Շատ ամոթ էր, որ այս հարցը քաղաքականացրին

Շատ ամոթ էր, որ այս հարցը քաղաքականացրին

Մոտ երկու շաբաթ առաջ ԿԳՄՍ նախարարի հրամանով Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնում նշանակվեց Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը։ Այս նշանակումը համացանցում աղմուկ առաջացրեց, քանի որ հանրության մի մեծ զանգված աջակցում էր թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանին ու դեմ էր նրան տնօրենի պաշտոնից ազատելու նախարարության որոշմանը (ի դեպ, վերջինս դիմել է դատարան` տնօրենի պաշտոնում վերականգնվելու համար): Բացի այդ, շատերի կարծիքով, արցախցի Լուսինե Ղարախանյանը չպետք է Հայաստանի իշխանություններից վերցներ այդ պաշտոնը եւ հրապարակավ շնորհակալություն հայտներ դրա համար։

Մեզ հետ զրույցում Լ․ Ղարախանյանը նշեց, որ թանգարանի կոլեկտիվը շատ լավ է իրեն ընդունել, ու հիմա աշխատում են տարեկան աշխատանքային պլանի վրա․ «Առաջնահերթ պատրաստվում ենք փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան 155-ամյակին, ինչի կապակցությամբ շատ հետաքրքիր ծրագիր է լինելու․ սկսելու ենք թանգարանի գլխավոր մասնաշենքից, ավարտելու ենք Հրանտ Մաթեւսյան մշակութային կենտրոնում»։

Նորանշանակ տնօրենը նշում է, որ թանգարանի շինարարությունն իրենց չի խանգարի, քանի որ, նախ, շինարարությունը շենքի հետեւի մասում է, եւ հետո՝ շենքի մատույցներում՝ աստիճանների վրա են միջոցառումն իրականացնելու․ «Այդ օրը շատ հագեցած է լինելու, քանի որ նաեւ Թումանյանի 5-րդ հատորի շնորհանդեսն է լինելու, հետո ցուցադրության բացումը կանենք, Ռոտոնդա թատերախմբի ելույթը կլինի, Մաթեւոսյանի ու Թումանյանի դպրոցի աշակերտները կշնորհավորեն, ու այդպես ամբողջ տարի մենք Թումանյան կքարոզենք տարբեր ձեւերով։ Նաեւ ծրագրեր ենք մշակում, որտեղ Արցախի բարբառով Թումանյանի հեքիաթներն ենք պատմելու, անիմացիոն մուլտֆիլմեր ենք նկարելու, որտեղ արցախյան բարբառով երեխաները դարձյալ Թումանյան կպատմեն»։

Ինչ վերաբերում է իրեն ուղղված քննադատություններին, ապա չի արձագանքել ոչ մեկին, քանի որ դրանք անառողջ մեսիջներ են․ «Եթե առողջ լինեին, կարելի էր արձագանքել, բայց անառողջ մեսիջներին պետք չէ ուշադրություն դարձնել, դա ավելի շատ դիտավորություն է, ես այդպես եմ ընկալել, դրա համար չեմ արձագանքել»։ Այն, որ հենց արցախցիներն էին քննադատում իրեն, որ ընդունել է Արցախը հանձնած ՀՀ իշխանությունների առաջարկը, Լ․ Ղարախանյանը նկատում է․ «Արցախցիների այն մասը, որոնց հետ ես կապ ունեի, առնչվել եմ, ու որոնք ինձ հետ աշխատել են, բոլորն էլ նորմալ են ընդունել դա, մարդուն աշխատանք են տվել, ես էլ աշխատում եմ, այստեղ որեւէ տարօրինակ, արտառոց բան չկա։ Հետո՝ 3-4 արցախցի էր արձագանքել, այն էլ մեկը Հայաստանից էր՝ Սոֆյա Հովսեփյանը, որ թեման գեներացրեց, թե չէ ուրիշ ոչ մի արցախցի հանդես չի եկել դրա դեմ, որովհետեւ գիտեն, որ սա կրթական-մշակութային գործունեություն է եւ ազգանպաստ գործունեություն, Թումանյանն էլ մեր արժեհամակարգի կարեւոր դեմքերից է, ու շատ ամոթ էր, որ այս հարցը քաղաքականացրին»։

Տարբեր զրույցներում արցախցիները բարձրաձայնում են այն խնդրի մասին, որ պետական այս կամ այն օղակներում իրենց չեն ընդունում աշխատանքի՝ պատճառաբանելով, թե իրենց անձնագրերում առկա է 070 կոդը, իր դեպքում ինչպե՞ս է մեկնաբանում այդ հանգամանքը, ստացվե՞լ է շրջանցել այդ կետը։ «Չեմ կարող մեկնաբանություն տալ այդ հարցի կապակցությամբ, քանի որ ոչ կոմպետենտ եմ»։ Իսկ հետագայում կկարողանա՞ մասնակցել տնօրենի մրցույթին։ «Մրցույթին մասնակցելու եմ, ով կհաղթի, նա էլ կանցնի։ Ես չեմ ասում, որ ես եմ անցնելու, կամ ինձ ասել են՝ դու պետք է լինես։ Ոչ, ուղղակի որպես ժամանակավոր պաշտոնակատար՝ ինձ առաջարկել են այս գործը»։

Նախկին տնօրենը շնորհավորե՞լ է իրեն, թանգարանի կոլեկտիվը նրա հեռանալուց հետո էլ աջակցում էր նրան։ «Մենք իրար հետ արդեն խոսել ենք, ես եմ զանգել իրեն, ասել, որ շատ լավ կոլեկտիվ ունեք, հուսով եմ՝ կհամագործակցենք իրար հետ։ Ինքն էլ շատ դրական, ջերմ մարդ է, այսօր էլ անձամբ եմ հանդիպել, որեւէ խնդիր իր հետ չեմ կարող ունենալ, կոմունիկացիաները պետք է միշտ առողջ լինեն, չի կարելի անառողջ կոմունիկացիաներ ստեղծել, պետք է հարգել բոլորի կատարած աշխատանքը, եւ իրականում շատ լավ աշխատանք է արվել բոլոր տնօրենների ժամանակ։ Ինչ վերաբերում է շնորհավորանքներին, ես չեմ սպասում ոչ մի շնորհավորանքի, Արցախի կորստից հետո դրանք ինձ համար շատ մանր հարցեր են»։