Պարոն Մանուկյանի հետ չեմ կարող մրցել՝ աշխարհացունց մտքեր արտահայտելու իմաստով

Պարոն Մանուկյանի հետ չեմ կարող մրցել՝ աշխարհացունց մտքեր արտահայտելու իմաստով

Հարցազրույց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանի հետ։ 

-Դուք Ձեր էջում գրառում էիք կատարել , որ «Հայաստան» խմբակցությունն արգելափակել է Ձեր մասնակցությունը վերջերս կայացած խորհրդարանական լսումներին՝ կապված «Հայաքվե» նախաձեռնության հետ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

- Ես հանդիսանում եմ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության նախաձեռնող խմբի հիմնադիր 66 անդամներից մեկը։ Բացի այդ «Հայաքվե»-ի ողջ շրջանում անմիջական և ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերել նախաձեռնության հատկապես քարոզչական աշխատանքներին։ Իմ լուսանկարով քարոզչական պաստառներ են փակցվել հանրային տարբեր վայրերում։ Ես մասնակցություն եմ ունեցել «Հայաքվեի» կազմակերպական հարցերին վերաբերող գրեթե բոլոր լայն քննարկումներում։ Ավելին, նախաձեռնության այս փուլում ԱԺ-ում խորհրդարանական լսումներ անցկացնելու անհրաժեշտության մասին առաջարկությունը հնչեցվել է իմ կողմից։ Երբ որոշում է կայացվել կազմակերպել խորհրդարանական լսումներ, ես նախապես համաձայնություն եմ տվել դրան ոչ միայն մասնակցելու, այլև ելույթով հանդես գալու համար։ Հետագայում, լսումներից մեկ օր առաջ, ինձ հայտնում են, որ իմ անունը ջնջվել է նախապես ներկայացված հրավիրվածների ցուցակներից և այդ որոշումը կայացվել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունում։ Ավելի ուշ, ես կարողացա մասնավոր քննարկումների արդյունքում պարզել, որ այդ որոշումը «Հայաստան» խմբակցության անունից կայացրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Իմ նախաձեռնությամբ, փորձել եմ հասկանալ, թե որն է եղել նման որոշման պատճառը, ինչին ի պատասխան ստացել եմ այն բացատրությունը, ինչը պարոն Մանուկյանը հետագայում ներկայացրել է նաև մամուլում․ այն է, որ նախապես հրավիրվածների ավելի մեծ թիվ է ներկայացված եղել, քան դահլիճի ֆիզիկական հնարավորություններն են, ինչը ստիպել է կրճատել հրավիրվածների ցանկը, որում եղել է նաև իմ անունը։ Այդ բացատրությունը կարող էր հիմնավոր լինել մինչ այն պահը, երբ լսումների մեկնարկի պահին ակնհայտ դարձավ, որ դահլիճում ազատ են մի քանի տասնյակ տեղեր, եթե չասենք, որ լսումներն անցել են կիսով չափ դատարկ դահլիճում։ Այսինքն, կամ այդ պատճառաբանությունը տեղին չէ, կամ էլ լսումները կազմակերպվել են չափազանց ցածր մակարդակով՝ «Հայաքվե»-ին միացած 58․000 քաղաքացիներից չկարողանալով ապահովել 140-ի լիարժեք մասնակցությունը լսումներին։ Իմ պարագայում ես այլևս հակված եմ մտածելու, որ պատճառներն այլ են, քան կազմակերպականը։

- Որո՞նք են։

- Բացի դրանից, որ ես «Հայաքվե»-ի հիմնադրման նախաձեռնող խմբի անդամներից մեկն եմ, ես նաև այս տարի մարտ ամսին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ որոշմամբ առաջադրվել եմ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։ Կարծում եմ այդ կարգավիճակում Ազգային ժողովում իմ ելույթներն են պատճառ հանդիսացել, որ ԱԺ ՔՊ-ական ղեկավարությունն այլևս թույլ չտա որևէ կարգավիճակում իմ մուտքն Ազգային ժողով։ Ենթադրում եմ, որ տվյալ դեպքում ԱԺ ղեկավարության կողմից հստակ պահանջ է դրվել «Հայաստան» խմբակցության առջև՝ թույլ չտալու ոչ միայն իմ մուտքը խորհրդարան, այլև ելույթը ԱԺ ամբիոնից (հիշեցնեմ, որ ես նախապես հայտնել էի ելույթ ունենալու պատրաստակամության մասին)։ Հաշվի առնելով, որ վեջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գոհունակությամբ էր նշում խորհրդարանական ընդդիմության հետ իրենց համերաշխության և կառուցողական հարաբերությունների մասին, հավանաբար, չեն ցանկացել ադրբեջանա-թուրքական հեղափոխության մասին իմ ենթադրյալ հիշատակումներով փչացնել իրենց «համերաշխություն»-ն ու «կառուցողականություն»-ն, որն արտահայտվում է նաև համատեղ գործուղումներով և բազմաթիվ այլ դրսևորումներով, որոնց վերաբերյալ միակ որոշումը կայացնողը ԱԺ նախագահն է։ Կոնկրետ իմ հանդեպ մեր ընդդիմադիր գործընկերների նման վերաբերմունքի պատճառ կարող է լինել նաև այն, որ ես 2022 թվականի օգոստոսի 23-ից բոլոր հնարավոր առիթներով բարձրաձայնում եմ Ազգային ժողովի կողմից Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու անհրաժեշտության մասին, ինչը հետևողականորեն չի իրականացվում առաջին հերթին ընդդիմադիր պատգամավորների կողմից։ Նիկոլ Փաշինյանին փաստացի վստահություն հայտնելու մասին իմ բարձրաձայնումները նույնպես, կարծում եմ, հաճելի չի լսել մեր պատգամավորներին, առավել ևս եթե ռիսկեր կան, որ դա կարող է հնչել ԱԺ ամբիոնից։

- ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասել էր․ «․․․ չեմ կարծում՝ Էդգար Ղազարյանն աշխարհացունց ինչ-որ հայտարարություններ աներ, որը ցանկանային կամ չցանկանայինք ԱԺ-ում հնչեցնել․․․»։ Պատրաստվում էիք որևէ աշխարհացունց հայտարարությո՞ւն անել։

- Ես չեմ կարծում, որ մինչ օրս ես որևէ աշխարհացունց հայտարարություն եմ արել կամ պետք է անեի հենց այդ օրը։ Այդ իմաստով ես չեմ կարող որևէ կերպ մրցակցել պարոն Մանուկյանի հետ՝ աշխարհացունց հայտարարություններ և մտքեր արտահայտելու կարողությունների իմաստով։ Ինձ համար ակնհայտ է մի բան, որ կամ ԱԺ ղեկավարության պահանջով, կամ էլ սեփական քաղաքական անգործությունը անհաջող «քողարկելու» ներքին մտադրությամբ է կայացվել կոնկրետ ինձ վերաբերող այդ սուբյեկտիվ որոշումը, ինչը երկու դեպքերից որևէ մեկի պարագայում լավ բանի մասին չի վկայում։ Չեմ կարծում, որ իմ մասնակցությունը կարող էր փոխել լսումների ընթացքը, ոչ էլ կարծում եմ, որ դրանց իմ բացակայությունը շատ էական ազդեցություն է ունեցել, սակայն նման դրվագներն ի ցույց են դնում ավելի կարևոր և խորքային պրոբլեմներ՝ սեփական սխալների մասին իսկապես կառուցողական քննադատության հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքի մասին։ Փաստորեն, մեր խորհրդարանական ընդդիմությանը այդպես էլ չի հաջողվում վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ինչն իրենց՝ այնտեղ գտնվելու հիմնական առաքելությունն էր, սակայն հաջողվեց ինձ հեռացնել Ազգային ժողովից։ Եթե դա շատ մեծ հաջողություն է, ապա կարելի է միայն շնորհավորել ու անցնել առաջ։