Ինչո՞ւ է «ՄԻԲՍ»-ի պետպատվերն ավելացել, «Գրիգոր Լուսավորիչինը»՝ նվազել

Ինչո՞ւ է «ՄԻԲՍ»-ի պետպատվերն ավելացել, «Գրիգոր Լուսավորիչինը»՝ նվազել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, ինչպես տեղեկացրել էինք, այսօր ԱԺ-ում հանդիպում էր իշխանական «Իմ քայլը» խմբակցության հետ։ Հանդիպումից հետո լրագրողները նրանից առաջին հերթին հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախարարությունն այս տարի ավելացրել է պետպատվերի գումարներն իր հետ առնչվող «ՄԻԲՍ», Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» և Արա Բաբլոյանին պատկանող «Արաբկիր» բժշկական կենտրոններում։

Թորոսյանը նախ նորից շեշտեց, որ ինքը «ՄԻԲՍ»-ի հետ կապ չունի, այն իրեն չի պատկանում, ինքն ընդամենը նախկինում եղել է դրա տնօրենը, հիմա էլ իր կինն է այդ ԲԿ-ի տնօրենը։ «Նորից եմ ասում՝ ես սեփական բժշկական կենտրոն չունեմ, իմ կինն էլ չունի»,-ասաց Թորոսյանը, ապա բացատրեց, թե ինչու և ինչպես են այդպես բաշխվել պետպատվերի գումարները բժշկական կենտրոնների միջև։

Նրա խոսքով՝ ՀՀ 2019 թվականի բյուջեով եղել է մոտավորապես տասը միլիարդ դրամի աճ, հետևաբար գրեթե բոլոր բժշկական կենտրոնները ստացել են ավելի շատ գումար, քան ստացել են 2018 թվականին։

«Ընդամենը մի քանի կենտրոն Երևանում ստացել են քիչ դեռևս, որովեհտև գումարների բաշխումը կատարվել է այն սկզբունքով, թե իրենք որքան ծառայություն են մատուցել անցյալ տարի նաև վճարովի, ու «Աստղիկի», «Էրեբունիի», «Արաբկիրի» «Բժշկական համալսարանի» բոլոր գումարներն աճել են, նույնիսկ «Հանրապետական հիվանդանոցն» է աճել զարմանալիորեն։

Բոլորի մոտ եղել է բյուջեի աճ, և էդ աճերը վերանայվելու են նաև տարվա ընթացքում․ հնարավոր է՝ լինեն իջեցումներ և բարձրացումներ։ Կան ծառայություններ, որոնք ստաբիլ մնում են՝ անկախ մատուցած այլ ծառայություններից։ Դա, օրինակ, դիալեզի ծառայությունն է, ծննդօգնությունը, սրտի ծրագրերն են և այլն, որտեղ մեր գործոնն ընդանրապես չկա»,-ասաց պարոն Թորոսյանը։

Ավելացումներին զուգահեռ՝ գումարների նվազում է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, որի հետ եկած օրվանից՝ «պատերազմի» մեջ է Արսեն Թորոսյանը։ Հատո՞ւկ է այս ԲԿ-ինը իջեցվել, նախարարն ասաց․ «Հատուկ չի իջեցվել, «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ինը հատուկ բարձրացվել էր նախկինում, հիմա, քանի որ կատարողականը իջած է եղել, իրենք մի միլիարդ դրամ քիչ են ծախսել։ Համարյա մի միլիարդ դրամով իջել է նրանց գումարը»։

«Ինչ վերաբերում է «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնին, որի տնօրենն է նախարարի կինը, Արսեն Թորոսյանն ասաց. «Էդ կենտրոնի պետպատվերի չափը եղել է 25 միլիոն, դարձել է 57 միլիոն, էդ կենտրոնը 2017 թվականին ընդհանրապես պետպատվեր չի ստացել, 2018-ի մարտին է ստացել 25 միլիոն դրամ ընդամենը, ու եղել է ամենաքիչ ստացող կենտրոնը բոլոր կենտրոնների մեջ, հիմա մենք էդ ծրագրով բաշխումներ ենք արել»,-ասաց նա։

Hraparak.am-ի հարցին՝ ի վերջո «ՄԻԲՍ»-ում ի՞նչ սկզբունքով է ավելացել պետպատվերի գումարը, Թորոսյանն ասաց՝ «ՄԻԲՍ»-ը ամենաշատ ծառայություն մատուցող կենտրոնն է շուկայում, դրա համար է ավելացել։