«Գորշ գայլերը» Շուշիի դպրոցի հարցով հանդիպել են Ալիևի հետ

«Գորշ գայլերը» Շուշիի դպրոցի հարցով հանդիպել են Ալիևի հետ

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Թուրքիայի Հանրապետությունում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) (թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ռազմականացված խմբավորման քաղաքական թևը) պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում են եղել MHP փոխնախագահ Մեվլութ Քարաքայան, «Գաղափարական ակումբներ» ("Ülkü Ocakları", «Գորշ գայլերի» պաշտոնական անվանումն է) ասոցիացիայի ղեկավար Ահմեդ Յիգիթ Յըլդըրըմը, Ըսպարտայի նախկին քաղաքապետ, ճարտարապետ Յուսիֆ Զիյա Գյունայդընը:
Հաղորդում թուրքական «Անադոլու» գործակալությունը։

«Գորշ գայլերի» ներկայացուցիչները Ադրբեջան են ժամանել Շուշի քաղաքում դպրոց կառուցելու նախապատրաստական աշխատանքների համար։ Հանդիպմանն Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել թուրքական կուսակցության ղեկավարությանը նախաձեռնության համար և ասել, որ «այդ հարցը հաշվի կառնվի օկուպացիայից ազատագրված հողերի վերակառուցման և վերականգնման շրջանակներում»:


Ավելի վաղ ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին թուրքական խորհրդարանում խոսելով դպրոցի մասին՝ նշել էր, որ այն կկառուցվի «Իդեալիստների ակումբներ» մշակութային ու կրթական հիմնադրամի (ԳԳ խմբավորման ֆինանսական աղբյուր) միջոցներով:

Լեռնային Ղարաբաղի պատերազմի օրերին «Գորշ գայլերն» ագրեսիվ հակահայ պահվածքով էին աչքի ընկել Ֆրանսիայում։ 2020 թվականի նոյեմբերի 1-ին հայտնի էր դարձել, որ խմբավորման անդամները պղծել են Հայոց ցեղասպանության հիշողության կենտրոնը և հուշահամալիրը․ նրանք դրանց վրա ներկով կատարել էին «ՌԹԷ» [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան] և «Գորշ գայլեր» գրառումները՝ փորձելով ահաբեկել տեղի հայերին: Հոկտեմբերի 30-ի գիշերը նրանք դուրս էին եկել Ֆրանսիայի փողոցներ ու սկսել կոչերով ահաբեկել հայերին՝ «Որտե՞ղ են հայերը»։ 
Այս դեպքերի առթիվ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նոյեմբերի 1-ին հայտարարել էր, որ դիմել են ֆրանսիական կառավարությանը՝ արգելելու ծայրահեղ խմբավորման գործունեությունը։ 

Նոյեմբերի 4-ին կառավարության նիստի ավարտին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը պաշտոնապես հայտարարել էր երկրի տարածքում «Գորշ գայլերի» գործունեության արգելքի որոշման մասին։ 

««Գորշ գայլեր» շարժումը լուծարվեց Նախարարների խորհրդում՝ համաձայն Հանրապետության Նախագահի հանձնարարականի: Ինչպես մանրամասն ներկայացված է իմ ներկայացրած հրամանագրում, այն խթանում է խտրականություն և ատելություն և ներգրավված է բռնի գործողությունների մեջ», - թվիթերյան իր էջում գրել էր նա։ 

Նշենք նաև, որ այդ շրջանում բավականին լարվել էին Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները, երբ Փարիզում չեչեն անչափահաս երեխան գլխատել էր մի ուսուցչի։ 

«Գորշ գայլերը» համարվում է թուրքական սփյուռքում այն ծայրահեղ միջոցը, որով թուրքական վարչակազմը փորձում է ազդեցություն գործել տվյալ երկրում։