ԱԽ քարտուղարի հետ պայմանավորվել են աշխատակարգային հարցերի շուրջ

ԱԽ քարտուղարի հետ պայմանավորվել են աշխատակարգային հարցերի շուրջ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում երեկ ընդունել է Ազգային ժողովի չորս խմբակցությունների ղեկավարներին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին եւ նույն խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացը եւ փաստաթղթի նախնական կառուցվածքը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարեւորել է ԱԺ խմբակցությունների մասնակցությունն ԱԱՌ-ի մշակման գործընթացին: Կողմերը համատեղ քննարկել են ԱԱՌ մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու հետագա գործողությունները: 

Մենք ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ առաջարկներ է արել «Լուսավորը», մասնավորապես՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան եւ այլ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների համատեքստում։ Էդմոն Մարուքյանն ասաց, որ բովանդակային որեւէ քննարկման չեն հասել, ընդամենը եղել է պայմանավորվածություն՝ Ազգային անվտանգության նոր ռազմավարության շրջանակներում խորհրդարանական խմբակցությունների հետ աշխատելու ձեւաչափերի ու աշխատակարգերի մասին։ «Ընդամենը աշխատանքային խմբերում Անվտանգության խորհրդի հետ աշխատանքները շարունակելու վերաբերյալ»,- ասաց Մարուքյանը։
ԼՀԿ խմբակցության ղեկավարը խուսափեց պատասխանել, թե անվտանգության հետ կապված ինչ խնդիրների վրա է կենտրոնանում խորհրդարանի երրորդ քաղաքական ուժը։ «Աշխատանքային ֆորմատով կաշխատենք, բայց դա, որքանով ես եմ հասկանում, գաղտնի է լինելու․․․ ամեն դեպքում, օրը կգա, բարին էլ հետը»։

Հետաքրքրվեցինք՝ ԼՀԿ-ում կարծում են, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը հիմնական շեշտը դրել է Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-ԵԱՏՄ երկկողմ հարաբերությունների՞ վրա՝ աչքաթող անելով ամերիկյան, եվրոպական, չինական ուղղությունները։ Էդմոն Մարուքյանն այդ կարծիքին չէ․ «Չէ, նման բան չկա, կառավարության ծրագրում, ինչպեսեւ նախկինում, եղել են այլ երկրների հետ համագործակցության շեշտադրումներ, հիմա էլ, կարծում եմ, ավելի մանրամասն կլինի»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգն ընդունվել է հեռավոր 2007 թվականին եւ այդ ժամանակից ի վեր չի թարմացվել, այն դեպքում, որ վերջին 18 տարիներին աշխարհում եւ տարածաշրջանում բազում իրադարձություններ են տեղի ունեցել՝ զանազան «արաբական գարուններից» մինչեւ պատերազմ Սիրիայում, ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կտրուկ վատթարացում, ապրիլյան պատերազմ։

ՀԳ․ Երեկ «Լուսավոր Հայաստանը» մի ուշագրավ հայտարարություն տարածեց՝ ավետելով, որ պատրաստվում է կողմ քվեարկել Հրայր Թովմասյանի հրաժարականի վերաբերյալ «Իմ քայլի» նախագծին։ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջում կարդացինք․ «Սիրելի՛ քաղաքացիներ, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր գումարած նիստում որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին»: Դե ինչ, ընդդիմության դաշտն ավելի ու ավելի է հստակվում։