Մարգարիտա Գրիգորյանը Նիկոլի առաջ ստերի տոպրակ էր բացել

Մարգարիտա Գրիգորյանը Նիկոլի առաջ ստերի տոպրակ էր բացել

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն օրերս Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերություն այցի ժամանակ մի տոպրակ սուտ դրեց վարչապետի առաջ։ Վարչապետն էլ՝ որպես Հ1-ի խոհանոցից հեռու հեռուստադիտող, չէր բռնում այդ ստերը։ Նրան, թերեւս, միայն ԳՑՊ-ի (ГЦП՝ генератор цветных полос) գունավոր նշանն էր ծանոթ, ու նա շատ ուրախացավ, երբ հասավ էքսկուրսիայի այդ մասին։ Ճիշտ է, Նիկոլը կարծես ինտուիտիվ զգում էր, որ իրեն խաբում են։ Օրինակ, երբ Մարգարիտա Գրիգորյանն ասաց, որ Հ1-ի արխիվում պահպանվում են բոլոր նյութերը, այն պահից սկսած, երբ տեսաձայնագրումը տեխնիկապես հնարավոր է դարձել, Փաշինյանը մի քանի անգամ հարցրեց, թե իրո՞ք ամեն ինչ պահպանվել է։ Ու Մարգոն կրկնեց սուտը։ 

Իրականում Հանրայինի արխիվներն այնքան էլ բարենպաստ վիճակում չեն: Դրանց մի մասը վերացել է ցրտի, խոնավության, շենքային վատ պայմաններում: ՀՀՇ-ի իշխանության առաջին տարիներին, երբ Ազգային հեռուստաընկերության ղեկավարը հանգուցյալ Սամվել Գեւորգյանն էր, միակ հայկական հեռուստաընկերության վավերագրական ֆիլմերի ու հաղորդումների, «Լրաբեր» ինֆորմացիոն ծրագրի արխիվները, որոնք մեծ պատմական արժեք ունեն ու ցանկացած հեռուստաընկերության ոսկե ֆոնդն ու պարծանքն են, անխնա ոչնչացվում էին։ Այդ ժապավենների վրա ամերիկյան «բոյեւիկներ» էին գրում։ Հայաստանի հեռուստաընկերությունն ուներ թանկարժեք արխիվ, որտեղ պահում էին Խորհրդային Միությունում նկարահանված շատ տեսանյութեր։

 Արդեն 90-ականների վերջին, երբ դրա մեծ մասը ոչնչացված էր, Լենինգրադից եկավ ստեղծագործական խումբ եւ խնդրեց տրամադրել Դավիթ Օյստրախի համերգը, որն արխիվացված էր հայկական հեռուստաընկերության արխիվում։ Համերգի ժապավենն այն ժամանակվա ղեկավարությունը երկար փնտրեց ու չգտավ։ Այն ոչնչացրել էին որպես խորհրդային քարոզչություն։ Տուփերը, որոնց մեջ պահվում էին խորհրդային ժապավենները, գունավոր մետաղներից էին։ Դրանք Սամվել Գեւորգյանի ժամանակ թալանվեցին ու վաճառվեցին որպես ջարդոն։ 

Հ1-ի տնօրինուհու՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված մյուս սուտն էլ այն էր, որ ոչ մի հեռուստաընկերություն, «վստահաբար», ինչպես ասում է Մարգարիտա Գրիգորյանը՝ ցույց տալով Փաշինյանին ձայնագրման ստուդիան, չունի ֆիլմերի «դուբլյաժ»՝ թարգմանություն, եւ միայն Հանրային հեռուստաընկերությունն է դա անում։ Նախ, Մարգարիտա Գրիգորյանը շփոթում է «դուբլյաժն» ու տոնավորումը, այսինքն՝ նկարահանման հրապարակներում գրված երկխոսությունների կրկնօրինակումը ձայնագրման ստուդիայում։ «Դուբլյաժը» շատ ավելի բարդ տեխնոլոգիա է, որը կատարվում է օտար լեզվով ֆիլմերը կինոպրոկատ հանելու, դահլիճներում ցուցադրելու համար։ 

Մասնավոր հեռուստաընկերություններից տոնավորում կատարում էր Հ2 հեռուստաընկերությունը։ Օրինակ՝ հայտնի «Սպունգ բոբ» մուլտը Հ2-ի թարգմանածն է։ Ներկայում այնտեղ կրկնօրինակումներ չեն արվում։ Բայց ֆիլմերի թարգմանությամբ զբաղվում է «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը։ Վերջինիս գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը  հաստատեց․ «Այո, մենք ե՛ւ ֆիլմերի թարգմանություններ ենք անում, ե՛ւ լուսագրեր են տեղադրում այն դեպքում, եթե խաղում են հանրահայտ դերասաններ, որպեսզի մարդկանց չզրկենք այդ դերասանի խաղը վայելելու հաճույքից։  Ֆիլմն ամբողջությամբ թարգմանվում է հայերեն, հետո սուբտիտրեր են դրվում»։ 

Եվ վերջապես՝ վարչապետի «հեռուստատեսային» այցից մի դետալ, որը ոչ թե ստերի, այլ «խիստ բարոյական» արարքների շարքից է։ Մարգարիտա Գրիգորյանն ասում է, որ Ռոբերտ Մավիսակալյանի որդին իր արխիվից ֆիլմեր է նվիրել Հանրայինին։ Որդուն կարելի է հասկանալ․ նա իր հոր հիշատակը միշտ բարձր է պահում, բայց Մարգարիտային հասկանալ դժվար է․ ինչո՞ւ Ռոբերտ Մավիսակալյանի նկարը չկա Հանրային հեռուստաընկերության պատին՝ ի թիվ այլ հայտնի գործիչների։ Անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում Մավիսակալյանին, Հանրայինի փառքի պատին ներկա լինելու պատիվը Ռոբը վաստակել է։