընդոտներին։ Միացյալ Նահանգները կհետեւի՞ Ֆրանսիայի օրինակին»,- հարցրեց լրագրողը։

Դեսպանն այս հարցի շուրջ խոսե՜ց, խոսե՜ց, տվեց ինչ-որ պատասխաններ, վերացական հեռանկարներ նկարագրեց՝ փորձելով շրջանցել Հայաստանին զենք-զինամթերք մատակարարելու հարցը, բայց «ավետեց», որ մեր ՊՆ-ում ԱՄՆ-ն կունենա իր մարդը։ «Ես կասեի, որ Միացյալ Նահանգները եւ Հայաստանը շատ ակտիվ ու բովանդակալից քննարկումներ են ունենում անվտանգության եւ պաշտպանության մասին։ Դա նույնպես շարունակական թեմա է, եւ կարծում եմ, որ վերջին մեկ տարում այս թեմայով զգալի ընդլայնում ենք ունեցել: Ընդամենը մի քանի օրինակ. անցյալ տարի մենք մեր առաջին համատեղ զորավարժությունն անցկացրինք 2008 թվականից ի վեր: Կարծում եմ՝ դա շատ կարեւոր ազդանշան է, որ Միացյալ Նահանգները եւ Հայաստանը կարող են աշխատել իրար հետ պաշտպանական ոլորտում, նաեւ հավելյալ ուղիներ ենք փնտրում, որ կարողանանք շարունակել այդ աշխատանքը: Մենք նաեւ ունենալու ենք խորհրդական, ով կարող է գալ եւ նստել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ օգնելու կարողությունների զարգացմանը, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել իր մասնակցությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են խաղաղապահությունը եւ այլ խաղաղ նախաձեռնություններ: Մենք ուզում ենք օգտակար լինել եւ կաշխատենք ե՛ւ ներքին բարեփոխումների ուղղությամբ, թե ինչպես Հայաստանի պաշտպանության նախարարությունը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին, ե՛ւ ապա նաեւ, թե ինչպես ավելին անել խաղաղապահ ոլորտում»,- ասաց դեսպանը:

Լրագրողն ավելի հստակեցրեց հարցը՝ Հայաստանին զենք ու ռազմամթերք մատակարարելու շուրջ։ Դեսպանը պատասխանեց, որ կտան զրահապատ շտապօգնության մեքենաներ. «Իրականում, մենք շարունակական քննարկում ունենք, թե ինչ կարող է Հայաստանին անհրաժեշտ լինել ռազմական ոլորտում։ Արդեն պայմանավորվել ենք մի քանի բանի շուրջ։ Այդ պայմանավորվածություններից մի բան կարող եմ առանձնացնել՝ Հայաստանը խնդրել էր շտապօգնության զրահապատ մեքենաներ, որոնցով նրանք կարող են մտնել հակամարտության տարածք, եւ այդ մեքենաներով տեղափոխվող մարդիկ պաշտպանված կլինեն: Մենք արդեն պայմանավորվել ենք, որ առաջ ենք գնալու այս հարցում, եւ այժմ աշխատում ենք դրա իրագործման եղանակների վրա, որպեսզի կարողանանք տրամադրել այդ օգնությունը: Եվ, ինչպես նշեցի, ամենատարբեր թեմաներ ենք քննարկում, փորձում ենք տեսնել, թե որտեղ կարող ենք օգտակար լինել Հայաստանին՝ նրա պաշտպանության առումով»:

Այս պատասխանն արդեն տեսանելի է դարձնում, թե ինչպիսի անվտանգություն է ապահովելու ԱՄՆ-ն Հայաստանի համար: Հայաստանը գտնվում է պատերազմից հինգ պակաս ռեժիմի մեջ, թշնամի Ադրբեջանն ամեն օր զինվում է ամենավերջին ռազմական տեխնիկայով, Հայաստանի սահմաններին հարձակողական զորավարժություններ են անում: Իսկ ԱՄՆ-ն մեզ ոչ թե կզինի հարձակվողական կամ գոնե պաշտպանական զենքերով՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպելու համար, այլ ընդամենը կտա լավ շտապօգնության մեքենաներ, որ այդ ագրեսիայի ժամանակ վիրավորված հայերն ապահով տեղափոխվեն հիվանդանոց եւ ճանապարհին չմահանան: 

Այս դեպքում առավել եւս անհասկանալի է, թե ինչի դիմաց պետք է ԱՄՆ-ն իր աչքն ու ականջն ունենա մեր պաշտպանական գերատեսչությունում, ի՞նչ է անելու այդ մարդն այնտեղ՝ բացի ռուսական ռազմաբազայի եւ ռազմատեխնիկական գաղտնիքները լրտեսելուց եւ Պապիկյան Սուրենին կասկածելի խորհուրդներ տալուց…

ՀԳ․ Փաստորեն ստացվում է, որ Եվրոպան Հայաստանին կզինի ոչ մահաբեր զինատեսակներով, որոնք ունակ են, հավանաբար, միայն հանրահավաքներ ցրել: Հա, Փաշինյանենց մի քիչ էլ փող կտա՝ ձեռի ծախսի համար, որ սրտանց կպնեն Ռուսաստանի վրա ցեխ շպրտելու եւ տարածաշրջանից հանելու գործին: ԱՄՆ-ն կտա լավ շտապօգնության մեքենաներ եւ խորհուրդ: Իսկ այս ամենի դիմաց մենք պարտավոր ենք խզել հարաբերությունները ՌԴ-ի հետ, Հայաստանը դնել տնտեսական փակուղու մեջ եւ կտոր-կտոր հանձնել Ադրբեջանին։