Եթե մենք չհամարենք, որ արցախցին ես եմ ու նույնն եմ, շատ խնդիրներ կունենանք

Եթե մենք չհամարենք, որ արցախցին ես եմ ու նույնն եմ, շատ խնդիրներ կունենանք

Օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է մշակույթի մի խումբ գործիչների հետ ու քննարկել մշակույթին առնչվող մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում խոսվել է մշակութային ծրագրերի իրականացման հնարավորության մասին՝ պետության եւ մասնավորի համագործակցության ձեւաչափում, մշակույթի ոլորտում բարեգործության ընդլայնման եւ խրախուսման մասին։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ժողովրդական երգերի կատարող, երգիչ Արսեն Գրիգորյանը, ով մեզ հետ զրույցում դրական գնահատեց հանդիպումը։ «Խոսեցինք մեր ընդհանուր խնդիրների մասին, ու թե հատկապես պատերազմից հետո ինչ խնդիրներ կան։ Ես խոսել եմ ազգային մշակույթի տարածման հետ կապված, մասնավորապես՝ «Գութան» փառատոնը, որն ամեն տարի իրականացնում ենք, ինչպես այն ավելի ընդլայնել եւ ավելի հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերում։ Նաեւ խոսեցինք «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնների մասին, ազգային մշակույթի պահպանման, տարածման կարեւորության մասին, որովհետեւ ծրագիրն արդեն 6 տարի գործում է Հայաստանի 8 մարզերում, համարյա ներգրավված է 45 համայնք, երեխաներն անվճար են սովորում։ Ընդհանուր այլ քննարկումներ էլ եղան, կարծում եմ՝ սրանից հետո նորից կլինեն հրավերներ, որպեսզի շարունակենք քննարկումները եւ խնդիրների լուծման ճանապարհներն իրար հետ որոշենք, որովհետեւ խիստ կարեւոր է ազգային մշակույթի պահպանումը համատարած դարձնել մեր հասարակության մեջ, որով էլ կկարողանանք ազգային ինքնությունը պահպանել»,- նշում է Ա․ Գրիգորյանն ու նկատում, որ հանդիպման նախաձեռնողը հենց «Ծառուկյան հիմնադրամն» է եղել։

Միայն գաղափարնե՞րն են կարեւորվել «Ծառուկյան հիմնադրամի» կողմից, թե՞ եղել են նաեւ որոշակի ֆինանսական աջակցության խոստումներ։ «Չեմ կարծում, որ հենց առաջին հանդիպման ժամանակ միանգամից ֆինանսական հարցերի մասին պետք է խոսեր, միայն քննարկել ենք ընդհանուր հարցեր, եւ, ինչպես նշեցի, կարծում եմ՝ դեռ էլի կլինեն հանդիպումներ։ Ամեն դեպքում, պարոն Ծառուկյանը հայտնեց, որ ինքը պատրաստ է աջակցել յուրաքանչյուր մշակութային ծրագրի, որը կծառայի մեր ազգային մշակույթի պահպանմանը, մեր ժողովրդին ու պետությանը։ Պետք է նշեմ, որ հենց պարոն Ծառուկյանի աջակցությամբ ենք «Գութան» փառատոնը 2016-ին եւ 2017-ին իրականացրել Արցախում»։

Արցախի լիակատար հայաթափումից հետո՝ լինի դա պետական, մասնավոր, թե հավաքական մակարդակում՝ ինչպե՞ս է հնարավոր դուրս գալ այս իրավիճակից եւ հաղթահարել համազգային այս աղետը։ «Չեմ կարծում, որ պետք է տարանջատենք՝ պետական-մասնավոր, ամեն ինչի հիմքում սերն է մեր ժողովրդի նկատմամբ։ Հաճախ ես տարբեր առիթներով նշում եմ՝ եթե մենք չհամարենք, որ արցախցին ես եմ ու նույնն եմ, մենք շատ-շատ խնդիրներ կունենանք։ Մենք անընդհատ խոսում ենք միասնության մասին, որը երբեմն մնում է խոսքի մակարդակի վրա, եթե քո վերաբերմունքն արցախցու նկատմամբ չլինի ինչպես քո հարազատի, եղբոր կամ ծնողի նկատմամբ է, հավատացեք, որ ոչ մի բան չի լուծվելու։ Ես իմ վերաբերմունքով այդպես եմ իմ բոլոր հայրենակիցների նկատմամբ, որոնց հետ շփվում եմ բռնի տեղահանման այս աղետալի երեւույթից հետո եւ փորձում եմ ամեն ինչ անել, որ իրենց հոգսերը թեթեւանան։ Մեր ամեն ինչը հիմնականում հոգեբանական, հոգեւոր եւ բարոյական հողի վրա է, որից հետո գալիս հասնում է իրավական ու դեպի մյուս դաշտերը։ Եթե մենք ուզենանք, կարող ենք տեր կանգնել, եթե չուզենանք, չենք կարող տեր կանգնել, սա լինի պետական, անհատի, թե հավաքական իմաստով։ Բայց այդ ամենի հիմքում միշտ դնել այն գաղափարը, որ սա ժամանակավոր է, եւ մեր հայրենակիցները պետք է վերադառնան իրենց տները, քաղաքներն ու գյուղերը։ Այսինքն՝ մեր քաղաքականության մեջ մի քիչ ավելի շատ դնենք հայրենիք սիրելու գաղափարը։ Օրինակ, ես շատ եմ ուզում, որ Արցախի պետական ազգագրական՝ «Մենք ենք մեր սարերը» խումբն իր գործունեությունն այստեղ ծավալի։ Այդ նպատակով ես խոսում եմ տարբեր մարդկանց հետ ու փորձում եմ նեցուկ լինել խմբին, որպեսզի չկազմաքանդվի եւ հետագայում նորից իր գործունեությունը շարունակի Արցախի մեր գյուղերում ու քաղաքներում»։