Պատասխանատվությունից թռնել՝ «ոչ է օրեն դյուցազանց»

Պատասխանատվությունից թռնել՝ «ոչ է օրեն դյուցազանց»

Քանի որ Հանրային հեռուստատեսությունն սկսել է իր հյուրերին «դժվար» հարցեր տալ, իսկ լուրջ դեմքերով հյուրերն էլ սկսել են լղոզել իրականությունը, չէր խանգարի մի քանի խոսք ասել ի պաշտպանություն ճշմարտության, որն այսօր հիվանդ է ու ներկայացվում է ծուռ հայելիների մեջ: Պետք է վերջ տալ Հանրային հեռուստատեսության այս թատրոնին, որն այլ նպատակ, քան ՀՀ իշխանություններին ջրից չոր դուրս բերելն է, չունի: Պատերազմներից հետո բոլորը, այդ թվում եւ իշխանությունները, պետք է կրեն իրենց բաժին պատասխանատվությունը: Սա աքսիոմ է՝ ոչ ոք չի պլստալու, ոչինչ չի պլստալու: Եվ ուրեմն՝ Հանրային հեռուստատեսության աշխատակիցներ եւ հյուրեր, աշխատեք հարկատուների հաշվին չանել բաներ, որոնց տակից դուրս գալ չեք կարողանալու:

Այսպիսի հարց հնչեց Հանրայինի եթերից. «Հնարավո՞ր էր արդյոք խուսափել այս պատերազմից»: Պատահական հարց չէր սա, եւ, առհասարակ, Հանրայինը երբեք պատահական հարց չի տալիս, որովհետեւ բոլոր ժամանակներում Հանրայինը մեկ նպատակ է հետապնդում՝ հանրությանը համոզել, որ տվյալ պահին նա ունի ամենալավ իշխանությունն ու կառավարությունն ամբողջ աշխարհում: Ու, քանի որ Հանրայինում պատահական հարցեր չեն հնչում, ենթադրում եմ, որ այդ հարցը չի դադարելու հնչել, քանի դեռ չի բյուրեղացել իշխանահաճո պատասխանը՝ մենք ամեն ինչ արել ենք արցախյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, բայց Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմ սանձազերծեցին: Արդյոք մեզ՝ հարկատուներիս, հայ հանրությանը, բավարարո՞ւմ է այս պատասխանը, որի հետ ստիպում են համակերպվել: Ըստ իս՝ ոչ: Մենք էլ մեր չափով ենք մեղավոր պատերազմ ստանալու հարցում: Եթե չընդունենք սա եւ սկսենք աջուձախ արդարանալ, ապա երբեք չենք կարողանա գնահատել այս պատերազմն ու դասեր քաղել հետագայի համար:

Եվ ուրեմն՝ կարելի՞ էր խուսափել այս պատերազմից: Այո, կարելի էր: «Խուսափել» բառն այս դեպքում բավականին բազմանշանակ է: Կարո՞ղ էինք, օրինակ, մեկ ամսով, 20 օրով հետաձգել պատերազմը: Դա կնշանակեր՝ մեկ ամիս կամ 20 օր խուսափել պատերազմից, պատրաստվել, ուժերը վերադասավորել, ավելի լավ քողարկել ռազմական օբյեկտները, զորքը նախապես հանել զորանոցներից եւ այլն: Ես ռազմագետ չեմ եւ Հայոց բանակում էլ ծառայել եմ 1992-1995 թվականներին, երբ այն նոր-նոր էր կազմավորվում եւ կռվել էր սովորում Դաշնակցության ջոկատներից ու կամավորական գնդերից: Եվ, ահա, 30 տարի անց ես տեսնում եմ, որ ունենք բոլորովին այլ բանակ, կանոնավոր զորամիավորումներ եւ այդ զորամիավորումների կազմում ընդգրկված ոչ պակաս կանոնավոր կամավորական ուժեր: Ես տեսնում եմ բոլորովին այլ զենք, որին հայ զինվորը տիրապետում է այնպես, ինչպես վարժ խոհարարը՝ իր պիտույքներին: Բայց, ավաղ, երկրի քաղաքական ղեկավարությունը չունեցավ այն խելահասությունը, որ ժամանակին կանխատեսեր հնարավոր ընթացքներն ու մոբիլիզացներ ուժերը պաշտպանության վրա: ՀՀ իշխանությունները, շատ արագ հարմարվելով թռի-վռի կյանքին, մեզ շարունակ կեղծ թիրախներ էին հրամցնում եւ ջանք ու եռանդ չէին խնայում հակառակորդից մարդկային կերպար ստեղծելու համար: Փաստորեն՝ պատերազմ չէին սպասում: Իսկ մենք այսօր քաղում ենք թշնամու «անսպասելի» հարձակման դառը պտուղները՝ հազարավոր զոհեր, զինտեխնիկայի կորուստ, ավերածություններ, տեղահանություն…

Թե բա մենք էն իշխանությունն ենք, որ 0 կետից ենք սկսում, իսկ Արցախն էլ Հայաստան է եւ վերջ: Եվ սա այն դեպքում, երբ արդեն հասցրել ես միակ ռազմավարական դաշնակցիդ զարմացնել իր հանդեպ քո անհավասարակշիռ եւ ոչ ադեկվատ պահվածքով: Ի՞նչ էր նշանակում «Ռուսաստանը պետք է ադապտացվի հայաստանյան նոր իրողություններին» արտահայտությունը: Մենք՝ հայերս, այդպես էլ չիմացանք, բայց, ահա, Կրեմլում սկսեցին զգուշանալ դրանից: Արդյոք, մեզ պե՞տք էր դա: Իսկ ո՞րն էր Պուտինի ստեղծած ՀԱՊԿ-ի վրա «հարձակման» իմաստը, մի կառույցի, որի հովանու ներքո Հայաստանը խուսափել է Թուրքիայի կողմից խժռվելուց եւ կարողացել է ոտքի կանգնել տնտեսապես: Այսքանը քիչ էր, մեկ էլ Կրեմլում իմանում են, որ նոր Հայաստանը Ադրբեջանի հետ վերելակային առեւտուր է սկսել ազատագրված տարածքների շուրջ… Ի՞նչ իմանար նոր Հայաստանը, որ մատը մտցրել է բզեզի բույնը եւ վերջնականապես հունից հանել իր ռազմավարական դաշնակցին:

Ջուրն էր լցվում Արցախի Հանրապետության ստատուս-քվոյի համար մղված տասնամյակների բանակցային-դիվանագիտական աշխատանքը: Հայաստանը, հասկանում ես, սկսում էր 0 կետից՝ չհասկանալով, սակայն, որ այդ կետում ինքն արդեն եղել է հեռավոր1988-ին: Այո, 30 տարի շարունակ Արցախն իր ազատագրված տարածքներով ապրել է պատերազմի մեջ, բայց միեւնույն ժամանակ գտնվել բանակցային պատշաճ հարթակի հովանու տակ՝ չենթարկվելով զանգվածային զինված ներխուժումների: Դա, ըստ երեւույթին, չէր բավարարում ՀՀ իշխանություններին, եւ նրանք որոշեցին «խառնշտել» մի հակամարտություն, որ վաղուց էր դուրս եկել ակտիվ փուլից եւ սկսել էր վերածվել հանգած հրաբխի: Ի՞նչը դրդեց Մինսկի խմբի համանախագահներին՝ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարներին շտապ կարգով հրավիրել «առարկայական» բանակցությունների… Թույլ տվեք այս հարցին չպատասխանել, որովհետեւ դա կարող է թանկ նստել ինձ վրա, իսկ ես չեմ պատրաստվում մեծ ծախսեր անել՝ Փաշինյանից եւ Օսիպյանից փողերս չստացած (հիշում եք, չէ՞, այդ փողերի պատմությունը):

Եվ դարձյալ գանք մեզ հետաքրքրող հարցին՝ կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից: Մեր պատասխանն է՝ այո: Բայց կան նաեւ այլ տեսակետներ, որոնք բխում են այն մտայնությունից, որ սա զուտ արցախյան ապահովության գոտու համար մղվող պատերազմ չէ, իսկ Արցախի հարցն էլ ընդամենը պատրվակ էր Հարավային Կովկասում առկա գլոբալ խնդիրները լուծելու համար: Ի մասնավորի պնդում են, որ սա հյուսիս-հարավ (Ռուսաստան-Իրան-Սիրիա-Միջերկրական ծով) եւ արեւելք-արեւմուտք (Ադրբեջան-Թուրքիա-Արեւմուտք) առանցքների վրա կանգնած պետությունների բախում է, որն անխուսափելիորեն տեղի էր ունենալու:

Ընդունենք, որ այդպես է, ընդունենք նաեւ այն պնդումը, որ սա վերջին հաշվով պատերազմ է Ադրբեջանի համար՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, բայց ինչ էլ լինի, մենք իրավունք չունեինք մեր զգոնությունը կորցնել այն աստիճանի, որ այսօր չիմանայինք, թե էլի ում նամակ գրենք, որ գան մեր «հետույքը» փրկելու: Ինչ մեկնաբանություն էլ տրվի այս պատերազմին, միեւնույն է, այն մեզ համար մնալու է որպես հայրենական, որովհետեւ այն սպառնում է մեզ թե՛ հայրենական տարածքների կորստով, թե՛ բնաջնջմամբ եւ թե՛ տեղահանմամբ: Եվ մեր կառավարությունն այս իրավիճակում ոչ թե պետք է արդարացումներ փնտրի, մեղավորներ նշանակի, հալածանքներ ու հետապնդումներ սկսի, այլ ստանձնի ողջ պատասխանատվությունը, որպես եւ օրեն է բոլոր կառավարությունների: