Որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում են արվելու պատվաստումները

Որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում են արվելու պատվաստումները

Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ կիրակի օրը 24 000 դեղաչափ «Աստրազենեկա» պատվաստանյութ է մտել Հայաստան։ Որտե՞ղ, ի՞նչ պայմաններում են արվելու պատվաստումները, արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են ունենալ պատվաստանյութերում ընտրություն կատարելու հնարավորություն, հնարավո՞ր է, որ պատվաստումները լինեն նաև վճարովի, օրինակ, մասնավոր ԲԿ-ներում։ 

«Հրապարակը» զրուցել է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի հետ։ Ինչու՞, այնուամենայնիվ, ԱՆ-ն կանգ առավ «Աստրազենեկայի» վրա։  

Գայանե Սահակյան․ «Տեղյակ եք, որ դեռ անցած տարի միացել էինք սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներին կովիդի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու հարցում աջակցող Covak նախաձեռնությանը։ Եվ այդ նախաձեռնության շրջանակներում մեզ առաջինն առաջարկվեց «Պֆայզեր» ամերիկյան-գերմանական արտադրության պատվաստանյութը, բայց քանի որ չունենք բավարար սառցարանային պայմաններ, որոնք կունենան -70, -80, մենք այդ պայմանները չէինք կարող բավարարել, որովհետև մեր ողջ հանրապետությունում ամբուլատոր պոլիկլինիկական համակարգը միայն ավանդական՝ -20 պայմաններ են, այդ իսկ պատճառով հրաժարվեցինք «Պֆայզերից»։ Հաջորդ պատվաստանյութը, որ երկրին առաջարկվեց, «Աստրազենեկան» էր, որը ջերմային նման խիստ պահանջներ չունի․ -2-ից - 8 աստիճան։ Բայցի այդ, այն չունի կիրառման հատուկ հմտություններ, որոնք «Պֆայզերի» դեպքում պետք են։ Հատուկ ներարկիչներ, որոնք 0․3 մլգ պատվաստանյութ կարող են ներարկել։ Իսկ «Աստրազենեկան» մեր սովորական ներարկիչներով ու միջմկանային ներարկում է, որի ներարկման հմտությունները բոլորն ունեն»։

Գայանե Սահակյանի խոսքով, թեպետ առաջին խմբաքանակը արվում  է այս պատվաստանյութով, այնուամենայնիվ, չի նշանակում, որ Covak-ի շրջանակներում Հայաստանում կլինի միայն «Աստրազենեկա» պատվաստանյութը։ «Պարբերաբար հարթակը բանակցություններ է վարում պատվաստանյութ արտադրող բոլոր երկրների հետ, առաջիկայում «Jhonson and Jhonson»-ի հետ նախատեսվում է պայմանագիր, նշանակում է՝ «Նովավաքս»-ը նորից կառաջարկվի մեզ։ Բոլոր ընկերությունների հետ, որ բանակցում են, համահավասար դոզաները բաշխվում են երկրների մեջ, որոնք էդ հարթակից օգտվելու իրավունք ունեն»,-ասաց նա։  

Այնուամենայնիվ, առաջին փուլում եկող 24 000 պատվաստանյութը նախատեսվում է միայն ռիսկի խմբերի համար՝ որպես պետության կողմից երաշխավորված անվճար ծառայություն՝«Աստրազենեկայով»։ Ռիսկի խմբերում ու անգամ բուժաշխատողերի շրջանում, որոնք համարվում են թիվ 1-ը ռիսկի խմբում, պատվաստումներն արվելու են կամավորության հիմունքներով։  
Իսկ մեր հայրենակից Նուբար Աֆյանի ստեղծած «Մոդեռնան» և մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի «Սպուտնիկը», որով առաջինը Հայաստանում պատվաստվել էր առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը և մոտ 600 բուժաշխատող։ Արդյոք լա՞վ ուղերձ է, որ նախարարը մի պատվաստանյութով է պատվաստվում, մյուսները՝ ուրիշ։ Պատասխանը, որ ԱՆ-ն պետպատվերի շրջանակներում կբերի նաև «Սպուտնիկ», բանակցություններն արդեն ավարտական փուլում են, խոսում են ներկրման ժամկետների մասին։ Ինչ վերաբերում է «Մոդեռնային», այն ԱՆ-ն պետպատերով չի բերի, քանի որ թանկ է։  

ԱՆ-ում նաև տեղյակ են, որ մասնավոր կազմակերպություններն էլ են շահագրգռված ռուսական արտադրության պատվաստանյութեր, ինչպես նաև «Աստրազենեկա» բերելու և առաջարկելու հարցում։ Սա, վստահեցնում է Գայանե Սահակյանը, կլինի ժամանակի ընթացքում, ինչպես եղավ կորոնավիրուսի թեստերի պարագայում։ Եթե լինի պահանջարկ, ապա մասնավոր ԲԿ-ների կողմից կառաջարկվի նաև «Մոդեռնա», որն ամենաթանկն է։ Եվ, հետևաբար, քաղաքացին կունենա պատվաստանյութերում ընտրություն կատարելու հնարավորություն։  

Այս թեմայով մեր հոդվածներից մեկում գրել էինք, որ «Աստրազենեկան» ամենաէժանն է բոլոր պատվաստանյութերի մեջ։ Եթե մեր հայրենակից Նուբար Աֆյանի ղեկավարությամբ ստեղծված «Մոդեռնան» մոտ 70 դոլար է՝ 2 չափաբաժնի համար, «Պֆայզերը»՝ մոտ 30, «Սպուտնիկ V»-ն՝ մոտ 34, ապա «Աստրազենեկա»-ն՝ 5։ Գուցե պատճառը, այնուամենայնիվ, գի՞նն է, ոչ պահման պայմանները․ Գայանե Սահակյանն ասում է, որ սխալ է այսպես ասելը, քանի որ դրանք միջազգային շուկայում առաջարկվող համաշխարհային գներ են։ «Բայց մենք պատվաստանյութը ձեռք ենք բերել մի հարթակից, որը միանգամից 170 միլիոն դեղաչափ ձեռք է բերել մի քանի երկրի համար։ Այսինքն՝ եթե Հայաստանը` ինքը, անմիջական բանակցություններ վարեր, առաջարկվող դեղաչափի գինը 20 դոլարից հաստատ ցածր չէր լինի։ Որովհետև փոքր քանակությունն այլ գնով է ձեռք բերվում, մեծը՝ այլ։ Դրա համար, Kovac-ի շրջանակներում 1 դեղաչափը 4 դոլար է` արտադրողից վերցնելու համար, և 2 դեղաչափը դառնում է 10։ Եվ «Մոդեռնան» եթե համաձայներ տալ այդ հարթակին, միանշանակ 70 դոլարով չէր լինի։ Եթե նույն «Սպուտնիկը» համաձայներ տալ, նույն՝ «Աստրազենեկայի» գինն էր լինելու։

Էստեղ քանակներից ու հարթակը նախատեսված է մատչելիություն ապահովելու համար, բայց դա չի նշանակում, որ էստեղ էժան վակցինայի հարց է։ Շուկայում «Աստրազենեկան» 25-ով մեզ լիքը առաջարկել են, երբ սկզբից մենք էինք վարում բանակցությունները»,-ասաց Գայանե Սահակյանը։

Բայց չէ՞ որ «Աստրազենեկան» ժամանակավորապես արգելված է եվրոպական 17 երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում՝ թրոմբոզների բարձր ռիսկայնության կասկածով։ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալն ի պատասխան ասաց․ «Ոչ, ինքը վերսկսեց, հենց մարտի 18-ին ԱՀԿ հայտարարությունից հետո իրենք վերսկսեցին։ Այս պահին եվրոպական բոլոր երկրները որոշում են կայացրել վերսկսել։ Իրենք մի պահ ժամանակավոր էին դադարեցրել, երբ պարզեցին, որ թրոմբոէմբոլիաների միջև պատճառահետևանքային կապ չկա, և 20 միլիոն մարդկանց պատվաստումների ֆոնին գրանցված 18 դեպքը և 7-ը ուղեղի անոթների բարդությունների սովորական ռիսկային շեմը չեն գերազանցել»։

Այնուամենայնիվ, մարտի 16-ի դրությամբ նորից կարդում ենք ռուսաստանյան «Եվրոպական ճշմարտություն» պարբերականում, «Դոյչե Վելլեի» հղմամբ, որ Գերմանիայում կորոնավիրուսային իրավիճակի ու պատվաստման գործընթացի թիվ մեկ պատասխանատուն՝ Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտը, կրկին վերահաստատել է իր ավելի վաղ արված խորհրդատվությունը, որ անհրաժեշտ է դադարեցնել «Աստրազենեկայի» պատվաստումները, քանի որ այս պատվաստանյութի ներարկման հետ են համընկել կենտրոնական զարկերակների թրոմբոզից մահվան 7 դեպքերից 3-ը։

Հիշեցնենք, որ Վրաստանում էլ մահացել էր 28-ամյա բուժքույր` «Աստրազենեկա»-ով պատվաստվելուց րոպեներ անց։ Գայանե Սահակյանն ի պատասխան նշեց, որ վրացի բուժաշխատողի մահվան պատճառը անաֆիլակտիկ շոկն է, որը կարող է լինել ամենատարբեր դեղամիջոցներից։ ««Պֆայզերից» չե՞ք հիշում՝ որքան մահեր եղան, միայն 23 մահ Նորվեգիան հրապարակեց, որ մահացել են։ Բայց դա նաև հերքվեց, չէ՞»։Գայանե Սահակյանն ասում է, որ անաֆիլակսիան կառավարելի վիճակ է, մանավանդ, որ առաջին 30 րոպեն անձը, ով ստացել է պատվաստում, պետք է անցկացնի բժշկի մոտ։ 

Իսկ ինչո՞ւ են ԱՆ-ում վստահ, որ պոլիկլինիկաները կարողանալու են վերահսկել թե՛ անաֆիլակտիկ վիճակները, թե՛ այլ բարդացումներ։ «Բոլոր դեպքերում մենք ունենք հստակ ցուցումներ՝ որոնք են հակացուցումները, որի դեպքում պետք է հաշվի առնվեն։ Շատ մանրամասն մշակվել է Check up, ցանկ, վիճակների հայտնաբերման, հարցումների միջոցով։ Առնվազն 4 թերթանի հարցում է, որովհետև, նորից եմ ասում՝ գործ ունենք ռիսկի խմբերի հետ։ Դրա համար բուժաշխատողի կողմից այդ հարցերը պետք է տրվեն, և եթե ինչ-որ մի բան լինի, դա տվյալ պահին կհամարվի հակացուցում, մինչև որ տվյալ հետազոտությունը չանցնի»,-ասաց Գայանե Սահակյանը։

Կան նաև հստակ հակացուցումեր, դրանք են՝ եթե առաջին դեղաչափից հետո ներարկվողն ունենում է ալերգիկ ռեակցիա, երկրորդը չի ստանում, եթե առաջին դեղաչափից առաջանում է անաֆիլակսիա, ապա երկրորդը չի ստանում։ Նաև խոսքը վերաբերում է ցանկացած սուր վիճակներին՝ տաքություն, հիվանդագին վիճակ, մինչև առողջական վիճակը գնահատվի նորմալ։

ՀԳ․ «Մոսկվա 24»-ը հաղորդում է, որ «Աստրազենեկա»-ի կողմից բարդությունների առաջացման մասին տեղեկատվության պատճառով ««Աստրազենեկան» որոշել են վերանվանել «Vaxzevria»։