Հ1-ի տնօրենի մրցույթը կրկին հետաձգվել է

Հ1-ի տնօրենի մրցույթը կրկին հետաձգվել է

2021թ․ հեռուստաալիքների սլոթներին մասնակցելու համար անհրաժեշտ հեղինակազորման գործընթացը շարունակվում է։ Հիշեցնենք, որ այս տերմինն են կիրառում TV-ների կապուղիների մրցույթների կապակցությամբ, որն արդեն սկսվել է եւ ավարտվելու է 2021-ի հունվարին։ Այս պահի դրությամբ հեղինակազորում է ստացել 37 իրավաբանական կամ ֆիզիկական անձ։ Ամենավերջին՝ նոյեմբերի 2-ի դրությամբ հեղինակազորված ընկերություններն են՝ «Արանեա» եւ «Արփի մեդիա» ՍՊԸ-ները։ Այս պահին հեռուստաընկերությունների լիցենզավորմանն ու 2021-ին թվային սլոթների համար մրցույթին նախորդող, այսպես կոչված՝ նախամրցույթին մասնակցած հեռուստաընկերությունների թիվը 37-ն է։

Դրանց թվում ավելացել են Արման Բաբաջանյանին պատկանող «Սկիզբ մեդիա»-ն ու «Ֆակտորը», որոնց պատասխանատուները նախկինում մեր հարցմանն ի պատասխան նշել էին, որ դեռ մրցույթին մասնակցելու որոշում չունեն։ Նշված երկու հեռուստաընկերությունների հեղինակազորումը հաստատվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի՝ նոյեմբերի 2-ին գումարված նիստում։ Նիստում հաստատվել են Հանրային հեռարձակողի կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու կարգը եւ ձեւը։ Մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի ընտրության ընթացակարգը. խորհրդի նախագահն ընտրվոմ է 4 տարի ժամկետով, իսկ խորհրդի անդամը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել խորհրդի նախագահ:

Հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի նախագահ Արա Շիրինյանն էլ որոշում է ընդունել մրցույթի կասեցման մասին։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ Ստեփան Զաքարյանը հայտնեց․ «Ես արձակուրդում եմ եղել, չեմ մասնակցել, բայց խորհուրդը որոշել է էս պատերազմական իրավիճակի հետ կապված՝ հետաձգել տնօրենի ընտրությունը»։