ԿԳՄՍՆ-ն թամադաների հանդեպ հատուկ սեր ունի

ԿԳՄՍՆ-ն թամադաների հանդեպ հատուկ սեր ունի

Տարեվերջին «Գոյ» թատրոնը նոր փաստի առաջ կանգնեց. ԿԳՄՍՆ հրամանով թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանն ազատվեց աշխատանքից, եւ  նախարարությունը նոր տնօրեն նշանակեց Կարեն Սիմոնյանին՝ հանդիսավար, թամադա, ով նաեւ սերիալներում ու սկեթչներում է նկարահանվում։ Չնայած այն բանին, որ թատրոնի ողջ կոլեկտիվը գնաց նախարարություն եւ հանդիպեց ԿԳՄՍՆ փոխնախարարի հետ, բայց իրավիճակի մեջ բեկում չկարողացավ մտցնել, մեկ օր հետո ԿԳՄՍ փոխնախարար Դ. Դանիելյանը նորանշանակ տնօրենի ԺՊ-ին ներկայացրել է կոլեկտիվին։

«Մենք մի անգամ ենք հանդիպել, ու վերջ, այլեւս չենք հանդիպել,-ասում է թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանն ու նկատում,- նրա խոսքից հասկացանք, որ մենք իբր համաձայն ենք, որ միանանք Սունդուկյան թատրոնին, իրեն էլ առաջարկել են, որ գա լինի մեզ ղեկավար, ու ինքն էլ համաձայնել է։ Բայց մենք իրեն բացատրեցինք, որ այդպես չէ, իսկ մնացածը թողել ենք իր հայեցողությանը, թե ինչպես կդատի այդ ամեն ինչը, կուզի՞ մնալ այդ ամեն ինչի տակ՝ ստորագրի, եւ մենք դուրս գանք աշխատանքից, թե՞ կհրաժարվի այդ խաղին մասնակցելուց»։

Տնօրենի նոր ԺՊ-ն չի ներկայանում աշխատանքի, այս մասով թատերախումբն առանձնապես հարցեր էլ չունի․ «Ի՞նչ պիտի անի ինքը, իրեն նշանակել են, որ ընդամենը ստորագրի միացման պայմանագիրը, ամեն դեպքում ինքը թատրոն չի գալիս եւ թատրոնում որեւէ աշխատանքներ չի անում։ Սա է իրավիճակը, սպասում ենք զարգացումներին, մենք հիմա սպասում ենք, որ գործը գնա վարչական դատարան, ու ամեն ինչ նորից կասեցվի օրենքի ուժով»։     
Ինչ վերաբերում է արդեն նախկին տնօրենին, ապա Ս․ Արզումանյանը նկատում է․ «Այդ հրամանում, որպես հիմք, ներկայացվում է այն հանգամանքը, որ տնօրենը հրաժարվել է հետին թվով ստորագրել թատրոնի միավորման, այսինքն` լուծարման պայմանագիրը, այսինքն՝ հրաժարվել է կատարել վերադասի հրահանգը, այդ հիմքով էլ ազատվել է աշխատանքից: Տնօրենը, բնականաբար, չէր կարող կատարել այդ հրամանը, որովհետեւ այդտեղ կար ապօրինություն, ու ստացվում է` ապօրինություն չկատարելու համար տնօրենին հեռացրել են աշխատանքից, ընդ որում` առանց նախազգուշացման, ինչպես Աշխատանքային օրենսգիրքն է նախատեսում»: