Սահակաշվիլի դառնալուց հինգ պակաս
Այսօր Փաշինյանի գիտելիքահեն անցյալին անդրադառնալու հատուկ պատճառ չիք, մանավանդ որ նա հիմա այցի մեջ է՝ շատ կարեւոր այցի: Բայցեւ չեմ կարող ցավակցություններս չհայտնել աշխարհի թիվ 1 գերտերության թարգմանիչներին, որոնք այս օրերին Փաշինյանի խոսքն են հասցնում հարյուր միլիոնավոր ամերիկացիների: Ես չեմ կարողանում պատկերացնել, թե նրանք ինչպես են անգլերենի վերածում Փաշինյանի «ստեղ», «ընդեղ» «հմի», «սենց», «տենց», «նենց», «բա էնա որ» եւ բազմաթիվ այլ բառեր ու բառակապակցություններ: Փաշինյանը գուցե արտակարգ անգլերեն գիտի, բան չունեմ ասելու, բայց դրանից թարգմանիչների վիճակը մեծ հաշվով չի թեթեւանում:
Հիմա անցնենք Լոսում Փաշինյանի տված ասուլիսի ամենակարեւոր պահին՝ «աղմկահարույց» հրաժարական տված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ուսադիրներին: Ավելորդ է, կարծում եմ, ասելը, որ Փաշինյանը պարզապես փախավ իր գեներալների հրաժարականի մասին հարցից եւ, պեչենու բաղերն ընկած, փորձում էր մեկնաբանել մի բան, որ անմեկնաբանելի եւ անհասկանալի է ԱՄՆ քաղաքացիների՝ ընդհուպ աֆրոամերիկացիների համար: Պետք է ասեմ, որ արդյունքն ուղղակի գերազանցեց մեր սպասելիքները՝ Փաշինյանն ըստ էության խոստովանեց, որ, այո, Վանեցյանն ինքն է հրաժարական տվել, եւ ոչ թե նրան «պատիվ են արել», ինչպես Արարատ Միրզոյանն էր ասում Գյումրիում: Փաշինյանի մեկնաբանությունից հետո ես պատրաստ եմ ստորագրել Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարության ամեն բառի տակ, պատրաստ եմ ստորագրելու նաեւ Վալերի Օսիպյանի հրաժարականի դիմումի տակ, եթե երբեւէ հրապարակվի նրա դիմումը: «Արագի մեջ» նրան վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելը հուշում է, որ Օսիպյանն էլ առանձնապես հիացած չէր իր վարչապետով, եւ այդկերպ վարչակազմը փորձել է միայն կանխել Օսիպյանի դիմումի հրապարակումը:
Եթե սխալվում եմ, Օսիպյանին հարցրեք՝ արդյոք, նա գնո՞ւմ է աշխատանքի, թե՞, ինչպես ընդունված է մեր օրերում, միայն աշխատավարձ է ստանում: Փաշինյանին, անշուշտ, դուր չի եկել իր հրաժարականի հիմքերի մասին Վանեցյանի հայտարարությունը, որը թավշյա հեղափոխության բոլոր կանոններով «դուզ-դուզ» հրապարակվել էր ԱԱԾ պաշտոնական կայքում: Իսկ ի՞նչ էր արել Փաշինյանը դրանից հետո: Փաշինյանը, ինչպես կանեին կոմունիստ ղեկավարները, հրամայել էր ԱԱԾ պաշտոնական կայքից հեռացնել հայտարարությունը: Այսքանից հետո էլ պարծենալ Լոս Անջելեսում եւ ասել՝ լավ ենք արել, բա ի՞նչ պետք է անեինք, մեղմ ասած՝ երկրի ղեկավարի ադեկվատ պահվածք չէ, եթե չասենք՝ այդ «աքլորացումը» անուղղակի հաստատումն էր այն բանի, որ Վանեցյանը հենց այնպես, հավեսի համար չէր նման հայտարարություն արել: Ի՜նչ սպայի պատիվ, ի՜նչ բան, Վանեցյանն իր ուսադիրները նետեց աղբամանի մեջ՝ մեխեց Փաշինյանը՝ չփորձելով որեւէ բացատրություն տալ Վանեցյանի հայտարարության տեքստում առկա մտահոգությունների կապակցությամբ:
Մենք այնպիսի տպավորություն ունենք, որ Փաշինյանը չի ուզում ըմբռնել խնդրո առարկա հրաժարականների նրբությունները: Բանն այն է, որ դրանք քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հրաժարականներ չեն, եւ ոչ էլ այնպիսի մի իրավիճակ է Հայաստանում, որ դնես ու փողոցում, ծնկիդ վրա ստորագրես դրանք: Տեղի ունեցածն իսկապես խայտառակություն է, եթե հաշվի առնենք, որ հրաժարական են տալիս իշխանության թիմի կարկառուն ներկայացուցիչները՝ մարդիկ, որոնք ապահովել են այդ նույն իշխանության, այսպես ասենք, կայացման գործընթացը:
Մյուս կողմից էլ՝ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունն այն կառույցները չեն, որ ասես, թե այնտեղ բոլորը Փաշինյանի պես են մտածում: Վստահաբար, կան նաեւ Վանեցյանի եւ Օսիպյանի նման մտածող մարդիկ, որոնք, եթե ոչ նրանց չափ, ապա որոշակի ծավալի ինֆորմացիայի են տիրապետում եւ նույնպես անհանգստացած են մեր երկրի ապագայով: Հետեւաբար՝ այս հրաժարականներն ու դրանց շուրջ բարձրացած աղմուկը, ուզես թե չուզես, անդրադառնալու են մեր անվտանգությունն ապահովող այդ կառույցների, ինչպես նաեւ այդ կառույցներին վստահող ժողովրդի հոգեբանության վրա: Իմ նախորդ հոդվածում ասել էի՝ Վանեցյանը մի անգամ էլ է «բամփելու»: Դա Փաշինյանի՝ ԱՄՆ մեկնելուց առաջ էր: Բայց այսօր, երբ Վանեցյանը երկրորդ եւ ավելի խիստ հայտարարությունն է արել, ես դա ոչ թե իմ կանխատեսման իրականացում եմ համարում, այլ Փաշինյանի լրջագույն քաղաքական տապալումը, որ տեղի ունեցավ բացառապես այս իշխանության հավկուրության պատճառով:
Վանեցյանի երկրորդ հայտարարության հետեւանքով առաջացած իրավիճակը փոքր-ինչ լիցքաթափելու նպատակով՝ ստորեւ համառոտ անդրադառնանք լոսանջելեսյան մամուլի ասուլիսում Փաշինյանի թույլ տված երկու այլ «կիքսի»՝ մեկը զինվորական ծառայությունից տարկետման, մյուսը՝ հակակոռուպցիոն պայքարի թեմայով: Սրանք այն հարցերն էին, որոնց մասին Փաշինյանն արդեն տարիուկես է՝ խոսում է Հայաստանում: Դա էր, թերեւս, պատճառը, որ ինձ թվաց՝ Վլադիմիր Կարապետյանն է հոգ տարել, որ այդ հարցերն անպայման հնչեն ԱՄՆ-ում: Ցավոք, Փաշինյանն իր պատասխաններով ոչ թե հաստատեց, որ տիրապետում է իրավիճակին, այլ հակառակը՝ կրկնեց արդեն անգիր արած թեզերը թե՛ Հայոց բանակում որդի ունենալու եւ թե՛ կոռումպացյալների «մինչեւ վերջին կոպեկը» վերադարձնելու մասին: Ես կսկսեմ վերջին պոստուլատից (կանխադրույթից), որով Փաշինյանը փորձեց հավատացնել է, թե կոռուպցիան Հայաստան է մտել 1998 թվականին: Իր խոսքով՝ հենց այդ թվականով է անցնում ջրբաժանը, իսկ դրանից առաջ բոլորը սրբեր են եղել: Արժե՞ Փաշինյանի ձեռամբ սրբադասվածների անունները շարել այստեղ, թե՞, այնուամենայնիվ, խնայենք այն մարդկանց, որոնք հալած յուղի տեղ ընդունեցին Փաշինյանի հավաստիացումներն առ այն, որ հետխորհրդային երկրի ողջ ունեցվածքը 1991-1998 թվականներին գոլորշիացել է բացառապես բնական ճանապարհով:
Փաշինյանին մինչ օրս էլ թվում է, որ Աշոտ Փաշինյանի՝ բանակում ծառայելը շատ մեծ պատիվ է Հայոց բանակի համար: Աշոտը չլիներ, Հայոց բանակն ի՞նչ էր անելու՝ մոտավորապես այս համատեքստում է Փաշինյանի մյուս պոստուլատը, որով նա փորձում է աշխարհին համոզել, որ եթե վարչապետի որդին է ծառայում բանակում, ապա Հայաստանն այլեւս օրենքի երկիր է: Կարելի է մտածել, օրինակ, որ Անգլիան օրենքի երկիր է դարձել այն բանից հետո միայն, երբ այդ երկրի թագաժառանգը ծառայության անցավ զինված ուժերում: Ինչքա՞ն կարելի է Փաշինյանին ասել, որ Հայոց բանակը միայն իր որդուց չի բաղկացած, որ հազարավոր ընտանիքներ ամեն տարի զինվոր են տալիս այդ բանակին, որոնք ծառայում են Աշոտի կողքին, եթե, իհարկե, այդ պահին Աշոտը զորամասում է եւ ոչ թե հարակից տարածքներում կամ Երեւանում: Բայց սա չէ դեռ գլխավորը:
Վարչապետը, խոսելով տարկետման իրավունքի խախտումների եւ այդկերպ լավ բալիկներին բանակից ազատելու մասին, «մոռացավ» հիշել, որ իր թիմն 90 տոկոսով բանակից թռածներով է համալրված, ինչը ոչ միայն հանրային խնդիր է, ոչ միայն մեր անվտանգության հետ կապված սպառնալիք, այլեւ խայտառակություն հենց հակակոռուպցիոն պայքարի տեսանկյունից: Արդյոք կոռուպցիա չկա՞ մեր արդարադատության համակարգում, որի ղեկը վստահել են բժշկի թղթով բանակից ազատված մեկին, որ տարրական պատկերացում անգամ չունի Հայոց բանակի, Արցախյան հերոսամարտի, մեր վերջին բոլոր հաղթանակներում ներդրում ունեցած մարդկանց անօրինակ սխրանքների մասին:
ՀԳ. Կուզենայի խորհրդի տեսքով մի կանխատեսում էլ անել․ պարոն Փաշինյան, ընդհատեք Ձեր՝ արդեն իսկ չկայացած (Տեր-Պետրոսյանի ասած՝ մունդռված) այցը եւ շտապ վերադարձեք Հայաստան: Այդպես կվարվեր Սահակաշվիլու ճակատագրին արժանանալ չցանկացող ամեն մի հայ:
Կարծիքներ