ԱԺ ընդդիմադիր մանդատը նաեւ իշխանափոխություն անելու մանդատ է

ԱԺ ընդդիմադիր մանդատը նաեւ իշխանափոխություն անելու մանդատ է

Այսօր երկրում ստեղծված վիճակը կարծես թե ձեռք է տալիս երկրի ե՛ւ իշխանություններին, ե՛ւ ընդդիմությանը: Իհարկե, եթե դատելու լինենք լրատվական դաշտում ընդդիմության եւ իշխանության միջեւ ընթացող փոխհրաձգություններից, ապա կարող է ասվածն աբսուրդ թվալ: Բայց երբ հետեւություններ ենք անում իրական փաստերից, ապա այս պնդումն այնքան էլ աբսուրդին նմանվող պնդում չես համարի:

Տեսեք․ անկախ «նոր Հայաստան» կառուցելու իշխանական բարբաջանքներից, իրականում երկրի տնտեսության մեջ ոչ մի էական փոփոխություն էլ չի եղել: Երկրի տնտեսությունը, ինչպես երեկ, այսօր էլ շարունակում է վաշխառուական կապիտալին հարմարեցված տնտեսություն լինել: Եվ քանի որ վաշխառուական կանոններով ղեկավարվող ցանկացած տնտեսությունում որեւէ փոփոխություն ավելի շատ ոչ թե պետության արտադրական կարողությունների մեծացմանը, այլ առանձին վերցրած մի բանկի, առեւտրային մի ընկերության կամ, լավագույն դեպքում, տնտեսության մեկ ոլորտին վերաբերող փոփոխություն է լինում, ուրեմն հասկանալի է, որ պետության արտադրական կարողությունների մեծացումն ապահովող փոփոխությունները պետք է վաշխառուական կանոններով ղեկավարվող տնտեսությունից դուրս փնտրել: Պետք է այդ տնտեսությունից դուրս փնտրել, որովհետեւ այդպիսի փոփոխությունները, սովորաբար, կարգուկանոն սիրող, տնտեսության մեջ պետության լայն ընդգրկվածությամբ եւ դերակատարմամբ տնտեսություններին բնորոշ փոփոխություններ են լինում: 

Իհարկե, պետք է այդպես անեին, բայց, ցավոք, այդպես չեն արել: Իսկ այդպես չեն արել, որովհետեւ այս երկրի տնտեսությունում վաղուց արդեն ամենակարեւոր կանոնն «իշխանությունների հետ սերտաճած լինելու» կանոնն են դարձրել: Իսկ դա արդեն նշանակում է, որ եթե այսօրվա իշխանությունների համար երկրի տնտեսությունում ստեղծված անկառավարելիության մեջ գայթակղողը բանկային համակարգին կամ բիզնեսի այլ ոլորտներին սերտաճելու հնարավորությունն է, ապա այդ անկառավարելիության մեջ «տիտղոսակիր ընդդիմության» գայթակղությունները դրանց՝ արդեն իսկ իրենց սերտաճված լինելու հանգամանքով են պայմանավորված:

Չէ, իհարկե, այնպես էլ չէ, որ այսօրվա Հայաստանի ընդդիմության եւ իշխանության միջեւ հակասություններ չկան: Դրանք կան եւ ամենեւին էլ արհեստական հակասություններ չեն: Սակայն խնդիրն այն է, որ իրար հետ հակամարտող այդ կողմերը եթե իրար չեն սիրում, իրար չեն ընդունում, ապա ավելի շատ չեն սիրում եւ չեն ընդունում ոչ թե երկիրը լավ կամ վատ կառավարելու, այլ հարստացման գործում իրար խանգարելու՝ իրարից խլելու համար: Իսկ որ իրար խանգարելու, իրարից խլելու բան ունեն, պարզից էլ պարզ է:
Եվս մեկ հանգամանք, որին կուզեի անպայման անդրադառնալ: Խոսքը «տիտղոսակիր ընդդիմության» գործելակերպին է վերաբերում: 

Տեսեք․ երկրի ընդդիմության մեջ կա մի հատված, որը չի հոգնում՝ «իրենց մերժելու եւ Նիկոլին իշխանության բերելու» համար ժողովրդին մեղադրելու: Գուցե իրոք ժողովուրդն իրենց «հանիրավի է մերժել», գուցե սխալվել է, որ «Նիկոլին է իշխանության բերել», մենք դա չգիտենք: Բայց փոխարենը մեկ այլ բան հաստատ գիտենք:

Գիտենք ու համոզված ենք, որ եթե ժողովուրդը սխալվել է, ապա նա կարող է սխալվել: Կարող է, որովհետեւ ինքը ժողովուրդ է: Ժողովուրդ՝ իր բազմաշերտ շահերով ու այդ շահերով ղեկավարվելու իր բազմաթիվ պատճառներով: Իսկ, այն շրջանակները, որոնք առնվազն 20-25 տարի այս երկրի համար պատասխանատվություն են կրել, այ, նրանք է, որ սխալվելու իրավունք չունեին: Չունեին, բայց սխալվել են: Չունեին, բայց բերել են: 

Այսօրվա Հայաստանի տիտղոսակիր ընդդիմության մեջ մի շրջանակ էլ կա, որը «հարթակն ազատ է, բա մեզնից դժգոհողներն ինչո՞ւ ոչինչ չեն անում», կամ՝ «այսօրվա ժողովրդի հետ մեզնից ավելի շատ անող չի լինի» եւ այսպիսի այլ բազմաթիվ ձեւակերպումներով, չգիտես՝ իրե՞ն է փորձում արդարացնել, թե՞ ժողովրդին է հաթաթա տալիս: 
Այո, պարոնայք, այսօրվա Հայաստանում, իրոք որ, ձեզնից շատ ոչ ոք չի անի: Բայց չեն անի ոչ թե այն պատճառով, որ այս երկրում այդ «շատ անողները» չկան, այլ այն, որ Դուք եք երկրի «տիտղոսակիր ընդդիմություն» դարձել: Դարձել եք ու չեք հասկանում, որ խորհրդարանական ընդդիմադիր մանդատները, բացի ընդդիմադիր մանդատներ լինելուց, նաեւ իշխանափոխություն անելու մանդատներ են: Եվ այնքան ժամանակ, քանի դեռ դուք, որպես «տիտղոսակիր ընդդիմություն», այդքանը չեք հասկանա, քանի դեռ դուք, որպես «տիտղոսակիր ընդդիմություն», չեք ղեկավարվի այդ սկզբունքով, ճիշտ այդքան ժամանակ էլ դուք ոչ թե երկիրը, այլ անգամ ձեզ փոխող ընդդիմություն չեք դառնա:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ